ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Գլխացա՜ւ, սաստիկ գլխացաւ… Աչքս բացում եմ ու նայում շուրջս: Ա՛չքս, աչքերս չէ…
Շո՜գ է, անժամանակ շոգ: Շոգը լաւ է, բայց կարծես ընկերոջս երէկ հրամցրած հիասքանչ վիսկին այս եղանակի հետ համահունչ չէ, դրա համար է գլուխս պայթում: Միւս աչքդ բաց արա ու վեր կաց, գուցէ մի բան փոխուի՞: Փոխւում է:
Գլխացաւը կամաց կամաց նահանջում է կէս բաժակ քաղցր թէյի ու առատ կիտրոնի ներմուծման արդիւնքում: Դուրս՝ հեծանուազբօսանքի: Հազար տարեկան մարդ ես դեռ հեծանիւ ես քշում, կարդում եմ հարեւանիս հայեացքը: Ժպտում եմ, ուսերս թօթւում ու անսպասելի արձագանքում, «…ի՞նչ արած, ես էլ էսպէս եմ խելքս թռցնում մէկ մէկէ: Հարեւանս անակնկալի է գալիս, «բան չասեցի…», ու շարունակում է խոտերը ջրել:
Հեծանիւս ինձ առաջնորդում է դէպի Victory պողոտայ: Անտուն մարդկանց թիւը տասնապատկուել է այս հատուածում: Ինձ տարեկից մի տղայ (տղայ եմ ասում, քանի որ իմ ջինսից է հագել ու AC/DC շապիկով է) դանդաղ քայլերով փողոցն անցնելիս ճանապարհի կէսին կանգ է առնում, ինչ որ բան է յիշում ու վերադառնում է:
Ես AC/DC երբեք չեմ սիրել, Def Leppard շապիկով եմ: Փողոցի լոյսը կանաչ է, իսկ տղան դեռ անցման վրայ է կանգնած, արդիւնքում խճողում է ստեղծւում: Մի քանի անհամբեր վարորդներ բարձր ազդանշան են տալիս, մէկը հայհոյում է ամենավերջին բառերով: AC/DC-ն բարի ժպտալով ձեռքը բարձրացնում ու ողջոյն է յղում հայհոյողին: Վերջինս աւելի է կատաղում ու ոտքը դնելով արագացուցիչին մազի ճշգրտութեամբ խոյս է տալիս անտուն AC/DC-ին վրաերթի ենթարկելուց ու անհետանում Victory պողոտայով: AC/DC-ն աչքերը լայն բացած զարմանում է:
«Խելքը թռցրե՞լ է», բացականչում է: Միւս մեքենաներն էլ են արագ կտրում անցնում դէպքի վայրը: AC/DC -ն արդէն իմ կողքին է: «Զգոյշ, բարեկամ, կարող էիր լուրջ վնասուել», դիմում եմ նրան: «Թող լինի ինչ լինելու է», յուսահատ պատասխանը սառեցնում է:
«Հա՞յ ես», հարցնում է ինձ:
Նախկինում էլ եմ հանդիպել անտուն մարդկանց ովքեր հայերէն մի քանի բառ են արտասանել յոյս ունենալով դրամ պոկել անցորդներից, ու ստացուել է:
«Հայ եմ, ի՞նչ իմացար»: «Ե՛ս էլ եմ հայ, մայրս հայ է, հօրս չեմ ճանաչում», ու սպասում եմ որ փող ուզի: Չի ուզում: «Def Leppard ե՞ս լսում», հարցնում է: «Հա, հին ալբոմները շատ եմ սիրում»: «Նորը լաւը չի, չգնես յանկարծ: Իրենց հեչ նման չեն, կարծես մէկը փողը տուել է ու պահանջել, որ երգեր գրեն, բայց չի ստացուել, վա՛տն են երգերը»:
Օհօ՜, Def Leppard-ի նոր ալբոմին էլ է ծանօթ, իսկ ես նոյնիսկ տեղեակ էլ չեմ, որ նորն են թողարկել: «Ո՞ւր ես գնում», հարցնում եմ: «Ուր որ ոտքերս տանեն», ու տարօրինակ, անտարբեր մի տխրութիւն է իջնում առանց այդ էլ տխուր հայեացքին:
«Ի՞նչ կարող եմ անել քեզ համար», զգուշութեամբ եմ ընտրում բառերս, որ յանկարծ իրեն յուսախաբ չանեմ, եթէ խնդրանք/պահանջը շատ մեծ լինի: «Ջուր, ջուր ունե՞ս»:
«Էստեղ սպասիր, հիմա կը բերեմ»: Տնից հեռու չեմ, հեծանիւս ուղղում եմ դղեակիս ուղղութեամբ ու շատ արագ մօտենում եմ դարպասին:
Խոտ կտրողները դարպասի դուռը կռնակի վրայ բաց են թողել ու հեռացել: Պատահական մի ստահակ այս ընթացքում կարող էր ներս մտնել, գողանալ ինչ որ պատահի, քանի որ տան ետնամասի դուռն էլ աղջիկս է բաց թողել: Երկու շշերի մէջ ջուր եմ լցնում: Իսկ եթէ քաղցա՞ծ է, ինքս ինձ մտածում եմ: Հաց ու պանիր, կանաչ պղպեղ, կարմիր լոլիկ, մի քանի հատ ձիթապտուղ եմ դնում թղթէ ափսէի մէջ, խնամքով տեղաւորում եմ տոպրակում. հեծնում եմ նժոյգս: Հարեւանս դեռ դրսում է: «Ի՞նչ եղաւ, ինչո՞ւ էդքան կարճ պտտեցիր»: «Բան էի մոռացել»:
Երբ վերադառնում եմ, AC/DC-ին պայմանաւորուած տեղում չեմ գտնում: Հեռացել է: Մօտակայ այգում տասնեակ վրաններ են խփել անտուն մարդիկ, յոյս ունեմ AC/DC-ին այնտեղ գտնել: Չկայ: Ո՞ւր գնաց այդքան արագ: «Ընկածին քացով պիտի խփես, որ գետին տապալուի», յիշում եմ ընկերներիցս մէկի տասնեակ տարիներ առաջ հնչեցրած թեւաւոր միտքը, որ դաշոյնի պէս սիրտս ծակեց: «Ինչի՞ խփես, որ ի՞նչ լինի»: Չպատասխանեց:
Յետոյ, տարիներ յետոյ ինձ Աստուածաշունչ էր քարոզում: Ուզում էի իրեն յիշեցնել ասածը ու հարցնել, թէ ի՞նչն էր իրեն ստիպել նման արտայայտութիւն անել: Խնայեցի, չհարցրի: Գուցէ փոխե՞լ էր մտածելակերպը, ի՞նչ կարիք կար նրան դառնացնելու:
Ձեռքիս տոպրակը ծանր է հեծանիւի ղեկը միաժամանակ բռնելու համար: Ուտելիքն ու ջուրը թողնում եմ վրաններից մէկի մօտ ու հեռանում:
Երէկ Ուկրաինայից փախստական մի ընտանիքի հանդիպեցի: Մի վերնաշապիկով էին հեռացել, մազապուրծ: Շեշտակի նայեցի անչափահաս աղջկայ աչքերին, ով մօր հետեւում թաքնուած, սարսափահար հայեացքով մէկ աջ էր նայում, մէկ ձախ:
«Կեանքդ կտրականապէս փոխուելու է, հետեւում ես թողել տագնապն ու մահուան սարսափը: Հիմա ուրիշ գիծ է սկսուել կեանքումդ»: «Ինչի՞ց գիտէք», ռուսերէնով ինձ է դիմում ու անմիջապէս կախում է հայեացքը, երեւի թէ զարմանալով իր իսկ յանդգնութեան վրայ: «Գիտեմ, ե՛ս էլ եմ նման փորձութիւնների միջով անցել: Ճիշդ է, արկերի ու գնդակոծութեան տակ չեմ ընկել քեզ պէս, բայց եղել են պահեր, որ համոզուած էի, թէ վերջս ինձ ուր որ է պիտի տապալի: Ինչպէս տեսնում ես, չի տապալել դեռ»:
Աղջկայ աչքերում յոյս եմ նշմարում, աղօ՜տ յոյս: Շարունակում եմ. «Դու չես կարող հիմա պատկերացնել, թէ երկու, չորս տարի յետոյ քեզ ինչ է սպասում: Իսկ ես տեսնում եմ, ես գիտե՛մ»: «Որտեղի՞ց…»:
«Քո նման մի աղջիկ կար մեր դպրոցում, աւելի քան քսան տարի առաջ: Այդ աղջիկը կէս բերան անգլերէն չգիտեր, բայց կարողացաւ յարատեւ աշխատանքի արդիւնքում դպրոցի լաւագոյն աշակերտներից մէկը դառնալ: Դու՛ էլ կարող ես, պարտաւո՛ր ես»:
Ու յիշեցի Սիւզիին: Սիրտս ջերմացաւ երբ իմացայ, որ յաջողութեամբ համալսարան էր ընդունուել, աւարտել, ամուսնացել էր մի լաւ տղայի հետ: Իսկ երբ պատահաբար նրան Երեւանի Օպերայի դահլիճի մօտ տեսայ 2013ին, երբ «միստր Մելիքեաաաա՜ն» գոռալով վազեց, մօտեցաւ ու գրկեց ինձ, պարզապէս հալուեցի: Կապոյտ խոշոր աչքերի փայլը մինչեւ հիմա յիշում եմ: Սիւզի ջան, գիտե՞ս քանի աշակերտի եմ քո օրինակը պատմել, սիրտ տուել նրանց: Որտեղի՞ց իմանաս…
Գլխացաւս անհետ կորել է, կարծես առաւօտեան յարձակման հեղինակը ինքը չէր: AC/DC-ն ի՞նչ եղաւ, ի՞նչ ալիք էր նրան պատեպատ տուել, գցել Victory փողոցի անցման մէջտեղն ու մազ էր մնացել, որ յաւիտեան սրբի տանի երկրագնդի երեսից:
Ապրիլի 24ի կապակցութեամբ ամէն տարի միջոցառում ենք կազմակերպում դպրոցում: Երեխեքի աչքերի կրակը անսպառ է այդ օրերին: Կրակը ուղղորդել է պէտք ճիշդ ձեւով, ճիշդ ուղղութեամբ: Փորձում եմ: Երբեմն ստացւում է, երբեմն էլ… «Աղջիկս, արի կը լինի էդ երգը մի երգիր, ուրիշ բան կը փորձենք», ու մտածում եմ թէ ինչպէ՞ս անեմ, որ այս երեխային (առանց վիրաւորելու) մերժեմ, որ Լ. Յովհաննիսեանի երգերի վրայ պէտք չէ կենտրոնանալ, չի՛ կարելի՜: Յետոյ հարցնում եմ. ««Կիլիլկիա»ն գիտե՞ս, կարո՞ղ ես երգել»: «Կը փորձեմ, բայց…»: «Արի, արի գնանք դաշնամուրի մօտ տեսնեմ ինչպէ՞ս ես երգում»: Մօտենում եմ դաշնամուրին, կասկածը սրտումս, թէ ինչպէ՞ս պիտի նրան ասեմ՝ «Գիտե՞ս, արի դու այս անգամ մի երգի, միւս տարի կը փորձենք»: Առաջին ակորդների հետ՝
Երբոր բացուին դռներն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմէնիոյ…
Ես քարանու՜մ եմ: Աղջկայ ձայնը աստուածայի՜ն է, ինձ տանում է Կիլիկիոյ աշխարհն ու հոգիս թեւածում է լեռներով, կանաչ մարգագետիններով, հասնում Միջերկրականի ափին կառուցուած անառիկ ամրոցներին: «Աղջիկ ջան, դու այսպէս երգել գիտե՞ս, դու՞, դու էս ի՞նչ արեցիր…»
Երեխայի ձայնի մէջ յստակօրէն ընդգծւում է զգացմունքների ծաղկաբոյլը՝ ցաւ, ափսոսանք, տառապանք, կարօ՜տ, ճիշդ այն ինչ իւրաքանչիւր երգահան կ՛երազէր տեսնել իր երգը կատարողի մօտ: Ամօթխած կարմրում է: Հեռաձայնում եմ մայրիկին. «Ձեր դուստրը գտածո՜յ է, անմշակ ադամանդ որին յայտաբերելը երջանկութիւն կը բերի իւրաքանչիւրին: Խնդրում եմ հետեւէք, խրախուսէք նրան ճիշդ երգեր երգել»: Աղջիկը զարմացած է նման արձագանգից: Ես ճախրու՜մ եմ:
«Կիլիկիա»ն հզօր երգ է, ու ճիշդ կատարելու դէպքում այն ցնցող տպաւորութիւն է թողնում: Այս երգը շատ եմ սիրում, շատ եմ լսել, բայց նման կատարմանը առաջին անգամ եմ արժանանում:
Ապրե՜ս աղջիկս, ու հազար ներողութիւն մեծերիս անունից որ չենք նկատում, չե՛նք խրախուսում քո նմաններին: Փոխարէնը ոմանք աղբն են առաջ տանում, աղբն են մատուցում, իսկ խեղճ երեխեքը կարծում են, թէ դա՛ է հայկականը, ու դա՛ է պէտք ընդօրինակել: Ես չգիտեմ, թէ միջոցառումը ինչպիսի յաջողութեամբ կ՛անցնի, բայց այս աղջկայ երգը ցնցելու է հանդիսատեսին՝ հայ, մեքսիկացի, սեւամորթ, հրեայ, չինացի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի եւ միւս աշակերտներին: Չի՛ կարող չցնցել:
«Ապրած երգ է, արեան միջոցով հաղորդուած երգ է», կ՛ասէր ծանօթս:
Ապրիլ ամիսը դաջուած է իւրաքանչիւր հայ մարդու սրտում, եթէ դեռ հայ է մնացել: Մենք պարտաւո՛ր ենք յարատեւելու, այլընտրանք չունենք:
Մենք պարտք ենք միլիոնաւոր անմեղ զոհերի յիշատակին, պարկեշտ, խելացի, համբերատար ձեւով յաղթել յուսահատութեան իւրաքանչիւր դրսեւորում, որ աշխարհին ահա արդէն որերորդ անգամ ապացուցենք, թէ գոյատեւելու մեր իրաւունքը վաստակել ենք:
«Պաթետի՞կ» (սրտառուչ) է հնչում:
Գուցէ, բայց անկեղծ է…