
«Փափ քսուկ»ի հետազօտութիւնը բժիշկներին թոյլ է տալիս կանանց մօտ գնահատել արգանդի պարանոցի քաղցկեղի հաւանականութիւնը կամ նախանշել առկայութիւնը: Հետազօտութիւնը նպատակ ունի նաեւ յայտնաբերել արգանդի պարանոցի բջիջների փոփոխութիւնները, որոնք կարող են վկայել ապագայում քաղցկեղի առաջացման վտանգը:
Հետազօտութեան համար բժիշկը հեշտոցի խոռոչից վերցնում է բջիջների նմուշ, որը տեղադրում է յատուկ հեղուկ միջավայրի մէջ եւ ուղարկում բջջաբանական (մանրադիտակային) հետազօտութեան: Քսուկի արդիւնքների մասին բժիշկը ձեզ տեղեկացնում է 1-2 օրուայ ընթացքում: Տարրական հետազօտութեան ժամանակ սովորաբար կարող են ստացուել երկու տեսակի արդիւնքներ` «բացասական» կամ «դրական»:
Բացասական պատասխանը վկայում է այն մասին, որ ձեր առողջութեան հետ կապուած որեւէ շեղում չի յայտնաբերուել: Սա նշանակում է, որ դուք ձեր յաջորդ պապ քսուկը կարող էք յանձնել ըստ ժամանակացոյցի (սովորաբար` 3 տարի անց):
Եթէ հետազօտութեան պատասխանը դրական է, սա դեռ չի նշանակում, որ ձեզ մօտ առկայ է արգանդի պարանոցի քաղցկեղ: Դրական կարող է ստացուել նաեւ պարանոցի մեղմ բորբոքման ժամանակ: Կամ, գուցէ պարանոցի լորձաթաղանթի բջիջները ենթարկուել են փոքր-ինչ ձեւափոխումների: Բժիշկները նման դէպքերում առաջարկում են կրկնել նոյն քննութիւնը մի քանի ամիս անց:
Եթէ ձեւափոխուած բջիջները շարունակում են յայտնաբերուել կրկնակի հետազօտութիւններով, բժիշկը կարող է նշանակել նաեւ յաւելեալ քննութիւններ:
Բժիշկները խորհուրդ են տալիս փափ քսուկ յանձնել սկսած 21 տարեկանից, իւրաքանչիւր 3 տարին մէկ անգամ` մինչեւ ձեր 65 տարեկանը լրանալը: Եթէ 30 տարեկան եւ աւելի մեծ էք` ապա միաժամանակ կը հետազօտուի նաեւ մարդու «պապիլոմավիրուս»ի (HPV) առկայութիւնը: Վերջինս ամենայաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցուող հիւանդութիւնն է, որն մեծացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հնարաւորութիւնը:
All For Health, Health For All բժշկական կենտրոնում գործում են անվճար ծրագրեր նախանշուած պահպանելու կանանց առողջութիւնը, որից առաջարկում ենք օգտուել: Զանգահարէք մեր գրասենեակ` ժամադրութեան համար: