Նոյեմբերի 14ին Պրիւքսէլում Եւրոմիութեան հետ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Վրաստանի անհատական ծրագրերի ստորագրումը դարձաւ գլխաւոր արտաքին քաղաքական իրադարձութիւնը հարաւային Կովկասի երեք երկրների համար։ Ինչպէս յայտարարեց արտաքին կապերի եւ հարեւանութեան քաղաքականութեան եւրոյանձնակատար Պենիթա Ֆերերօ-Վալտնըրը, Եւրայանձնաժողովն այդ փաստաթղթերը երեք պետութիւնների հետ յատուկ միաժամանակ ստորագրեց։ «Գործողութիւնների ծրագրերը միտուած են տարածաշրջանային համարկման զարգացմանը։ Այսօր մենք պէտք է իւրաքանչիւր երկրի հետ աշխատենք առանձին, բայց ինչքան շատ կարողանանք զարգացնել տնտեսական համարկումը տարածաշրջանում՝ երթեւեկութեան, կապի, ուժանիւթի եւ բազմաթիւ այլ ոլորտներում, այնքան լաւ»։ Նա նաեւ յոյս յայտնեց, որ այդ փաստաթղթերը կ’օգնեն հարաւային Կովկասում հակամարտութիւնների լուծմանը։
Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներ Վարդան Օսկանեանը եւ Էլմար Մամէտեարովը վստահութիւն յայտնեցին, թէ նշուած փաստաթղթերի ստորագրումը «նոր փուլ է բացում» Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում, եւ կը լինի «քայլ դէպի Կովկաս՝ առանց սահմանների»։
Պրիւքսէլում կայացած համատեղ մամլոյ ասուլիսում Վ. Օսկանեանը եւ Է. Մամէտեարովը յայտարարեցին, թէ տրամադիր են առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում։ Մամէտեարովը սառեցուած հակամարտութիւններն անուանեց «գլխաւոր մարտահրաւէրներ հարաւային Կովկասի համար»։ «Մենք փորձում ենք լուծում գտնել այն հարցերին, որոնք այսօր առաւել դժուարութիւններ են ստեղծում», ասաց նա՝ ընդգծելով, սակայն, որ Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման հարցում պէտք է առաջ ընթանալ «չափազանց զգոյշ»։
Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում նա յայտնեց, թէ յաջող բանակցութիւնները թոյլ կը տան լուծել նաեւ փախստականների հիմնախնդիրը, եւ այդ համաթեքսթում արտայայտուեց նոյնիսկ Շահումեանի շրջանից հայ փախստականների մասին։ «Չպէտք է վախենալ այդ մասին խօսելուց», ասաց Մամէտեարովը։
Հայաստանի արտաքին գործոց նախարարն իր հերթին ընդգծեց, որ ԵՄի հետ ստորագրած գործողութիւնների ծրագրերը «պարունակում են տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր տեսլականը։ Երբ դրանց ստորագրումից յետոյ անցնէք մի ուրիշ սենեակ՝ քննարկելու Ղարաբաղեան հիմնախնդիրը, դա կը լինի բանակցային գործընթացի սկզբունքօրէն նոր փուլը։ Կ’անենք ամէն հնարաւորը, որպէսզի հասնենք առաջընթացի եւ նախապատրաստենք մեր նախագահների հանդիպումն այդ հիմնախնդրի շուրջ», ասաց Օսկանեանը։
Այդ բարձր տրամադրութեամբ էլ երկու երկրների նախարարները գնացին Ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւնների հերթական ռաունտին, որը նոյն օրուայ երեկոյեան տեղի ունեցաւ Պրիւքսէլում, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հովանու ներքոյ։ Ճիշդ է, դժուար է ասել, թէ ինչ աստիճանով եւրոպական համակեցութեան աւանդոյթի ոգին անդրադարձաւ կողմերի մօտեցումների վրայ, որոնք շարունակեցին նախորդ երկու հանդիպումներում (Մոսկուայում եւ Փարիզում) միջնորդների առաջ քաշած նոր գաղափարների քննարկումը։
Ինչպէս միշտ, հանդիպման մանրամասներն ու արդիւնքները չեն յայտարարւում։ Տեղեկացւում է միայն, որ այն անցաւ կառուցողական հունով, եւ որ յաջորդ շաբաթ միջնորդները կ’այցելեն հակամարտութեան շրջան՝ քննարկելու Նոյեմբերի 28ին Մոսկուայում, ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը («Ա.».- Անոնք արդէն կը գտնուին Երեւան)։ Եթէ յիշենք Վ. Օսկանեանի այն խօսքերը, թէ բարձր մակարդակի հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն նախարարների բանակցութիւնների արդիւնքներով դրա համար բաւարար հիմքերի առկայութեան դէպքում, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ ղեկավարներին յաջողուել է ինչինչ հարցերում պայմանաւորուել։
Ինչպէս աւելի վաղ յայտարարել էր Մինսքի խմբի ռուսաստանեան համանախագահ Եուրի Մերզլեաքովը, միջնորդները պրիւքսէլեան հանդիպումից սպասում էին «առնուազն նախնական համաձայնութիւն այն հարցերում, որոնք քննարկուել էին նախորդ երկուսում, եւ եթէ դա տեղի ունենայ, շատ բան պարզ կը դառնայ, այդ թւում՝ յաջորդ նախագահական հանդիպման հարցը»։ Համանախագահները յոյսները չեն կորցնում, որ մինչեւ 2006 թ. աւարտը կամ 2007ի սկզբին՝ մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները, Երեւանին եւ Պաքուին, այդուամենայնիւ, կը յաջողուի համաձայնեցնել («Ես խօսում եմ ոչ թէ համաձայնագրի, այլ համաձայնութեան մասին», ընդգծեց Ե. Մերզլեաքովը) հիմնական սկզբունքները։
Եթէ դա տեղի ունենայ, միջնորդները կը սկսեն պատրաստել շրջանակային համաձայնագիրը. «Փաստաթղթում թուարկուած են սկզբունքները, դրանք պէտք է լրացնել հիմնական գործողութիւններով, որոնք պէտք է նախատեսուեն համաձայնագրով։ Չի կարելի ասել, թէ սկզբունքները համաձայնեցրին, եւ անմիջապէս սկսւում է դրանց հիմնական կիրարկումը։ Ասենք՝ զօրքերի դուրսբերման սկզբունքը. իբրեւ սկզբունք ընդունւում է, բայց ե՞րբ, որտեղի՞ց, ո՞ւր, ի՞նչ, ինչպէ՞ս՝ այդ ամէնը պէտք է ամրագրել փաստաթղթում։ Կամ, ասենք, խաղաղութեան պահպանման գործողութիւնը. նոյնը՝ ինչպիսի՞, ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ։ Դրա համար ժամանակ է պէտք»։
Այնինչ, կայ ուշադրութեան արժանի մի հանգամանք։ Հայաստանի եւ Ատրպէյճանի՝ ԵՄի հետ գործողութիւնների ծրագրում առկայ են դրոյթներ, որոնք վերաբերում են Ղարաբաղեան կարգաւորմանը։ Ծրագրերը դեռ չեն հրապարակուել ո՛չ Երեւանում, ո՛չ Պաքւում, այդ իսկ պատճառով հիմնական ձեւակերպումներ մէջբերելը, աւաղ, դեռ անհնար է։ Ընդհանուր առմամբ յայտնի է, որ Հայաստանին վերաբերող ծրագրում խօսւում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի մասին։
Իսկ «Թուրան» գործակալութեան հաղորդմամբ, ԼՂ հիմնախնդրին առնչուող կէտերն առաջին տողով են գրուած երկու երկրների ծրագրերում նշուած առաջնահերթութիւնների շարքում, եւ դրանցում ասւում է ԵՄի՝ հիմնախնդրի խաղաղ լուծմանը նպաստելու պատրաստակամութեան մասին։ «ԵՄը,- գրում է ատրպեճանական գործակալութիւնը,- հանդէս է գալիս Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման օգտին ՄԱԿի ԱԽ բանաձեւերի, ԵԱՀԿ որոշումների հիման վրայ եւ պաշտպանում է ԵԱՀԿ Մինսքի խմբի ջանքերը»։
Ինչ վերաբերում է Ատրպէյճանին, նրա արտաքին գործոց նախարարութեանը հաղորդմամբ, Պրիւքսէլում Գործողութիւնների ծրագրի հաստատումից յետոյ ընդունուեց «Ատրպէյճանի եւ Եւրոմիութեան փոխադարձ յայտարարութիւնը», որն ընդգրկուելու է Համագործակցութեան խորհրդի արձանագրութիւնում։ Ազերի դիւանագիտութեան ներկայացուցիչ Թայիր Թաղիզադէի խօսքերով՝ այդ փաստաթղթում պէտք է ընդգրկուեն Ատրպէյճանի համար կարեւոր մի քանի հարցեր, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի առնչութեամբ։
«Համաձայնագրում ասւում է, որ Համագործակցութեան խորհուրդը դարձեալ հաստատում է, որ Ատրպէյճանի Հանրապետութեան անկախութեան, ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնն իր աւանդն է բերում Եւրոպայում խաղաղութեան ու կայունութեան երաշխիքին։ Համագործակցութեան խորհուրդն աջակցում է Ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ խաղաղ կարգաւորմանը միջազգային իրաւունքի հիման վրայ՝ ըստ աշխարհում ընդունուած՝ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերի, ԵԱՀԿ փաստաթղթերի եւ որոշումների», յայտնեց Թաղիզադէն։
Իրավիճակն աւելի մանրամասնօրէն կարելի է վերլուծել միայն երկու երկրների գործողութիւնների ծրագրերին ծանօթանալուց յետոյ։ Սակայն Ատրպէյճանի արտգործնախարարութեան հաղորդումը կարող է իւրօրինակ ազդակը լինել այն բանի, որ բանակցային գործընթացում արմատական առաջընթացները դեռ հեռու են։
Պաքուի կողմից նոր հարեւանութեան եւրոպական քաղաքականութեան տառին ու ոգուն եւ Ղարաբաղեան կարգաւորման գործում փոխզիջումների պատրաստ լինելու առաջին ազդակները կարող են դառնալ հրաժարումը սպառազինումից եւ հակահայ քարոզչութիւնից, ինչպէս նաեւ քայլերը դէպի համագործակցութեան հաստատումը։
Դրա համար Ատրպէյճանի ղեկավարութեանը հարկ կը լինի արմատապէս վերանայել իր ոչ միայն արտաքին, այլեւ ներքաղաքական վարքագիծը։ Նման կերպարանափոխութեան իրական լինելուն դժուար է հաւատալ։ Աւելի ճիշդ՝ բոլորովին հաւատալու չէ։ Առաւել եւս՝ մօտ ապագայում։