«Մեծ Պատիւ Է Հայաստանի Բասկետբոլի Թիմի Գլխաւոր Մարզիչ Լինելը»
Վարեց` ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Հայաստանի պասքէթպոլի հաւաքականի նոր գլխաւոր մարզիչ Ռեքս Կալամեան, ստանձնելով ընտրանիի «ղեկը»՝ հայկական պասքէթպոլը կրնայ հասցնել այլ մակարդակի: Կալամեան շուրջ 30 տարուան փորձառութիւն ունի «Էն.Պի.Էն.»ի մէջ, այս մէկը կրնայ ծառայեցնել հայկական պասքէթպոլի զարգացման, ինչպէս նաեւ հիմք դնել նոր` այլ որակի հաւաքական ունենալու երազանքին:
«Արմէնփրէս»ին տուած յատուկ հարցազրոյցին ընթացքին Կալամեան կը խօսի հաւաքականին եւ իր՝ Հայաստան գալուն մասին:
Ստորեւ՝ հարցազրոյցը․
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ․- Պարոն Կալամեան, ինչպէ՞ս ստացուեց ձեր համագործակցութիւնը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ:
ՌԵՔՍ ԿԱԼԱՄԵԱՆ.- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ կապը հաստատուեց մի քանի տարի առաջ: Սակայն իմ խիստ աշխատանքային գրաֆիկի (ժամանակացոյցին) եւ կորոնավիրուսի պանդեմիայի (համաճարակին) պատճառով չէր յաջողւում հաւաքականի հետ աշխատանքը: Այս ամառը ֆանտաստիկ (սքանչելի) ժամանակ կը լինի, երբ կը գամ Երեւան, կը ստանձնեմ հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնը եւ կ՛օգնեմ հայկական բասկետբոլի զարգացմանը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ․- Ինչո՞ւ համաձայնեցիք գլխաւորել Հայաստանի հաւաքականը:
ՌԵՔՍ ԿԱԼԱՄԵԱՆ.- Ինձ համար մեծ պատիւ է հայ լինելը, Հայաստանը եւ հայկական բասկետբոլը ներկայացնելը: Ինձ համար միայն ու միայն ուրախութիւն ու հպարտութիւն է մարզելու մի երկրի հաւաքականը, որտեղ ծնուել է մեծ մայրս: Մեծ պատիւ եւ արտօնութիւն է Հայաստանի բասկետբոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ լինելը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ․- Մինչ այս ի՞նչ գիտէիք Հայաստանի ընտրանու մասին:
ՌԵՔՍ ԿԱԼԱՄԵԱՆ.- Դեռեւս ծանօթանում եւ ուսումնասիրում եմ հաւաքականի անդամների խաղը, նրանց խաղաոճը: Ունենք բազմատաղանդ բասկետբոլիստներ, եւ երջանկութիւն կը լինի, որ օգնենք նրանց զարգացնել իրենց ներուժն ու աճ գրանցել:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ․- Ո՞րն է ձեր նպատակը Հայաստանի հաւաքականի ղեկին:
ՌԵՔՍ ԿԱԼԱՄԵԱՆ.- Նպատակս է օգնել հայկական բասկետբոլին, օգնել բասկետբոլիստ տղաներին եւ աղջիկներին զարգանալ: Նպատակս է ստեղծել հայկական բասկետբոլի աճի ճիշդ հիմքեր: Ուզում եմ օգնել հայ երիտասարդներին: Նպատակ ունենք, որ բասկետբոլը զարգանայ Հայաստանում: Նպատակներից մէկն էլ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի հետ յաղթելն է փոքր երկրների առաջնութիւնում եւ մասնակցելը Եւրոբասկետի որակաւորման փուլին:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ․- Հայաստանը նոր-նոր է զարկ տալիս բասկետբոլի զարգացմանը: Արդեօք դժուար չի լինի ձեր նման մասնագէտին աշխատել այստեղ:
ՌԵՔՍ ԿԱԼԱՄԵԱՆ.- 25 տարուց աւել է, ինչ աշխատում եմ «Էն.Պի.Էն.»ում: Իսկապէս հասկանում եմ, որ ինձնից համբերատար աշխատանք կը պահանջուի մարզիչների հետ համագործակցութեան առումով: Մեծ ջանքեր կը պահանջի նաեւ նոր համակարգ կառուցելը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ․- Հայաստանն այս տարի մասնակցելու է փոքր երկրների Եւրոպայի առաջնութեանը: Մենք այն մէկ անգամ արդէն յաղթել ենք: Ի՞նչ նպատակով է մասնակցելու ձեր գլխաւորած թիմն այս առաջնութեանը:
ՌԵՔՍ ԿԱԼԱՄԵԱՆ.- Մեծ ոգեւորութիւն եմ ապրում այն մտքից, որ Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի դերում թիմը կը տանեմ փոքր երկրների Եւրոպայի առաջնութիւն: Մեր նպատակը փոքր երկրների Եւրոպայի առաջնութիւնում յաղթելն է: Նպատակս է բոլորի ուշադրութիւնը սեւեռել հայկական բասկետբոլի, մեր զարգացման ծրագրի եւ, իհարկէ, Հայաստանի վրայ: Մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որ կարողանանք յաղթել այս մրցաշարում եւ լաւ բասկետբոլիստներ ունենալ ընտրանու կազմում: