ՄԵԾԱՄՕՐ․- «Թիւֆէնքեան» բարեգործական հիմնադրամը վերջերս մեկնարկել է առցանց նուիրահաւաք (crowdfunding)` «Ընտանիք եւ համայնք» հասարակական կազմակերպութեան կենտրոնների երեխաներին հնարաւորութիւն տալու տեսնելու եւ ծանօթանալու իրենց համայնքներից դուրս Հայաստանի որոշ հատուածների հետ:
«Ընդամէնը 10 ամերիկեան դոլարով կարող էք հնարաւորութիւն տալ մէկ երեխային այցելելու տեսարժան վայրեր, ցուցահանդէսներ, թանգարաններ եւ մասնակցելու մշակութային միջոցառումների եւ պտոյտների, որոնք այս երեխաները այլապէս հնարաւորութիւն չէին ունենայ վայելելու», ասեց Թուֆենկեան բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը: Արշաւի 18,000 դոլարի թիրախը «Ընտանիք եւ համայնք»ի բոլոր 450 երեխաներին հնարաւորութիւն կը տայ ծանօթանալու Հայաստանի զանազան հատուածների հետ:

Վերջին 20 տարիների ընթացքում «Ընտանիք եւ համայնք»ն աշխատում է զարգացնել խոցելի երեխաների եւ նրանց ընտանիքների ներուժը: Նրանք աշխատում են 450 երեխայի եւ նրանց ընտանիքների հետ Արմաւիրի, Տաւուշի եւ Շիրակի մարզերում գտնուող հինգ կենտրոններում: Այս երեխաներից եւ ընտանիքներից կան նաեւ 2020ի Արցախեան պատերազմից տեղահանուածներ եւ տուժածներ:
«Ընտանիք եւ համայնք»ի երեխաները մասնակցում են տիկնիկային թատրոնի, նկարչութեան, երգի, պարի, խեցեգործութեան, գորգագործութեան խմբակներին: Նրանք նաեւ այցելում են թանգարաններ եւ մշակութային վայրեր, գնում են համերգների, մասնակցում են հանգստի եւ ամառային ճամբարների: Ճիշդ դաստիարակութեան դէպքում այս երեխաները բարգաւաճում են եւ դառնում են ինքնաբաւ, Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում օգտակար քաղաքացիներ:

«Ընտանիք եւ համայնք»ը իրականացնում է իր առաքելութիւնը (լուսանկարը` Թեկլա Էհլինգի)
«Ընտանիք եւ համայնք»ի յաջող աշխատաձեւը հիմնուած է ազգային արժէքների եւ միջազգային լաւագոյն փորձի վրայ: Նրանք երեխաներին պարզապէս ընկերային ծառայութիւններ չեն առաջարկում, այլ իրենց մօտ երեխաները մասնակցում են կեանքին նպաստող կրթական եւ ժամանցի միջոցառումներին, որոնք ամրապնդում են ընկերային համախմբուածութիւնը եւ օգնում նրանց հասնելու իրենց ողջ ներուժին:
«Այս տօնական օրերին ««Ընտանիք եւ համայնք»ի երեխաներին հնարաւորութիւն տանք ունենալու ինչ-որ ոգեւորող եւ գեղեցիկ յիշողութիւններ, որոնք նրանք կը փայփայեն իրենց ողջ կեանքի ընթացքում», աւելացրեց Ճանպազեանը:
Նուիրաբերելու համար այս կարեւոր ծրագրին` այցելէք.
(Թղթակցութիւնը՝ հիմնադրամէն)
