
Երիկամները բռունցքի չափ օրգաններ են, որոնց գլխաւոր գործառոյթն մարմնում հեղուկի ու քիմիական նիւթերի մակարդակների կարգաւորումն է, արեան զտումը: Հանքային նիւթափոխանակութեան խանգարումները երիկամներում քարերի առաջացման պատճառ են դառնում: Տարբեր հանքանիւթեր սկսում են կուտակւում են երիկամների ներքին խոռոչում` աստիճանաբար վերածուելով խիտ քարքարոտ մասնիկների: Քարերի չափերը տատանւում են մի քանի միլիմետրից մինչեւ մի քանի սանտիմետր:
Երիկամաքարային հիւանդութեան զարգացմանը կարող են նպաստել որոշ գործօններ: Որո՞նք են դրանք:
– Մէզի քիչ քանակութիւնը. սա բաւական լուրջ խնդիր է, որը սովորաբար վկայում է, որ մարդը բաւարար քանակութեամբ ջուր չի խմում, որի արդիւնքում երիկամները չեն կարողանում լուծել դրանցով անցնող ու զտուող նիւթերը:
– Չկարգաւորուած սննդակարգը. հետազօտութիւնները ցոյց են տուել, որ երիկամներում քարերի առաջացմանն են նպաստում սննդակարգում մեծ քանակութեամբ աղի ու կենդանական ծագման սպիտակուցների գործածութիւնը, ուստի նման խնդրից խուսափելու համար հարկաւոր է առաջին հերթին կարգաւորել սննդակարգը:
– Այլ գործօններ. վերոնշեալ գործօններից բացի երիկամներում քարերի առաջացման հաւանականութեան բարձրացմանը կարող են նպաստել նաեւ ճարպակալումը, աղիների բորբոքային հիւանդութիւնների առկայութիւնը, որոշակի դեղորայքի կամ կենսաբանական յաւելումների ընդունումը, ինչպէս նաեւ ժառանգական նախատրամադրուածութիւնը:
Որոշ դէպքերում երիկամներում առաջացած քարերը կարող են շարժուել ու արգելափակել միզապարկը երիկամին միացնող ծորանը, ինչն շատ անցանկալի եւ լուրջ խնդիր է: Նման բարդութիւնը կարող է յանգեցնել երիկամների ախտահարման, ինչն էլ կ՛ուղեկցուի այնպիսի տհաճ ախտանշաններով, ինչպիսին են տենդը, որը դրսեւորւում է մարմնի բարձր ջերմաստիճանով ու դողով, սաստիկ թուլութեան կամ յոգնածութեան զգացողութիւնով, փորլուծութիւնով, մեզի պղտորութիւնով ու սաստիկ տհաճ հոտով: Նշուած ախտանշանները ոչ միշտ են պայմանաւորուած լինում երիկամաքարային հիւանդութեամբ, ուստի խուճապի մատնուելու կարիք չկայ, սակայն դրանց առկայութիւնն այնուամենայնիւ յուշում է անյապաղ մասնագէտին դիմելու եւ բուժզննում անցնելու անհրաժեշտութեան մասին:
Յիշէք, որ մարմնում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխութիւն միշտ իր պատճառն է ունենում: