Վերադարձ

Երեկոյեան, ոսկեզօծ մատեանը ձեռքիս, հրաժեշտ տուի ուսուցիչիս: Հոգիս հրճուանքի մէջ էր. Հայր Իւանը ինձ հետ խօսել էր, կարծես ես արդէն մեծ մարդ լինէի: Մարիան թող տեսնէր՝ տղամա՞րդ էր իր Սիոմկան…
Շտապում էի տուն: Երեւակայում էի, թէ ինչպէս ձեռքէ ձեռք պիտի խլէին ոսկեզօծ կազմով մրցանակը, ինչպէ՜ս պիտի ուրախանային: Իմ խաղընկերները ինձանից արդէն գոց գիտէին Տարաս Բուլբայի (Taras Bulba – Nikolai Gogol) պատմութիւնը: Հիմա պիտի նայէին գրքի պատկերները, պիտի նախանձէին ինձ:
Բայց ուսուցչիս ամբողջ ասածները պէտք չկար պատմելու. Մայրս էլ օրն ի բուն նոյնն էր կրկնում՝ «հայ մնացէ՛ք»: Հայս ո՞րն է: Այս աշխարհը, տեսէք- ինչքան գեղեցիկ է, մարդիկ որքան լաւ են. հայ, ռուս, խալմուխ, (Kalmuck- մոնկոլեան ցեղ) – միեւնոյնը չէ՞: Ես պատրաստ էի սիրել բոլոր մարդկանց, նոյնիսկ այծի մօրուքով քահանային: Սիրել, աղօթել, պաշտել…
Մութը կոխելու վրայ էր, երբ ես մօտեցայ մեր տան: Ի՞նչ էր պատահել սակայն. ոչ ոք չդիմաւորեց ինձ:
Բակում տարօրինակ իրարանցում էր տիրում:
Մեր ռուս ծառաներն ու աղախինները մեծ սնտուկներ ու կապոցներ էին տեղաւորում մեր երեք մեծ ֆուրգոնների (ձիերու լծուած բեռնասայլ) մէջ: Ներսը հազիւ ինձ վրայ ուշադրութիւն դարձրին: Մեծաս (մեծ մայրս) կծկուել էր մի անկիւնում՝ լուռ: Մայրս սենեակից սենեակ՝ ինչ որ բաներ էր հաւաքում եւ սպասաւորներին հրամաններ տալիս: Հայրս օգնում էր նրան: Շուշանիկը չէր երեւում մէջտեղը: Սենեակներում ամէն կողմ տիրում էր խառնափնթորութիւն. Կարծես պատրաստւում էին տունը դատարկելու:
Ի՞նչ էր պատահել, Տէ՜ր Աստուած: Այս ի՞նչ շփոթ էր: Ինչո՞ւ էին տխուր ամէնքը: Աղախինները փէշերով սրբում էին աչքերը եւ անխօս վազվզում այս ու այն կողմ: Ոչ ոք չէր նկատում իմ ներկայութիւնը: Գիրքը ձեռքիս՝ շուարած չորս կողմս էի դիտում: Չէի հասկանում ի՞նչ է պատահել, ի՞նչ է տեղի ունենում:
Վերջապէս մայրս նայեց ինձ: Փորձեց ժպտալ, բայց ժպիտ դուրս չեկաւ:
– Պիտ էրթանք: Տուն պիտ էրթանք, ասաց նա ու նորից անցաւ գործի:
Պիտի երթանք, ո՞ւր, ինչո՞ւ համար եւ ինչո՞ւ այսքան հապճեպով: Անհասկնալի էր: Տարօրինակ:
Դուրս եկայ պարտէզ: Ծառերի միւս կողմը, ծաղիկների մէջ, շարքով կանգնած էին մեղուի փեթակները: Իմ սիրական պարտէզն էլ կարծես սուգի մէջ էր: Անկիւնում, ակացիայի (acacia) տակ, Շուշանիկը նստած էր տխուր, արցունքոտ աչքերով:
Նա աղմուկով փաթաթուեց վզովս եւ երկար չէր կարողանում զսպել հեծկլտանքը: Փորձում էր խօսել եւ չէր կարողանում: Ինչո՞ւ էր այսպէս յուզուած իմ սիրելի քոյրիկը. ի՞նչ էր պատահել:
Իսկ պատահել էր սարսափելի մի աղէտ: Մի քանի օր առաջ հիւր էր եկել պան (լեհերէն՝ պարոն) Կորժեւիչը իր մի քանի բարեկամների հետ: Նստել, քաղցր զրոյց էին արել: Վերջը, պան Կորժեւիչը, հանդիսաւոր խօսքերով յայտնել էր, թէ եկել են խնդրելու Շուշանիկի ձեռքը իր որդու՝ Ադամի համար: Մայրս չէր կարողացել իրեն զսպել եւ լալով դուրս էր եկել: Հայրս, նոյնպէս յուզուած, պատասխանել էր, թէ մեծ պատիւ է իրեն համար պան Կորժեւիչի նման պատուաւոր մարդու հետ խնամի լինել, բայց պէտք է ընտանեկան խորհուրդ անել եւ Շուշանիկի համաձայնութիւնն էլ հարցնել նախքան վերջնական պատասխան տալը: Մի քանի օրից նորից գալու խոստումով պան Կորժեւիչը եւ իրեն ընկերացողները մեկնել էին:
– Յետո՞յ, վե՞րջը ինչ եղաւ, անհամբեր էի իմանալու ես:
Վերջը, պան Կորժեւիչի հեռանալուց յետոյ, մայրս վայնասունով ու զայրոյթով յարձակուել եւ ամէն տեսակ ծանր խօսքեր էր թափել խեղճ հօրս գլխին:
– Դուն ամօթ չունի՞ս, մարդ: Եո՛խ ըլլայ ( թող անհետանայ) ատ փանն (չնչին, անարժէք մարդ) ալ, իրեն փիճն (հայհոյանք, որ կը նշանակէ ապօրինի զաւակ) ալ: Ես աղջիկ չունիմ անոր տալու, հասկցա՞ր, չունիմ: Օզանի (առուի) մէջ իմ ձեռքովս կը խղդիմ, համա (բայց) անհաւատին աղջիկ չիմ տար, հասկցա՞ր: Վախ, վախ, զաւակներս ձեռքէ կ՛երթան… Դուն մարդ չիս, խղճմտանք, նամուս (պատիւ) չունիս… Դուն հայ քրիստոնեայ չիս, խաչ ու հաւատ չունի՞ս: Ի՞նչպէս աղջիկդ անհաւատ փոլիաքին (լեհին) կու տաս: Քու ձեռքովդ աղջիկդ հողի տակ կը դնիս:
Ու խելայեղ թափով փաթաթուել էր Շուշանիկին, լաց ու կոծով անվերջ համբուրել, կարծես իրօք գերեզման պիտի մտնէր աղջիկը:
– Խենթացի՞լ իս, կնիկ, իրենից դուրս էր եկել հայրս. մէմը (մէյ մը) վրադ նայէ. Ի՞նչ կ՛ուզիս, որ անինք:
– Ի՞նչ կ՛ուզի՜մ: Վաղը սապախտան (առաւօտ կանուխ) կ՛առնում զաւակներս, գեղ կ՛երթամ լուացք կ՛անիմ, տախտակ կը սրբիմ, չոր հաց կ՛ուտինք, բայց զաւակներս հայ կը պահիմ…Ի՞նչ կ՛ուզի՜մ – ա՜ս է ուզածս…
Քիչ-քիչ մայրս հանդարտուել էր. հօրս բարկութիւնն էլ իջել էր: Նստել էին խորհուրդի: Մեծաս էլ խառնուել էր մէջ, մօրս կողմը բռնելով: Եւ որոշել էին մի քանի օրից վերադառնալ Մեծ Սալա:
…
Այո, սարսափելի աղէտ էր պատահել: Ոսկեկազմ գիրքս ընկաւ գետին: Շուշանիկը վրան չնայեց անգամ: Արցունքը ինձ էլ էր խեղդում: Ուրեմն, էլ Մարիային պիտի չտեսնէի: Ուրեմն, ամէն բան վերջացա՞ւ: Այս ինչ դաժան աշխարհ էր: Ինչ անսիրտ մարդիկ…
Երեկոյեան ընթրիքը կարծես մեռելահաց լինէր: Ամէնքը լուռ քաշուեցին իրենց անկողինները:
– Աղէկ քուն եղէք, սապախտան կանոխ տեղէ պիտ էլլինք, պատուիրեց մայրս:
Աղէկ քուն եղէք… Ո՞վ կարող էր քնել, ինչպէ՞ս քնել, երբ երկինքը փուլ էր գալիս մեր գլխին:
…
Առաւօտ կանուխ ամէնքս արդէն ոտքի վրայ էինք: Վերջին անգամ վայելելու էինք մեր հաւերի հաւկիթից այնքան համեղ ձուածեղը, մեր մեղուների քաղցր ու երանաւէտ մեղրը, մեր կովերի անուշ սերը: Ուտում էինք անխօս, անժպիտ, կարծես խռոված իրարից: Աղախինները սպասարկում էին արցունքոտ աչքերով:
Ծանր բեռնաւորուած երեք ձիանի ամենամեծ ֆուրգոնները լծուած, պատրաստ էին:
– Ամէնքդ նստէք, հրամայեց հայրս:
Այդպէս էր օրէնքը. երկար ճամբորդութեան մեկնելուց առաջ պէտք էր մէկ վայրկեան նստել անխօս, աղօթել լուռ, որ Աստուած բարի ուղեւորութիւն պարգեւէր:
Նստեցինք: Ամէն մէկը իր խոհերը ունէր, իր ցաւերը: Շուշանիկը լալիս էր: Ես տղամարդ էի, արցունք չունէի, բայց սրտով լալիս էի:
…
Արեւը բաւական բարձրացել էր արդէն, երբ մեր կարաւանը շարժուեց: