ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԻՐԱՆԱԳԷՏ, ԵՊՀ ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կը բնութագրէք հայ-իրանական ներկայ յարաբերութիւնները: Ի՞նչ զարգացումներ սպասել Իրանում նոր նախագահի, տարածաշրջանում ստեղծուած իրավիճակի պայմաններում:
ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ.- Իրանի Իսլամական Հանրապետութեան ներսում տեղի ունեցած փոփոխութիւնները գնահատելով նախագահական վերջին ընտրութիւնների համատեքստում, ակնյայտ է, որ իշխանական ամբողջ համակարգն այժմ գտնւում է քաղաքական դաշտի պահպանողական թեւի ձեռքում: Եթէ հաշուի առնենք նախկին տարիների փորձը, ապա ակնյայտ է, որ պահպանողական իշխանութիւնները Հայաստանի հանդէպ դիրքորոշումներում շատ աւելի դրական են տրամադրուած: Սա բխում է հայեցակարգային մօտեցումներից, որոնք ենթադրում են Իրանի սահմանների ողջ երկայնքով Իրանի հանդէպ բարեկամաբար տրամադրուած պետութիւնների հետ յարաբերութիւնների ընդլայնում, եւ թշնամաբար տրամադրուած պետութիւններում տրամադրութիւնների ճնշում: Հետեւաբար, ապրիորի (ի յառաջագունէ) պէտք է ենթադրել, որ Իրանի նոր նախագահը, եւ նրա թիմը շարժուելու են այս տրամաբանութեամբ: Սա ամենեւին չի նշանակում, թէ Իրանը չի փորձելու Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ յարաբերութիւնները զարգացնել, կագաւորել առկայ խնդիրները, բայց առաջնահերթութիւնը բնականաբար լինելու է բարեկամ պետութիւնների հետ յարաբերութիւնների զարգացումը: Որպէսզի մենք Իրանի նոր նախագահից, եւ Իրանի ներկայի իշխանութիւններից պայմանական ասած հայամէտ դիրքորոշումներ ակնկալենք, պէտք է յստակեցուեն Հայաստանից գնացող ուղերձները:
Տարերային մօտեցումների պայմաններում, որեւէ պարագայում մենք չենք կարող իրանական կողմից սպասել յստակեցումների, որովհետեւ եթէ դիցուք մոդելաւորենք մի իրավիճակ, երբ Իրանը հանդէս է գալիս կոշտ յայտարարութեամբ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքում թշնամական Ադրբեջանը որեւէ իրաւունք չունի խոչընդոտելու իրանական բեռնատարների տեղաշարժին, եւ դրան յաջորդում է Հայաստանի յայտարարութիւնը, որն արդէն իսկ եղել է, եւ մեղմ ասած, բաւական տարօրինակ է, առ այն, որ այդ տարածքը խորհրդային Ադրբեջանի տարածք է, ապա կը տեսնենք, որ իրանական կողմը կը յայտնուի բաւական տարօրինակ իրավիճակում, ինչպէս ասում են՝ Հռոմի պապից աւելի կաթոլիկի կարգավիճակում: Հետեւաբար, որպէսզի մենք մեր բարեկամներից, դաշնակիցներից եւ գործընկերներից կարողանանք ստանալ աջակցութիւն նաեւ հռետորաբանութեան մակարդակում, անվտանգային տիրոյթում, մենք պէտք է յստակեցնենք մեր դիրքորոշումները, որոնք առայժմ ոչ միայն յստակեցուած չեն, այլ խիստ հակասական, եւ ըստ էութեան, շատ դէպքերում անհիմն են:
Ներկայում յղում է կատարւում խորհդրային քարտէզներին, երբ Ադրբեջան կոչուող արհեստածին կազմաւորումն իրեն չի համարում խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդ, հետեւաբար, առնուազն այս մասով, չի կարող յաւակնել խորհրդային Ադրբեջանի տարածքին, էլ չասեմ, որ խորհրդային Ադրբեջանի տարածք կոչեցեալն էլ բացառապէս վարչական միաւորի տարածք էր, որովհետեւ Խորհրդային Միութեան հանրապետութիւնների միջեւ միջպետական սահմաններ գոյութիւն չունէին: Կային վարչական բաժանումներ, որոնք շատ յաճախ կատարւում էին պարզ լեզուով ասած կոլտնտեսութիւնների շահերը հաշուի առնելով՝ արօտավայրը տրամադրւում էր խաշնարածութեամբ զբաղուող ադրբեջանական կոլտնտեսութեանը, հողերը, որոնք պիտանի էին այգեգործութեան համար՝ տրամադրւում էին հայկական կողմին: Հետեւաբար, որեւէ տրամաբանութիւն չկայ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյութիւն ունեցող այդ տարածքային խնդիրներն արծարծելիս անդրադառնալ խորհրդային ժամանակահատուածին, առաւել եւս՝ Հայաստանի ներսում մենք չպէտք է որեւէ կասկած ունենանք, որ Սիւնիքի մարզի որեւէ հատուած կարող է պատկանել Ադրբեջանին: Հետեւաբար, մեր գործընկերներն էլ ըստ էութեան յայտնւում են բաւական բարդ իրավիճակում, երբ Հայաստանի մօտեցումները թոյլ չեն տալիս, որ նրանք, նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում աջակցութիւն տրամադրեն իմ նշած տարբեր ոլորտներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մերձաւոր Արեւելքում ընթացող իրադարձութիւնների ֆոնին ի՞նչ ընթացք կը ստանան ԱՄՆ-Իրան յարաբերութիւնները, եւ այդ գործընթացում ի՞նչ դեր կարող է ստանձնել Հայաստանը:
ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ.- Ինչ վերաբերում է Իրանի յարաբերութիւնների համատեքստին Մերձաւոր արեւելեան տարածաշրջանում եւ այս տարածաշրջանից դուրս, ապա ակնյայտ է, որ իրանցիները կարծես թէ գնում են ԱՄՆի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի, յամենայն դէպս, նման պատրաստակամութիւն իրանական կողմն ունի: Սակայն պէտք է հաշուի առնել մի շատ կարւոր հանգամանք, որ Իրանական պետութիւնը, անկախ նրանից, թէ երկիրը կառավարում են բարեփոխականները կամ պահպանողականները՝ որեւէ դէպքում չի հրաժարուելու իր պետական շահից կամ կարմիր գծերից, որոնք նախանշուել են: Իրանցիները գտնում են, որ միջուկային խաղաղ ծրագիրն իրենց անքակտելի իրաւունքն է, եւ որեւէ, կամ մի շարք պետութիւնների ճնշում, Իրանին հետ չեն պահելու այս ծրագրից: Ուստի, կարծում եմ, որ եթէ կողմերը գործեն գործնական տիրոյթում, ապա յարաբերութիւնների որոշակի կարգաւորման հնարաւորութիւն այս պահին կայ, անկախ այն հանգամանքից, որ Իրանում իշխանութեան են եկել պահպանողականները:
Եւ մէկ այլ կարեւոր հանգամանք, Մերձաւոր արեւելքում ստեղծուած բաւական բարդ իրավիճակում Իրանը կայունութեան կարեւոր օջախներից մէկն է, եւ հետեւաբար նման օջախի հետ յարաբերութիւններ զարգացնելով Միացեալ Նահանգները, Եւրամիութեան երկրները կարող են որոշակի յաջողութեան հասնել Մերձաւոր արեւելքում համընդհանուր կայունութեան տարածքն ընդլայնելու առումով: Նշուած տարածաշրջանում անկայունութիւնը շատ դէպքերում գուցէ բխում է Մերձաւոր արեւելեան տարածաշրջանում Միացեալ Նահանգների ախոյեանների հանդէպ իրականացուող քաղաքականութիւնից, բայց որոշ դէպքերում ուղղակի հակասում է ԱՄՆ շահերին: Ասենք, օրինակ, չեմ կարծում, որ Միացեալ Նահանգներում որեւէ վարչակարգ կամ քաղաքական ուժ կը ցանկանային, որ Քաբուլի օդակայեանում սպանուէին ամերիկացի զինուորներ, այնինչ ականատես եղանք, որ անկայունութեան օջախի առաջացումը յանգեցրեց ԱՄՆի զինուորների սպանութեանը Քաբուլի օդակայեանում եւ ԱՄՆ ներսում դեմոկրատական կուսակցութեան եւ բայդենեան վարչակարգի համար ստեղծեց բաւական մեծ իմիջային (անձնապատկերի) խնդիր: Ուստի այս համատեքստում, Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, կարծում եմ կարող է ձեռնտու լինել նաեւ Վաշինգտոնին՝ հաշուի առնելով իմ նշած խնդրի առկայութիւնը:
Իսկ Հայաստանի համար բնական շահերից է բխում, որպէսզի մեր հարեւան Իրանը Մերձաւոր արեւելեան տարածաշրջանում լինի հնարաւորինս ուժեղ եւ կայուն պետութիւն, որովհետեւ Իրանի գոյութիւնն իսկ որոշակի զսպող դերակատարութիւն է իրականացնում ադրբեջանա-թուրքական դաշինքի նկրտումները զսպելու առումով: Եթէ կրկին մոդելաւորենք մի իրավիճակ, որտեղ գոյութիւն չունի կայուն Իրան եւ այս երկիրը մատնուած է ներքին խժդժութիւնների, ապա ակնյայտ է, որ ադրբեջանա-թուրքական լկտի ախորժակը շատ աւելի մեծ կը լինի եւ պան-թուրքական նկրտումները կը լինեն շատ աւելի իրատեսական բազմաթիւ ուղղութիւններով:
Հետեւաբար, ամուր ու կայուն Իրանի գոյութիւնը, որի բաղադրիչներից մէկը կարող է լինել Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների կարգաւորումը՝ բխում է ՀՀ շահերից, եւ Հայաստանը, իր ունեցած խիստ սահմանափակ հնարաւորութիւնների շրջանակում, կարող է որոշակիօրէն նպաստել դրան: Որոշ տիրոյթներում մենք կարող ենք դառնալ այն հարթակը, որտեղ Իրանն ու Միացեալ Նահանգները կարող են խօսել իրար հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հարաւային Կովկասում վերջին զարգացումները ներառում են այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայութեան մեծացում, շրջանառւում է Իրանի՝ Եւրասիական տնտեսական միութեանը անդամակցելու հարցը։ Սա կարո՞ղ է դառնալ Հայաստան-Ռուսաստան-Իրան նոր եռակողմ դաշինքի հիմք, եւ թուրքական ծաւալապաշտութեան դէմ իւրատեսակ զսպող ուժ:
ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ.- Այո, հարաւկովկասեան տարածաշրջանում տեղի է ունեցել արմատական փոփոխութիւն՝ ռուսական ներկայութիւնը մինչեւ 44օրեայ պատերազմը եղած իրավիճակից, զգալիօրէն, անհամեմատ աճել է: Ըստ էութեան, մենք գործ ունենք Արցախի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ, որը երկրորդն է Հայաստանում գործողից բացի: Այդ ռազմակայեանը հանդէս է գալիս խաղաղապահ ուժերի քօղի ներքոյ, բայց իրականում գործ ունենք ռուսական ռազմական ներկայութեան հետ, որը միտուած է լուծելու Ռուսաստանի համար չափազանց կարեւոր մի խնդիր, այն է՝ այդ ռազմակայանի գոյութիւնը միտուած է հարաւային կովկասում Թուրքիային զսպելու, եւ ըստ էութեան՝ Հարաւային կովկասի ողջ տարածաշրջանը ռուսական պետական շահերի ուղեծիր վերադարձնելու նպատակով: Հայաստանը ՌԴի հետ ունի դաշնակցային յարաբերութիւններ, սակայն նոյնը չի կարելի ասել ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ առաւել եւս Ադրբեջանի վերաբերեալ, որը թէեւ փորձում է վարել ինչ-որ առումով խորամանկ քաղաքականութիւն՝ ձգտելով ռուսական կողմին առանձին խնդիրներում շատ չգրգռել, բայց քօղարկուած քաղաքականութեան հիմնական թիրախը Հարաւային Կովկասում Թուրքիայի համար ամուր դիրքեր ապահովելն է: Իսկ Ռուսաստանը, որպէս տարածաշրջանում աւանդաբար հզօր դիրքեր ունեցած պետութիւն, չի կարող թոյլ տալ այլ՝ թէկուզ գերտերութեան, իսկ Թուրքիան աստիճանաբար, ցաւօք, վերածւում է տարածաշրջանային գերտերութեան, դիրքերի ամրապնդմանը, առաւելեւս, որ այդ դիրքերը ուղղակիօրէն հակասում են ռուսական շահին: Ադրբեջանն ըստ էութեան, թուրքական ծաւալապաշտութեան արդիւնքում վերածուել է թուրքական պլացդարմի (զինադաշտի, զինակայանի), որտեղ հաստատուելով Էրդողանական վարչախումբը փորձում է իր շահերը առաջ մղել, եւ ծաւալապաշտական իր ծրագրերն իրականացնել Կասպից ծովի տարածաշրջանում եւ անդին՝ Կենտրոնական Ասիայի թիւրքալեզու հանրապետութիւններում: Այս քաղաքականութիւնը ուղղակիօրէն հակասութեան մէջ է ռուսական շահերի հետ մի կողմից, եւ Իրանական շահերի հետ միւս կողմից: Բնականաբար, որեւէ պարագայում, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը համաձայն չեն, որպէսզի Կասպիան տարածաշրջանում յայտնուի նոր խաղացող ի դէմս Թուրքիայի: Իրանական արձագանգներն այս հարցում չափազանց կոշտ են՝ մասնաւորապէս Կասպից ծովում տեղի ունեցած համատեղ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններին իրանական արձագանգը արտգործնախարարութեան մակարդակով ամենակոշտներից էր, եւ ըստ էութեան Իրանը մեղադրում էր Ադրբեջանին Պարսից ծոցի վերաբերեալ կնքուած միջազգային կոնվենցիայի (պայմանագիրի) խախտման մէջ, համաձայն որի Կասպից ծովի առափնեայ պետութիւն չհանդիսացող որեւէ երկիր իրաւունք չունի ռազմական ներկայութիւն ունենալ այս տարածքում, իսկ թուրքական ռազմածովային ուժերը մասնակցում էին այս համատեղ զօրավարժութեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իրանը կոշտ արձագանգեց նաեւ ՀՀ Որոտան համայնքի տարածքում Գորիս-Կապան ճանապարհահատուածում ադրբեջանական անօրինական ներկայութեան ու գործողութիւնների նկատմամբ:
ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ.- Այո, եւ իրանական արձագանգը չափազանց հետաքրքիր էր Սիւնիքի հատուածում՝ Գորիս-Կապան ճանապարհահատուածի վերաբերեալ, որտեղ ադրբեջանցի բաշիբոզուկները տեղադրել են պահակակէտ ու կանգնեցնում են, ստուգում են Իրանի բեռնատարների վարորդներին, գումար են գանձում նրանցից, նաեւ ձերբակալել են ոմանց, ում բեռը նախատեսուած է եղել Արցախի համար: Այս համատեսքտում, Իրանի արտգործնախարարութիւնը խօսնակի շուրթերով հանդէս եկաւ յայտարարութեամբ, նաեւ գրեթէ նոյնաբովանդակ արձագանգ տուեց այս խնդրին Հայաստանում Իրանի հանրապետութեան դեսպանը: Իսկ այդ արձագանգը իրանական դիւանագիտական լեզուի շատ նուրբ փաթեթաւորմամբ վերաբերում էր նրան, որ Իրան Հայաստան կապերը եւ յարաբերութիւններն Իրանի համար յատուկ նշանակութիւն ունեն: Եթէ սրան գումարենք, որ ՀՀ տարածքային ամբողջականութեան վերաբերեալ էլ Իրանի արտգործնախարարն էր յայտարարութեամբ հանդէս եկել՝ Երեւանում գտնուելու ժամանակ պարոն Զարիֆը ուղղակիօրէն յայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը Իրանի համար կարմիր գիծ է, ապա ակնյայտ է, որ պէտք է վերադառնանք մեր զրոյցի սկզբին՝ Հայաստանը պէտք է շատ յստակ ուղերձներ եւ ազդակներ ուղարկի եւ պատասխանի Իրանին, որպէսզի կարողանանք ստեղծուած ճգնաժամային եւ խիստ վտանգաւոր իրավիճակը կառավարել:
Միւս կողմից, այս ճանապարհը ոչ միայն Իրան Հայաստան ցամաքային կապի կարեւոր բաղադրիչն է, եւ Հայաստանի անվտանգութեան կարեւոր բաղադրիչը, նաեւ՝ Իրան-Եւրասիական տնտեսական միութեան ամբողջ տարածքի կապն ապահովող ճանապարհն է, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Իրանը այս միութեան հետ ունի առանձնայատուկ, սերտ յարաբերութիւններ, եւ հետեւաբար այստեղ խաթարւում են ռուսական կողմի շահերը որպէս ԵԱՏՄ շարժիչ ուժի: Ուստի, կարող են ի յայտ գալ այնպիսի հնարաւորութիւններ, երբ ճշգրիտ աշխատանքի շնորհիւ Հայաստանը կարողանայ ձեւաւորել եռակողմ համագործակցութեան հարթակ, այլ խօսքերով, եթէ այս պահին Հայաստանը չունի Ադրբեջանին ռազմական եղանակով ճնշելու լծակներ, (որեւէ մէկը չի կարող պնդել ունի թէ չունի, որովհետեւ այս մասին տեղեկատուութիւն մենք չենք ստանում եւ չունենք), ապա մենք կարող ենք Արդրբեջանի համար առնուազն ստեղծել դիւանագիտական դժոխք մեր դաշնակիցների, մեր բարեկամների, մեր գործընկերների հետ: Սիւնիքի խնդրով շահագրգրռած է նաեւ Եւրամիութիւնը, ում կողմից առաջարկուած տնտեսական ներդրումների ծրագրի մի խոշոր հատուածը վերաբուերում է Սիւնքի մարզին, ուստի ճշգրիտ աշխատանքի դէպքում, մենք կարող ենք Ադրբեջանին դնել բաւական բարդ իրավիճակում:
Մենք պէտք է յստակօրէն արձանագրենք, որ ՀՀ Սիւնիքի մարզում չի կարող գոյութիւն ունենալ ադրբեջանական պահակակէտ, եւ որեւէ ադրբեջանցի չի կարող իրեն պահել այնպիսի լկտիութեամբ, որպիսին այժմ դրսեւորում են: Ընդ որում, խօսքը նաեւ անձնական մեքենաների հանդէպ ոտնձգութիւնների մասին է, եւ դրան զուգահեռ, այդ պահակակէտը, եւ այլ ադրբեջանական ներկայութեան հետքեր հոգեբանական իմաստով ազդում են մեր բնակչութեան վրայ: Ըստ էութեան, վտանգւում է Հայաստանի մնացեալ հատուածի կապը Սիւնիքի մարզի հետ, եւ այս վիճակում մեր բնակչութեանը, ցաւօք նաեւ Երեւանից որոշ շրջանակներ փորձում են հաշտեցնել այս «իրականութեան» հետ: Բայց որեւէ պարագայում մենք չենք կարող հաշտուել այն հանգամանքի հետ, որ թշնամական ուժերը յայտնուել են ՀՀ տարածքում, օգտագործում են իրենց բարբարոս տեղանունները՝ բնորոշելու համար մեր հայրենիքի հատուածներ, եւ սա դեռ բաւական չէ, նոյնիսկ իրենց ֆիզիկական ներկայութեամբ պղծում են մեր հայրենիքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի իշխանութիւնների, այսպէս կոչուած խաղաղութեան քաղաքականութեան հետեւանքները կործանարար են մեզ համար: Ո՞ւր են տանում «դրական ազդակները»:
ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ.- Հայաստանում, ցաւալիօրէն, իշխանութեան լծակներն իրենց ձեռքում պահող շատ անձիք փորձում են գնալ այնպիսի ճանապարհով, որն ըստ էութեան Հայաստանը տանում է վասալական կախուածութեան ադրբեջանա-թուրքական դաշինքից: Խաղաղութեան մասին խօսելը շատ հաճելի է, եւ խաղաղութիւնն ինքնին բնականոն իրավիճակ է, իւրաքանչիւր բանական էակ չի կարող դէմ լինել խաղաղութեանը, այլ խնդիր է, թէ այդ խաղաղութիւնն ինչ գին ունի:
Ադրբեջանա-թուրքական դաշինքի ծրագրերում Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն չունի, եւ ես սա չեմ չափազանցնում, քանի որ նրանց հեռագնայ ծրագիրը ենթադրում է Հայաստանի լիակատար բացակութիւն աշխարհի քարտէզից, եւ դա նրանց համար լաւագոյն սցենարի (բեմագրութեան) դէպքում, իսկ նրանց վատագոյն սցենարը ենթադրում է Հայաստանը դէ ֆակտօ (իրողապէս) առանց Սիւնիքի մարզի, այսինքն, ենթադրւում է, որ Ադրբեջան կոչուող այդ արհեստածին կազմաւորումը պէտք է ցամաքային ճանապարհով միացած լինի Թուրքիայի հետ, եւ այդ ցամաքային ճանապարհը ենթադրւում է, որ պէտք է լինի Սիւնիքի մարզով: Հետեւաբար, եթէ մենք խօսում ենք հաշտութեան մասին, խաղաղութեան մասին, պէտք է մշտապէս որպէս ելակէտ ունենանք թուրք-ադրբեջանական նկրտումների կարմիր գծերը, որոնք չեն ենթադրում Սիւնիքի մարզի՝ Հայաստանի մաս լինելու հանգամանք:
Հայաստանի պարագայում մենք ոչ միայն չունենք յստակօրէնն արձանագրուած կարմիր գիծ, այլ՝ տարերային յայտարարութիւններ են հնչում, օգտագործւում են թուրքական կամ կասկածելի ծագման տեղանուններ ՀՀ տարբեր շրջանների վերաբերեալ: Եթէ պատմական որեւէ ժամանակահատուածում ինչ-որ էյվազլու ցեղ, Շահ Աբասի արեւելեան Հայատանի հայաթափումից յետոյ յայտնուել է մեր հայրենիքի ամենահինաւուրց երկրամասերից մէկում՝ Սիւնիքում, դա չի կարող պատճառ լինել, որ մոռանանք Սիւնիքի մարզում Արտաշէսեան սահմանաքարերը, Արտաշէս առաջինի ժամանակներից մնացած մշակութային եւ քաղաքական հետք: Այն անձինք, ովքեր մեր հայրենիքի մի հատուածի վերաբերեալ յամառօրէն շարունակում են արտաբերել ինչ-որ խաշնարած էյվազլու ցեղի անունը, հասկանո՞ւմ են, որ դրանով նաեւ պղծում են Ք․ա․ դեռեւս 2րդ դարում հայկական պետութեան նախագիծը բիւրեղացրած Արտաշէս Ա.ի գործն ու յիշատակը, որն, ի դէպ, հէնց Սիւնիքում էլ է ամրագրել հայկական պետութեան ներկայութիւնը՝ տեղադրելով ժամանակի միջազգային լեզուով՝ արամէերենով, սահմանաքար։
Եւս մէկ հանգամանք, Բաքուի բռնապետ Ալիեւը, որ լկտի, գոռոզ, անպարկեշտ, յայտարարութիւններով վիրաւորում է ոչ միայն առանձին անձանց, այլ նաեւ ընդհանրապէս հայ ժողովրդին ու Հայաստանի պետականութեանը, յստակօրէն սահմանագծել է «խաղադրոյքը»: Երբ նա Արցախի հանրապետութիւնից բռնազաւթած տարածքները կոչում է արեւելեան Զանգեզուր, եւ խօսում է այն մասին, որ իբր արեւմտեան Զանգեզուր կոչեցեալ հատուածը ադրբեջանական հող է, ենթադրւում է, որ այդ երկու՝ «արեւելեան եւ արեւմտեան զանգեզուրները» որոնք Սիւնիքն են, պէտք է միաւորուեն վաղ թէ ուշ, եւ այդ միաւորումը լինելու է կա՛մ ադրբեջանական բարբարոսական հովանու ներքոյ, կա՛մ՝ հայկական մշակութային եւ պատմական իրականութեան, նաեւ ներկայում քաղաքական իմաստով Հայաստանի հովանու ներքոյ:
Հետեւաբար, մեր համար այլընտրանք թողնուած չէ՝ կամ Ադրբեջանն է այս տարածքում լքում ասպարէզը, կամ մենք, եւ մենք պէտք է սա յստակ արձանագրենք: Համատեղ գոյակցութեան վերաբերեալ այդ խանդավառ պատկերները որեւէ աղերս չունեն իրականութեան հետ, եւ մենք պէտք է առերեսուենք այս փաստի հետ, որպէսզի ճշգրտենք մեր դիրքորոշումները: Որեւէ պարագայում շատ պարզ բանաձեւ կայ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային պէտք չի այս տարածաշրջանում ուժեղ Հայաստան: Մեզ հակառակը՝ պէտք է այս տարածաշրջանում հնարաւոր ամենահզօր Հայաստանը: Հետեւաբար, որեւէ համատեղ ծրագրի կամ խաղաղ գոյակցութեան հեռանկարի մասին խօսելը առնուազն միամտութիւն է:
Առաջաւոր ասիական տարածաշրջանում սեթեւեթանքները ամենեւին տեղ չունեն, դրանք ընդունելի են կենտրոնական Եւրոպայում գտնուող բարեկեցիկ պետութիւնների պարագայում՝ հարեւանութիւն, երկարաժամկէտ խաղաղաութիւն, բարեկամութիւն եւ այլն: Մեր տարածաշրջանում թոյլին ուղղակի ճզմում են, եւ պէտք է նշել, որ Բաքուի բռնապետը շատ յստակօրէն այդ հարցն արձանագրում է: Նա բացայայտօրէն յայտարարում է, որ այսօրուայ ՀՀ տարածքն իրենց պատմական հայրենիքն է, օգտագործում է բարբարոսական տեղանուններ ՀՀ տարածքը բնորոշելու համար, հետեւաբար մենք պէտք է ազատուենք պատրանքներից: Այո, շատ բարդ է, շատ դժուար է եւ ըստ էութեան մարդկային բնոյթին հակասող երեւոյթներ են սրանք: Մարդկային բնոյթը ենթադրում է խաղաղ գոյակցութիւն, զարգացում, բայց ցաւօք սրտի այս պարագայում մենք ունենք թշնամական պետութիւններ, որոնք դա չեն գիտակցում, եւ չեն ցանկանում: Նման օրինակներից են Սիրիա-Թուրքիա յարաբերութիւնները, երբ կային պատրանքներ Սիրիայի կողմից, որ Թուրքիայի հետ խաղաղ գոյակցութիւնը, առեւտուրը, բարեկամութիւնը կը յանգեցնի նրան, որ կը վերանան թուրք-սիրիական հակասութիւնները, արդիւնքում մենք տեսանք քաղաքացիական պատերազմի մատնուած Սիրիա, որը կորցրել է իր տարածքների որոշակի հատուած թուրքական բռնազաւթման հետեւանքով, Սիրիայի գրեթէ ողջ տարածքը վերածուել է աւերակների: Նոյն սխալը կրկնելու համար մենք չունենք ո՛չ ռազմավարական, ո՛չ հոգեբանական խորք: Ուստի, մենք պէտք է այս իրավիճակն արձանագրենք եւ մեր քայլերը ձեռնարկենք ելնելով այս պարզ բանաձեւումներից, որոնց իրական խորապատկերը, որքան էլ պարադոքսալ (յարակարծական) թուայ՝ բացայայտօրէն ներկայացւում է Բաքուի բռնապետի կողմից: