
ԵՐԵՒԱՆ․- Ստորեւ կու տանք Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Լի Թրէյսիի ուղերձ՝ Հայաստանի Անկախութեան օրուան առթիւ․
Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը քուէարկեց Խորհրդային Միութեան կազմից դուրս գալու օգտին` կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետութեան կարգավիճակի վերականգնման հարցում:
Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան երեսնամեայ յոբելեանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունութիւնը եւ աւելի լաւ ապագայ կառուցելու վճռականութիւնը` ի հեճուկս աննախադէպ մարտահրաւէրների, ինչպիսիք էին համավարակը եւ անցեալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը: Ես տեսնում եմ, որ այս հինաւուրց ժողովուրդը անկախութեան միջոցով կերտում է իր պատմութեան նոր գլուխը: Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարաւորութիւններ ստեղծելու ճանապարհով եւ միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարեւորագոյն խնդիրները: Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկեան գործընկերութեան հիմքում եղել են հէնց այս ընդհանուր արժէքները:
Լայնածաւալ եւ խորը գործընկերութեան ուղին
Մենք Միացեալ Նահանգների առաջին դեսպանութիւնը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց` 1992ին, սակայն հայ-ամերիկեան գործընկերութիւնը շատ աւելի վաղ է սկսուել, քան մեր երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը: Դեռեւս 1919ին նախագահ Վուդրօ Վիլսոնի վարչակազմի ներքոյ ամերիկեան կառավարութիւնը տարածաշրջանով մէկ օժանդակութիւն էր ցուցաբերում Ցեղասպանութիւնից տուժած հայերին:
Այնուհետ Միացեալ Նահանգներն ակտիւ (աշխուժ) դերակատարում ունեցաւ` օգնելով Հայաստանին 1988ի կործանարար երկրաշարժից յետո․ Միացեալ Նահանգների կառավարութեան ու մասնաւոր քաղաքացիների կողմից օժանդակութիւն ցուցաբերուեց աղէտի հետեւանքների վերացման ու անօթեւան մնացածներին օգնելու հարցերում: Ամերիկայի արձագանգը սոսկ այս ողբերգութեան մասշտաբներով չէր պայմանաւորուած, այլ նաեւ ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջեւ առկայ կապերի խորութիւնը: Խօսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չյիշատակել հայկական ակտիւ Սփիւռքը Ամերիկայում, որը մեր երկու երկրների ու մեր յարաբերութիւնների ամրութեան հարցում մշտապէս հանդիսացել է կարեւորագոյն գործօն:
Միացեալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմամբ մեր գործընկերութեան դուռն աւելի լայն բացուեց: Եւ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացեալ Նահանգների կողմից տրամադրուել է շուրջ 3 միլիարդ դոլար աջակցութիւն, մեր կապերն առաւել քան երբեւէ ամուր են: Ամուր ժողովրդավարական հաստատութիւնների ձեւաւորում ու պահպանում, իրաւունքի գերակայութեան ապահովում եւ զեղծարարութեան դէմ պայքար, մարդասիրական օգնութիւն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառոյցների կարողութիւնների մեծացում, տնտեսական հնարաւորութիւնների վերհանում եւ խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգութեան պահպանութիւն, կրթական հնարաւորութիւնների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում եւ տարածաշրջանային խաղաղութեան նախաձեռնութիւնների օժանդակում․ ահա երկկողմ յարաբերութիւնների այն լայն շրջանակը, որի ձեւաւորմանն ու ամրապնդմանն ուղղուել են մեր համատեղ ջանքերը:
Տոկունութիւն ի հեճուկս մարտահրաւէրների
Մեր բազմազան գործընկերութիւնն ամէնուր միտուած է այն նպատակին, որ մարդկանց կեանքը բարելաւուի, բոլորս լինենք առողջ եւ ապահով ու աւելի լաւ աշխարհ թողնենք մեր երեխաների համար: Ինչպէս այս տարի աւելի վաղ Հայոց ցեղասպանութեան յիշատակման իր խօսքում նշեց նախագահ Բայդենը, «այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաեւ մեր հայեացքն ուղղենք դէպի ապագայ` դէպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ, որ ստուերուած չէ մոլեռանդութեան ու անհանդուրժողականութեան առօրեայ չարիքներով, աշխարհ, որտեղ յարգուած են մարդու իրաւունքները եւ որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կեանքն արժանապատիւ ու անվտանգ»:
Վերջին քսան ամիսը փորձութիւնների շրջան էին, սակայն կրկին ի ցոյց դրուեց հայ ժողովրդի տոկունութիւնն ու հայաստանեան ժողովրդավարութեան ամրութիւնը: Այս տարուայ ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրաւունքների ապահովման համար, այլ նաեւ հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժուարութիւնների, հայաստանեան ժողովրդավարութիւնը աներեր մնաց: Ու թէպէտ մենք չպէտք է մոռանանք մարտահրաւէրների, ողբերգութիւնների ու դժուարութիւնների մասին, որոնք մինչ օրս յաղթահարուած չեն, սակայն պէտք է նաեւ աչքի առաջ ունենանք այն ամէնը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը:
Վերջին երեսուն տարուայ ընթացքում ձեւաւորուած կապերի ամուր հիմքի վրայ շարունակելով մեր աշխատանքը` մենք հայ-ամերիկեան յարաբերութիւնների դրական ապագայ ենք տեսնում եւ շարունակում ենք վստահութեամբ նայել դէպի Հայաստանի ապագան` որպէս ինքնիշխան, բարեկեցիկ պետութիւն, որը հաշուետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարեւաններից: Մենք սպասում ենք մեր գործընկերութեանը շարունակական ընթացքին` մինչ Հայաստանն ընթանում է 1991ի Սեպտեմբերի 21ին որդեգրած ճանապարհով: