Յայտնում ենք, որ ստացել ենք հասցէական նուիրատուութիւն՝ ՀՅԴ Հայ Դատի Արցախի նորահաստատ գրասենեակի գործունէութեանն աջակցելու համար:
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդն իր երախտագիտութիւնն է յայտնում Ամերիկայի Միացեալ Նահանգներում գործող «Sose & Allen՚s Legacy» հիմնադրամին՝ Հայ Դատի Արցախի գրասենեակի աշխատանքների առաջին մէկ տարուայ համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նուիրաբերութեան համար: Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում նաեւ հիմնադրամի կողմից նորահաստատ գրասենեակում, առաջիկայ հինգ տարիների ընթացքում, երիտասարդների վարժողական ծրագրի ֆինասական ծախսերը հոգալու համար:
Մեր ժողովրդի համար դժուարին այս ժամանակահատուածում Արցախն առաւել քան երբեւէ ունի աշխարհասփիւռ հայութեան, համահայկական կազմակերպութիւնների, մեր կարող հայրենակիցների կարիքը:
Մեր պայքարի ներկայ հանգրուանում ազգային-պետական նպատակներից նահանջը լաւագոյն նուէրը կը լինի իր յանցագործ նպատակներին ամբողջապէս չհասած եւ Ղարաբաղեան հիմնախնդիրը նոյնիսկ պատերազմական ճանապարհով չլուծած թշնամուն:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիակատար իրացումը, 1988ի Ազգային ազատագրական շարժման նպատակներն այլընտրանք չունեն: Այս յանձնառութեան ճանապարհին Հայ Դատի համաշխարհային ցանցը, իր նուիրեալ բարեկամների հետ, որեւէ ջանք ու միջոց չի խնայելու:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենեակ
11 09 2021