ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Օգոստոսի 19ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորին յանձնեց Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն պարգեւներից մէկը հանդիսացող Երախտագիտութեան մեդալ՝ Հայաստանի վարչապետի ներկայացմամբ եւ Հայաստանի նախագահի կողմից շնորհուած:
Պարգեւատրման արարողութիւնը տեղի ունեցաւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում:
«Երկարամեայ հայանպաստ գործունէութեան, հայ-ամերիկեան բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանին պարգեւատրել Երախտագիտութեան մեդալով», նշուած է Հայաստանի նախագահի հրամանագրում:
Մեդալի յանձնման արարողութեան ընթացքում հնչեցրած իր խօսքում դեսպան Բայբուրդեանը ընդգծեց, որ Փօլ Գրիգորեանը բարձրագոյն պարգեւին արժանանում է հայրենիքի նկատմամբ ցուցաբերած անմնացորդ նուիրումի համար եւ չափազանց բարձր գնահատեց իր գործունէութիւնը ԱՄՆ երկրորդ ամենամեծ քաղաքը հանդիսացող Լոս Անջելեսի, ինչպէս նաեւ ամբողջ Կալիֆորնիայի շրջանակներում: Հիւպատոսը շեշտեց Գրիգորանեանի արժէքաւոր ներդրումը Հայաստան-Կալիֆորնիա յարաբերութիւնների զարգացման, հայ համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծման, ինչպէս նաեւ Հայաստանին եւ Արցախին աջակցութեան գործում: Մասնաւորապէս, Բայբուրդեանը կարեւորեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից Թուրքիայի աջակցութեամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դատապարտման ու հայ ժողովրդի նկատմամբ բռնութեան դադարեցման հնչեցրած պահանջը:

«Արցախեան պատերազմի հէնց առաջին օրերին Փօլ Գրիգորեանը ձեռնամուխ եղաւ ամերիկացի քաղաքական եւ պետական գործիչների համախմբմանը՝ յանուն Արցախի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի դադարեցման: Նրա ջանքերի շնորհիւ համատեղ մամուլի ասուլիսով հանդէս եկան ԱՄՆ կոնգրեսականներ, Կալիֆորնիայի նահանգայի խորհրդարանի առաջնորդներ եւ անդամներ, Լոս Անջելեսի քաղաքային ղեկավարներ եւ պաշտօնեաներ՝ պահանջելով անմիջապէս դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ բռնութիւնը: Պատերազմի աւարտից յետոյ Փոլ Կրեկորեանի շնորհիւ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձեւ ընդունեց, որով վերահաստատեց Լոս Անջելես քաղաքի աջակցութիւնը Արցախի Հանրապետութեան ժողովրդին: Փօլ Գրիգորեանի նախաձեռնութեամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն մէկ այլ հռչակագիր ընդունեց, որով Ադրբեջանից պահանջեց անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեւարուած խաղաղ բնակչութեանը, ինպես նաեւ Նոյեմբերի 9ը հռչակուեց ադրբեջանական ագրեսիայի զոհերի յիշատակի օր: Գրիգորեանի՝ Արցախին անվերապահ աջակցութեան վկայութիւններից է այն, որ դեռեւս 2012 թուականին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսն ու Շուշին հռչակեց բարեկամ քաղաքներ, իսկ 2013 թուականին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը յատուկ ընդունած հռչակագրով ճանաչեց Արցախի անկախութիւնը՝ իբրեւ ինքնիշխան պետութիւն», իր ելոյթում ասաց դեսպան Բայբուրդեանը:
Հիւպատոսը նշեց նաեւ, որ Արցախի պատերազմի օրերին մեծամասամբ Գրիգորեանի գործունէութեան շնորհիւ ամերիկեան լոբբիստական «Մերկուրի» ընկերութիւնը դադարեցրեց Թուրքիայի հետ համագործակցութիւնը:
Արմէն Բայբուրդեանը նշեց նաեւ, որ հայազգի գործիչը մեծ դեր ունի նաեւ ամերիկահայ համայնքի առանձին խնդիրների լուծման գործում. Գրիգորեանի շնորհիւ է, որ ամերիկեան ընտրական տպագրական նիւթերում ներառուել է նաեւ հայերէնը: Դեսպան Բայբուրդեանն ասաց նաեւ, որ Փօլ Գրիգորեանի գործունէութեան արդիւնքում 2019 թուականին հնարաւոր դարձաւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանութիւնների կողմից քաղաքապետարանում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի աննախադէպ ընդունելութիւնը եւ հիւրընկալութիւնը:
«Այս ամէնը գալիս են վկայելու Փօլ Գրիգորեանի հայանպաստ գործունէութեան եւ հայ-ամերիկեան յարաբերութիւններում կարեւոր աւանդի մասին, որի համար այսօր մենք երախտագիտութիւն ենք յայտնում նրան», ասաց դեսպան Բայբուրդեանը:
Փօլ Գրիգորեանն իր հերթին երախտագիտութիւն յայտնեց Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն պարգեւի համար: Նա նշեց, որ կատարել է իր պարտականութիւնը՝ իբրեւ հայորդի եւ պատրաստակամութիւն յայտնեց այսուհետեւ նոյնպէս մշտապէս կանգնել Հայաստանի եւ Արցախի կողքին:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)