ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- 29 Յուլիսին, «Եռաբլուր» պանթէոնին մէջ, պետական պաշտօնեայ մը իրեն տրուած «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի շքանշանը՝ տպագիր գրութեամբ, զետեղեց արցախեան 44օրեայ պատերազմին մասնակցած նահատակ հերոս Ալբերտ Յովհաննիսեանի շիրիմաքարին վրայ՝ աւելի ճիշդ նկատելով շքանշանը նուիրել բոլոր անմահացած տղոց։ Այս մասին յայտնեց Ալբերտին հայրը` Արտակ Յովհաննիսեան:
Պետական պաշտօնեան շիրիմաքարին վրայ զետեղած գրութեան մէջ կ՛ըսէ հետեւեալը. «Ճիշդ է` բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միեւնոյն է, պատերազմի ծանրութիւնը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կեանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով աւելի է ծանրանում, երբ սահմանում կրկին զինուորներ են անմահանում: Բայց այս համատարած խաւարում, տուեալ անձնաւորութեան` խղճի առաջ ազնիւ գտնուելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ յիշում ենք ու գնահատում: Շնորհակալ ենք ձեզ ոչ թէ հայրենիքի համար իրենց կեանքը նուիրաբերած հայորդիներին խոնարհուելու համար, քանզի դա իւրաքանչիւրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաեւ ձեզ պէս սրտով ու խղճով առաջնորդուող ողջամիտ մարդիկ ու ամենակարեւորը` բոցավառեցիք մեր ազգային արժանապատուութիւնը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու յոյսը»: