ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոլիվուդի մեծահասակ հայ բնակիչները պատուաստուեցին կորոնավարակի դէմ՝ Հոլիվուդ «Փրեբիսթերեըն» բժշկական կենտրոնի եւ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միչ Օֆերելի գրասենեակի համատեղ նախաձեռնութեան շրջանակներում:
Սանսեթ-Նորմանդի Թաուըրզ մեծահասակների շէնքի բնակիչներին Մայիսի 27ին այցելել էին «Փրեբիսթերեըն» կենտրոնի պատուաստման շարժական կայանի մասնագէտները: «Որոշեցինք համագործակցել մեր ընտրաշրջանից քաղխորհրդի անդամ Միչ Օֆերելի գրասենեակի հետ եւ առաջարկեցինք պատուաստման նպատակով ստեղծուած մեր շարժական կենտրոնը տանել այն մարդկանց մօտ, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող գալ մեր մօտ: Այս տարուայ Փետրուարից, Հոլիվուդ «Փրեբիսթերեըն» բժշկական կենտրոնի կայանատեղիում ստեղծել ենք պատուաստելու համար յատուկ կայան, որտեղ մարդկանց պատուաստում ենք մեքենայով անցնելու (drive through) ձեւաչափով: Մինչ վերջերս օրական մատակարարել ենք շուրջ 1000 մեքենայի վարորդի, եւ վերջերս, երբ այդ թիւը որոշակի նուազել է, որոշեցինք նաեւ մենք այցելութիւններ կազմակերպել: Քաղաքի տարեց բնակիչները շատ յաճախ չեն կարողանում գնալ պատուաստուելու, եւ մենք այսօր, մեր հիւանդանոցի բժիշկների ու բուժանձնակազմի հետ միասին այցելել ենք մեծահասակների տուն», տեղեկացրեց Հոլիվուդ «Փրեբիսթերեըն» բժշկական կենտրոնի գործադիր տնօրէն Ռէյ Հահնը:
Հաստատութեան բակում հաւաքուել էին բնակիչներ, նաեւ նրանց բարեկամներն ու ընկերները՝ բժիշկներից լսելու կորոնավարակի պատուաստանիւթի, դրա ազդեցութեան, պատուաստման առաւելութիւնների մասին: Նրանք նաեւ առիթ ունեցան տարբեր հարցեր ուղղելու մասնագէտներին՝ վստահ լինելու պատուաստուելու իրենց որոշման հարցում: «Կորոնավարակի մասին բազմաթիւ առասպելներ են տարածուած, որոնց մարդիկ հաւատում են: Մենք, մինչ պատուաստում առաջարկելը, տեղեկութիւններ տրամադրեցինք մեր մեծահասակներին, ովքեր տարբեր մտավախութիւններ ունէին պատուաստանիւթի մասին՝ ներկայացնելով գիտական տուեալներ, նշելով ամիսներ շարունակ տեւած փորձարկումների մասին: Շատ կարեւոր է, որ մարդիկ գիտակցուած կայացնեն իրենց որոշումը», նշեց «Փրեբիսթերեըն» բժշկական կենտրոնի բժիշկ Գրիգոր Քալինջեանը, ով գործընկերոջ Միքայէլ Կարապետեանի եւ քոյրերի հետ միասին նաեւ անհատական խորհրդակցութիւն էին տրամադրում իւրաքանչիւր այցելուի: «Որեւէ խրոնիկ հիւանդութիւն ունէ՞ք, ուղեկցող հիւանդութիւ՞ն, արիւնը նօսրացնող դեղորայք օգտագործում է՞ք», մի քանի ճշդող հարցերից ու ընդունելի պատասխան լսելուց յետոյ միայն իրականացւում էր պատուաստումը: Միաժամանակ, նրանք տեղեկացրեցին պատուաստուելուց յետոյ որոշակի երեւոյթների մասին, այն է՝ մկանային ցաւերի, յօդացաւերի, ջերմութեան բարձրացման, սրտխառնոցի, դողէրոցքի, որոնք սպասելի են, կարող են տեւել երկու-երեք օր, եւ մտահոգուելու տեղիք չպէտք է տան:
Մեծահասակների հաստատութեան կառավարիչ Կարինէ Նիկոյեանը երախտագիտութիւն յայտնեց ձեռնարկի կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ յատկապէս իրենց բնակիչների համար, ում տարիքը 62ից մինչեւ 103 տարեկան է, չափազանց կարեւոր էր մասնագէտների այցն ու վերաբերմունքը: «Մեր շէնքի բնակիչների մեծամասնութիւնը հայեր են: Նրանցից շատերը սկզբում վախ ունէին պատուաստուելուց, սակայն բժիշկների հետ խօսելուց յետոյ, ոչ միայն իրենք դիմեցին պատուաստուելու համար, նաեւ՝ կանչեցին իրենց ընկերներին ու բարեկամներին միանալու», պատմեց Նիկոյեանը՝ իր օրինակով նաեւ ոգեւորելով միւսներին:
«Կարեւորում ենք, որ բոլորը հնարաւորութիւն ունենան ստանալու պատուաստում եւ տեղեկացուած լինեն: Այս նպատակով էր, որ «Փրեբիսթերեըն» բժշկական կենտրոնի հետ ընտրեցինք մեծահասակների այս հաստատութիւնը, որտեղ լսել էինք, որ մարդիկ հիմնականում հրաժարուել էին պատուաստուել, որովհետեւ տեղեակ չէին պատուաստանիւթի մասին մանրամասների: Բժիշկները կատարեցին իրենց առաքելութիւնը, բացատրեցին, որ այն անվտանգ է, եւ ուրախ եմ, որ երկու տասնեակից աւելի մարդ համաձայնուեց պատուաստուել», նշեց Լոս Անջելեսի քաղխորհրի անդամ Միչ Օֆերելը: Նա նաեւ յայտնեց, որ եթէ կան մարդիկ, ովքեր հարցեր ունեն եւ կամ ցանկանում են պատուաստուել՝ կարող են զանգահարել իր գրասենեակ, եւ կը ստանան համապատասխամ ուղղորդում:
Պատուաստուած բնակիչները գոհունակութիւն յայտնեցին իրենց նկատմամբ ցուցաբերուած վերաբերմունքից:
Ստորեւ ներկայացնում ենք կորոնավարակի պատուաստանիւթի մասին Հոլիվուդի «Փրեբիսթերեըն» բժշկական կենտրոնի տրամադրած տեղեկութիւնները՝ հարց ու պատասխանի ձեւաչափով:
COVID-19 պատուաստանիւթի կողմնակի ազդեցութիւնները կարող են ինձ աւելի վնաս պատճառել, քան վարակը, կամ, ես բացասական կ՛արձագանգեմ պատուաստանիւթին:
COVID-19 պատուաստանիւթերը հարկազերծ կամ ախտամերժ պատասխան են (immune response) առաջացնում մանրէի (virus) նկատմամբ եւ դրանով պայմանաւորուած, որոշ անհատների մօտ կարող են կողմնակի հետեւանքներ առաջանալ, սակայն դրանք սովորաբար մեղմ են արտայայտւում: Պատուաստանիւթի օգուտներն շատ աւելին են, քան կողմնակի հետեւանքները, յատկապէս որ COVID-19- ով վարակուելը կարող է շատ աւելի վտանգաւոր լինել, առաջացնելով ծանր, երկարաժամկէտ եւ նոյնիսկ կեանքին սպառնացող ախտանիշներ:
COVID-19 պատուաստանիւթը մշակուել է շատ արագ եւ բաւականաչափ լայնօրէն փորձարկուած չէ:
Գիտնականները, բժիշկներն ու պետական գործակալութիւնները կարողացան արագօրէն մշակել COVID պատուաստանիւթը`համեմատած այլ պատուաստանիւթերի, քանի որ նշանակալի միջոցներ ներդրեցին եւ հնարաւորինս արագացրեցին գործընթացը: COVID-19 հաստատուած պատուաստանիւթերը լայնօրէն փորձարկուել են աշխարհի եւ Միացեալ Նահանգների բնակիչների վրայ:
Եթէ ես COVID-19 պատուաստանիւթ ստանամ, պէ՞տք է ցոյց տամ քաղաքացիութեան ապացոյց:
COVID-19 պատուաստանիւթի առաջնահերթութիւնների եւ պահանջների հարցը տարբերւում է նահանգից նահանգ: Լոս Անջելեսի վարչաշրջանում, գրանցուելիս կամ պատուաստանիւթ ստանալիս անհատներին հարցի չի տրուի նրանց գաղթականութեան կարգավիճակի մասին:
Ես չեմ կարող պատուաստուել Լոս Անջելեսում, քանի դեռ չունեմ մեքենայ, որ հասնեմ պատուաստանիւթ ստանալու կայեաններից մէկը:
Լոս Անջելեսում աճում են պատուաստելու համար նախատեսուած կայանները, որտեղ մարդիկ կարող են հասնել քայլելով առանց մեքենայի: Դրանցից շատերը գտնւում են Լոս Անջելեսի դեղատնային եւ մթերային ցանցերում: Նախապէս գրանցուելու մասին լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելէք publichealth.lacounty.gov:
Ես ստիպուած կը լինե՞մ վճարել COVID-19 պատուաստանիւթի համար, կամ առողջական ապահովագրութեան կարիք կ՛ունենա՞մ`ծախսերը հոգալու համար:
Լոս Անջելեսի շրջանում COVID-19 պատուաստանիւթն անվճար է բոլորի համար՝ անկախ բժշկական ապահովագրութիւն ունենալու հանգամանքից:
COVID-19 պատուաստանիւթը արդիւնաւէտ չէ:
Կլինիկական փորձարկումներում ապացուցուած է, որ Pfizer, Moderna եւ Johnson & Johnson պատուաստանիւթերը շատ արդիւնաւէտ են COVID-19-ի կանխարգելման հարցում:
COVID-19 պատուաստանիւթը չի աշխատի մանրէի մուտացիաների (փախակերպումների) դէմ:
FDA-ի կողմից հաստատուած COVID-19 պատուաստանիւթերն առաջացնում են լայն հարկազերծ կամ ախըամերժ (իմունային) պատասխան մի շարք բջիջների եւ հակամարմինների հետ, ուստի բժշկական համայնքը ակնկալում է, որ դրանք կը պաշտպանեն մանրէի մուտացիաներից եւ տարբերակներից:
COVID-19 պատուաստանիւթը կը փոխի՞ իմ ԴՆԹն (DNA-ը):
COVID-19 պատուաստանիւթերը չեն փոխում ԴՆԹն: Pfizer-BioNTech եւ Moderna պատուաստանիւթերը իմունային համակարգ (immunity) ստեղծելու համար օգտագործում են սուրհանդակային RNA (mRNA) տեխնոլոգիա: Դրանք մարմնի բջիջներին հրահանգում են ստեղծել «հասկերի սպիտակուցներ», որոնք կրկնօրինակում են մանրէի բջիջների կառուցուածքն ու առաջացնում իմունային պատասխան՝ առանց մարմինը երբեւէ ենթարկելու մանրէին: mRNA պատուաստանիւթերը չեն փոխազդում մարմնում գտնուող ԴՆԹի հետ, եւ mRNA-ն բջիջների միջոցով դուրս է բերւում մարմնից գործընթացի աւարտից յետոյ:
COVID-19 պատուաստանիւթը կարող է նուազեցնել կնոջ պտղաբերութիւնը:
Կլինիկական ապացոյցներ չկան, որ COVID-19 պատուաստանիւթերը կ՛ազդեն կնոջ պտղաբերութեան վրայ:
COVID-19 պատուաստանիւթը կարող է քաղցկեղ առաջացնել:
COVID-19 դէմ հաստատուած պատուաստանիւթերից ոչ մէկը չի փոխում ԴՆԹն եւ արդիւնքում՝ չի կարող քաղցկեղ առաջացնել:
Աւելի լաւ է ստանալ բնական ախտազերծում (immunity) հիւանդանալով COVID-19-ով, քան պատուաստուել, կամ, ես արդէն վարակուել եմ, եւ ըստ այդմ, կարիք չունեմ պատուաստուելու:
Անյայտ է, թէ որքան բնական ախտազերծում է (immunity) ձեռք բերում մարդը COVID-19 վարակից յետոյ: Աւելի քիչ ռիսկային է զարգացնել ախտազերծում COVID-19 պատուաստանիւթից, քան հիւանդանալու ռիսկի դիմել՝ առանց իմանալու, թէ որքան ծանր կը լինեն ախտանիշները:
COVID-19 պատուաստանիւթը պարունակում է միկրոչիպ (microchip), որը կարող է օգտագործուել իմ անձնական տարածք ներխուժելու եւ գործունէութեանս հետեւելու համար:
Համացանցում եւ սոցիալական հարթակներում շրջանառուող լուրերն ու ապատեղեկատուութիւնն այն մասին, որ COVID-19 պատուաստանիւթերը պարունակում են միկրոչիպ, որը կարող է հետեւել մարդկանց՝ իրականութեանը չեն համապատասխանում: