Մայիսի 5ին, «Արմէն Համբար» սրահում տեղի ունեցաւ Արեւմտեան թեմի Հոգեւորականաց ընդհանուր ժողովը, նախագահութեամբ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի եւ մասնակցութեամբ երեք տասնեակ հոգեւոր հայրերի: Ժողովի ատենապետն էր Սասուն Ծ. վրդ. Զմրուխտեանը, քարտուղարը՝ Մաշտոց քհնյ. Քէշիշեանը: Սա առաջին ժողովն էր նախորդ տարուայ արգելանքներից յետոյ, եւ դրանով պայմանաւորուած էր ժողովի խիստ յագեցած օրակարգը ու նաեւ քննարկումների արդիւնաւէտ ընթացքը:
Ժողովը բացուեց հոգեւոր արարողութեամբ, որից յետոյ Մաշտոց Չոպանեանը ներկայացրեց օրուայ Աւետարանական ընթերցուածքի խորհուրդը՝ խօսելով Թզենու առակի մասին:
Ատենապետ հայր Սասունը խօսեց յատկապես 2020ի բերած պատուհասների, այդ թուում՝ մեր եկեղեցու կորուստների մասին: «44 օրերին պատերազմող մեր ժողովուրդին աջակցելու թեմի քայլերը ցոյց տուեցին, որ Արեւմտեան թեմը Յովնան սրբազանի առաջնորդութեամբ իսկապէս հայրենիքի հետ կապուած եւ նրա ցաւով ապրող հաստատութիւն է», ընդգծեց նա:
Յաջորդիւ իր զեկոյցը ներկայացրեց առաջնորդը՝ յատկապէս կանգ առնելով հայրենիքի աջակցութեան ծրագրերի վրայ: Համավարակի, Արցախեան ազատամարտի եւ այլ ծրագրերի համար միայն թեմի եւ ծուխերի, առանձին հոգեւորականների ջանքերով հանգանակուել է բազմամիլիոն աջակցութիւն, որոնք այսօր էլ շարունակւում են, «եւ դա պատիւ է բերում մեր թեմին ու հոգեւորականաց, որոնց քարոզչական կոչերով հնարաւոր եղաւ հասնել նման արդիւնքի», ասաց Յովնան սրբազանը եւ յոյս յայտնեց, որ անհանդուրժողութեան ոգին կը վերանայ եւ Հայաստանը շուտով կ՛անցնի ստեղծագործ աշխատանքի, քանզի «արտաշխարհը իր հայացքը յառած է հայրենիքին»: Սրբազանը նաեւ իր գնահատանքի խօսքն ասաց առաջնորդարանի պաշտօնէութեանը:
Ժողովի ժամանակ արծարծուեցին բազմաբնոյթ հարցեր, որ վերաբերում են հիմնական մի քանի թեմաների:
Առաջնորդարանի աշխատանքները ներկայացրեց առաջնորդարանի տնօրէն Յարութ սրկ. Մարգարեանը: Նա առաջարկեց առաւել սերտացնել ծուխերի ու առաջնորդարանի միջեւ կապը:
Լրատուութեան բաժնի պատասխանատուներ Վահէ Սարգսեանը եւ Սերգէյ Առուստամեանը խօսեցին լրատու նիւթերի եւ դրանցում ծուխերի ծրագրերը հնարաւորինս լայնօրէն արտացոլելու հարցերի մասին:
Հոգեւոր-կրթական ծրագրերին մասին անդրադարձ եղաւ տարբեր առումներով: Մաշտոց Չոպանեանը ներկայացրեց Աստուածաշնչական սերտողութեան ծրագրերը՝ պատրաստակամութիւն յայտնելով ծուխերին տրամադրել խտացուած դասընթացների նիւթեր: Հայկ Մադոյեանը խօսեց Քրիստոնէական դաստիարակութեան ծրագրերի մասին, որոնք ներառում են մասնաւորապէս դասընթացներ, ուխտագնացութիւններ, առանձնացումներ, ներկայում նաեւ՝ դասեր Սեւանի դպրեվանքի սաների համար:
Ընդմիջումից յետոյ ծաւալուած քննարկումների ընթացքում Վազգէն քհնյ. Բոյաջեանը ներկայացրեց Շաբաթնօրեայ եւ Կիրակնօրեայ դպրոցների առաքելութեան բարելաւման հարցերը, որի վերաբերեալ անհրաժեշտ համարեց կազմակերպել կիրակնօրեայ ուսուցիչների վարժանքներ:
Վազգէն քհնյ. Մովսիսեանը խօսեց Ապրիլի 23-24ի արարողութիւնների եւ տեղ գտած որոշ անհարթութիւնները յետագայում ուղղելու հարցերի մասին, ներկայացրեց նաեւ թեմի երիտասարդական ծրագրերը, այդ թւում՝ Սերունդների կամրջում (Bridging Generation) եւ Սարկաւագաց խորհուրդ:
Տէր Շնորհքը մատուցեց քարոզխօսական որոշ գործնական նկատառումներ՝ հաւատացեալների հնարաւոր հարցականներին պատասխանել կարողանալու համար:
Անցնող տարում նախաձեռնած բազմաթիւ բարեգործական ծրագրերն ու հանգանակութիւններն ներկայացրեց ծրագրերի պատասխանատու Տիրան Աւագեանը: Դրանք առնչւում են Ս. Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգութեանը, բէյրութահայերին, համավարակին, Արցախեան պատերազմին (միայն վերջինի համար՝ աւելի քան 3.2 միլիոն դոլար), յատկապէս շեշտելի համարեց առաջնորդի ու հոգեւոր հովիւների անձնական մասնակցութիւնը այդ ծրագրերին: Ծրագրերը շարունակական ընթացքի մէջ են, ինչպէս օրինակ՝ աջակցութիւնը Արցախից տեղահանուած ընտանիքներին: Մարդասիրական ծրագրերի մէջ են նաեւ հիւանդանոցներին աջակցութիւնը՝ թէ՛ Կալիֆորնիայում, թէ՛ Հայաստանում:
Հոգեւորականաց ժողովի ժամանակ արծարծուեցին ծիսական-կանոնական այժմէական մի շարք հարցեր: Կանոնական հարցերի շուրջ բանաձեւեր մշակելու համար ստեղծուեց յանձնախումբ Յովնան արք.ի ղեկավարութեամբ եւ հայր Տաճատի, տէր Շնորհք քահանայի, Գէորգ սարկաւագի մասնակցութեամբ:
Առաջարկուեց ստեղծել քահանայական թեկնածուների ուղեցոյց՝ մարզելու համար նոր թեկնածուներին ու ծխական մարմինների անդամներին: Վերջին այս նպատակի համար առաջնորդի յանձնարարութեամբ ստեղծուեց յանձնախումբ: Յովնան սրբազանն այս առումով ներկայացրեց նաեւ թեմական խորհուրդին կից կանոնադրական փոփոխութիւնների ընթացքը:
Մի շարք հարցեր գործնականօրէն լուծելու համար ներառնուեցին վարչական ժողովի օրակարգի մէջ: Իսկ գործարկուած յանձնախմբերը յառաջիկային պիտի ներկայացնեն իրենց աշխատանքի արդիւնքները:
Արեւմտեան թեմի Հոգեւորականաց ընդհանուր ժողովն իր աշխատանքը աւարտեց առաջնորդ սրբազանի ամփոփիչ խօսքով, ապա շարականի երգեցողութեամբ ու աղօթքով:
(Քաղուած առաջնորդարանի թղթակղութենէն)