ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐԵԱՆՑ
Դոկտ. Գրիգորեանը ծնուել էր 1934թ. Ապրիլի 8ին, Իրանի Թաւրիզ քաղաքում:
Շրջանաւարտ Բէյրութի Նշան Փալանջեան Ճեմարանից, հետեւել է Ճեմարանի հայագիտական բարձրագոյն դասընթացներին, միաժամանակ լինելով Հայաստանի Հանրապետութեան վերջին վարչապետ՝ Սիմոն Վրացեանի քարտուղարներից մէկը: Բէյրութ գտնուած տարիներին եղել է նաեւ Թեհրանի «Ալիք» օրաթերթի թղթակիցը:
Նա դոկտորական աստիճանի է արժանացել ԱՄՆի Ստանֆորդ համալսարանից, պրոֆեսորի աստիճանով պատմութիւն է դասաւանդել Սան-Ֆրանսիսկոյի նահանգային եւ այլ համալսարաններում: Նախագահն էր Նիւ Եորքի համայնական գրադարանի, Փենսիլվանիայի համալսարանի խորհրդատու եւ օտարազգի առաջին նախագահն էր Բրաունի համալսարանի եւ 1997 թուականից մինչեւ իր վախճանը՝ զբաղեցրել է Նիւ Եորքի Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտօնը:
Հեղինակել է մի շարք գրքեր, արժանացել դոկտորական պատուոյ տիտղոսների, ստացել ԱՄՆ Ազգային Մարդասաիրական մեդալ (1998) եւ նախագահական Ազատութեան մեդալ (2004):
Հայերէնից բացի տիրապետում էր անգլերէն, ֆրանսերէն, պարսկերէն եւ պորտուգալերէնին:
Յուսով եմ ուրիշներ դեռ շատ պիտի գրեն եւ մանրամասնօրէն անդրադառնան այս տաղանդաւոր հայի բարեմասնութիւններին:
Դոկտ. Գրիգորեանը ոչ միայն յարգուած գիտնական-պրոֆեսոր էր, այլ նաեւ՝ զուարթախօս:
Ներկայացնեմ իմ ունեցած փորձառութիւնից մի քանի օրինակներ. Ճարտարագիտութեան ուսանող էի Սան Ֆրանսիսկոյի պետական համալսարանում: Նա պատմութիւն էր դասաւանդում նոյն համալսարանում:
Մերթ ընդ մերթ ճաշում էինք միասին համալսարանի ճաշարանում:
1968թ. Սան Ֆրանսիսկոյի եւ Բըրքլիի համալսարանները եղել էին Վիետնամի պատերազմի եւ այլ առիթների հակա-կառավարական շարժումների եւ ցոյցերի կենտրոն:
«Black Panthers» (Սեւ Յովազներ) յեղափոխական խմբակը կազմակերպել էր մի հանդիպում սրահներից մէկում: Նպատակն էր պահանջներ ձեւակերպել եւ ներկայացնել համալսարանի ղեկավարութեանը: Հանդիպմանը կարող էին մասնակցել միայն սեւամորթ ուսանողները, բայց պատկերացրէք, թէ ո՞վ էր հրաւիրուած: Այո՛, դոկտ. Գրիգորեանը:
Նա յարգուած եւ վստահելի անձնաւորութիւն էր: Նւաստս եւ իմ մտերիմ ընկեր Միհրան Փիրումեանը ընկերակցում էինք դոկտ. Գրիգորեանին: Չեմ կարող մոռանալ, թէ ինչպէ՛ս մուտքի մօտ խռնուած սեւամորթ ուսանողները արագ ետ քաշուեցին ճամբայ բանալով մեզ համար:
2003 թուականի Նոյեմբերին, Լոս Անջելեսի Համազգային Մշակութային Միութիւնը, իր 75ամեակի հանդիսութեանը պատուեց դոկտ. Վարդան Գրիգորեանին:
Որպէս Համազգայինի Շրջանային վարչութեան ատենապետ պատիւ էր ինձ համար Լոս Անջելեսի միջազգային օդանաւակայանում ողջունելու մեր հիւրին: 35 տարիներ էին անցել, բայց նա ճանաչեց եւ երբ միմեանց ձեռք էինք սեղմում ժպտալով ասաց. «Շուրջ երկու ժամ առաջ, նախքան քեզ հանդիպելը, վերջին անգամ ձեռնուել եմ Քլինթ Իստվուդի (նշանաւոր դերասան եւ երկար ժամանակով Կալիֆորնիայի Քարմէլ քաղաքի քաղաքապետ) հետ: Ես կարեւոր համագումարի էի հրաւիրուած եւ պրն. Իստվուդը ինքն անձամբ ինձ օդանաւակայան ուղեկցեց:
Իր «Իմ Կենսագրութիւնը» գրքի շնորհանդէսին, որը տեղի էր ունենում Գլենդէլի կենտրոնական գրադարանում»։ Նա պատմում էր իր կեանքի դրուագներից մէկի մասին:
Բարեսիրական ծրագրերից մէկում նա պարի է հրաւիրում Իրանի նախկին թագուհուն՝ Ֆարրահին: Ինչպէս ինքն էր պատմում, – պարելու պահին մտաբերեցի տատիկիս եւ պատկերացնում էի, որ նա պիտի ասէր ինձ «Ծօ, գեադա՛, հիմա թագուհո՞ւ հետ ես պարում…»:
Դեռ շատ բան կարելի է գրել Վարդան Գրիգորեան մարդու, գիտնականի եւ ամենակարեւորը, հայի անունը միջազգային ասպարէզում շողացնող հսկայի մասին, բայց այն թողնենք իր հարազատներին, գործընկերներին եւ նրա գործունէութեանը լաւատեղեակ անձնաւորութեանց: