ԵՐԵՒԱՆ.- «Հայրենիքի փրկութեան շարժում»ը հրապարակեց շարժումի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանի յայտարարութիւնը, որուն մէջ ան կ՛անդրադառնայ Մոսկուայի եռակողմանի հանդիպման, որ հասարակական-քաղաքական շրջանակներու մէջ լուրջ մտահոգութիւններու ու տագնապներու առիթ հանդիսացաւ:
«Հայաստանն այդ հանդիպումից որեւէ դրական արդիւնք չստացաւ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը եւս մէկ անգամ վաւերացրեց այն, ինչի համար եկել էր: Ստորեւէ մանուկեանի յայտարարութիւնը.
«Սա հերթական խայտառակ պարտութիւնն էր Հայաստանի համար:
Նոյեմբերի 9ի յայտարարութեամբ Ադրբեջանն արդէն իսկ ստացել էր աւելին, քան կարող էր երազել: Այդ յայտարարութեան որոշ կէտերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին` 1ին կէտ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերումէ) եւ 8րդ կէտ («…ռազմագերիների, պատանդների եւ պահուող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումէ): Այս ամէնը` Նիկոլ Փաշինեանի օգնութեամբ եւ անգործութեամբ:
«Յունուարի 11ին Մոսկուայում Ալիեւը վերահաստատեց եւ նոր հիմքերի վրայ դրեց 9րդ կէտի իրականացումը («…տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակւում են, Հայաստանն երաշխաւորում է տրանսպորտային կապերի անվտանգութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ…է), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակութիւն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինեանի վարչապետութեան պայմաններում այս կէտի իրականացման յետագայ բանակցութիւնների արդիւնքները նոյնպէս լիովին բաւարարելու են միայն Ադրբեջանին:
«Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը Յունուարի 11ի հանդիպումից, որը չստացաւ:
«Պէտք էր բարձրացնել Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան 1ին կէտին վերաբերող հարցը, որը խախտուել է յօգուտ Ադրբեջանի եւ որը սպառնալիք է Սիւնիքի համար:
«Որեւէ արձանագրում չեղաւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտութեան լուծման եւ Արցախի կարգավիճակի վերաբերեալ, ինչը նոյնպէս մեծ պարտութիւն էր:
«Եւ իհարկէ պէտք է յստակ դրուէր եւ լուծուէր գերիների հարցը:
Յունուարի 11ի եռակողմ հանդիպումն ու համատեղ յայտարարութիւնը եւս մէկ անգամ վերահաստատեցին մեր մօտեցումը, ըստ որի` Նիկոլ Փաշինեանն ի զօրու չէ առաջ տանել Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը:
«Պարտութեան խորհրդանիշը պէտք է հեռանայ, հակառակ դէպքում մեր կորուստներն ու նուաստացումները շարունակուելու են»։