ԵՐԵՒԱՆ․- «Հայրենիքի փրկութեան շարժում»ի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան յայտնեց, որ Նիկոլ Փաշինեան երկիրը պիտի կործանէ. ան պէտք է բանտարկուի։ «Փողոցից ցանկացած մէկին վերցրէք, դրէք էնտեղ, Հայաստանի համար 10 անգամ աւելի լաւ կը լինի», ըսաւ ան։
Վազգէն Մանուկեան յայտնեց, թէ որպէսզի իշխանութիւններու հեռացման գործընթացը տեղի ունենայ քաղաքակիրթ ուղիով, ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի: «Եթէ մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, չքանդենք պետութիւնը, ապա այստեղ ժողովուրդը պէտք է մասնակցի: Եթէ 100 հազար մարդ այստեղ լինէր, հիմա հարցը վերջացած կը լինէր, բայց այդ 100 հազարաւոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանւում է, բայց տանը նստած են: Յետոյ գիտէք, մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի (ընկճուած է-Խմբ.) մէջ է, 2.5 տարի առաջ ոտքի բարձրացաւ` մտածելով, որ լաւ կեանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ: Բայց ժողովուրդը այդ դէպրեսիւ (ընկճուած-Խմբ․) վիճակից դուրս կը գայ: Հայաստանում ինչ-որ կատարուի, կատարուելու է ոչ թէ ջոկատների, այլ ժողովրդի միջոցով», յայտնեց վարչապետի թեկնածուն:
Ըստ անոր՝ որքան շուտ հեռանայ այս իշխանութիւնը, այնքան Հայաստանի կորուստները քիչ կ՛ըլլան: «Սիւնիքը աւելի շատ պահպանած կը լինէինք, եթէ շուտ վերջացնէինք այս գործը: Հիմա կ՛ուշացնենք, էլի բան կը կորցնենք: Հիմա էլ պայմանագիր կը կնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կը ֆիքսեն այդ սահմանները, յետոյ մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու գործում: Ամէն մի օր մի բան կորցնում ենք մենք: Պատերազմը շարունակւում է, ակտիւ ֆազան վերջացաւ, հիմա էլ գնում է սողացող օկուպացիան Հայաստանի», ըսաւ Վազգէն Մանուկեան: