Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձեւ, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչութեան դէմ Թուրքիայի իշխանութիւնների աջակցութեամբ եւ օտարազգի վարձկանների մասնակցութեամբ սանձազերծուած ադրբեջանական յարձակումը եւ յստակօրէն պահանջում է, որ Ադրբեջանը եւ նրան սատարող ուժերը զօրքերը դուրս բերեն Արցախի տարածքից, որը նուաճուել է բռնի ուժի եւ բռնութեան գործադրմամբ:
Բանաձեւը նաեւ դատապարտում է խաղաղ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածուած յարձակումները եւ արգիլեալ ռումբերի կիրառումը:
Բանաձեւի նախաբանում խօսւում է նաեւ Արցախի հայ ազգաբնակչութեան ինքնորոշման իրաւունքի, ուժի չկիրառման մասին` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, եւ շեշտւում է, որ այդ սկզբունքները ոտնահարուել են Ադրբեջանի կողմից:
Քանի որ Նոյեմբերի 9ին ստորագրուած յայտարարութեան մէջ չի նշւում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարութեանն աջակցել Մինսկի խմբի հովանու ներքոյ բանակցութիւնների անյապաղ վերսկսումը, որը նպատակ կ՛ունենայ Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերեալ որոշում հաստատել, մասնաւորապէս հաշուի առնելով դրա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:
Բանաձեւը Բելգիայի կառավարութեան կոչ է ուղղում պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական միջամտութիւնը ղարաբաղեան հակամարտութիւնում եւ անմիջապէս վերջ տալ Հարաւային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը: Թուրքիան պէտք է նաեւ դադարի խթանել սիրիացի վարձկանների եւ ջիհադականների տեղափոխումը եւ տեղակայումը Լեռնային Ղարաբաղում եւ կազմակերպի նրանց անյապաղ տեղահանումը տարածաշրջանից: Ըստ բանաձեւի` Թուրքիայի կողմից ցանկացած միջամտութիւն հրադադարի պահպանումը դիտարկող առաքելութեանը համարուելու է վտանգաւոր տեղի բնակչութեան համար: Ցանկացած նման առաքելութիւն պէտք է ստանձնի Մինսկի խումբը:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը եւ Բելգիայի Հայ Դատի յանձնախումբը նաեւ ողջունում են այն փաստը, որ Բելգիայի խորհրդարանը դիմում է կառավարութեանը` եւրոպական գործընկերների հետ անել հնարաւոր ամէն բան` նպաստելու համար Արցախում աւերուած կամ վնասուած շէնքերի վերակառուցմանը, ինչպէս նաեւ մարդասիրական օգնութիւն ցուցաբերել Արցախի բնակչութեանը եւ զոհեր ունեցած եւ փախստական ընտանիքներին: Կառավարութիւնը կ՛աջակցի, որպէսզի UNESCO-ն առաքելութիւն ուղարկի ներկայումս ադրբեջանական վերահսկողութեան տակ գտնուող Արցախի տարբեր շրջաններ` յանուն ճարտարապետական եւ կրօնական ժառանգութեան պահպանման:
Բանաձեւը նաեւ անդրադառնում է գերիների վերադարձի խնդրին: Ներկայացուցիչների պալատը խստագոյնս դատապարտում է ռազմագերիների սպանութեան փաստը եւ պահանջում է, որպէսզի պատերազմի յանցագործութիւններ իրականացնողները հետապնդուեն եւ պատժուեն:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակ
Բելգիայի Հայ Դատի Յանձնախումբ