ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նոյեմբերի 30ին, Արցախի Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում տեղի ունեցաւ ուսումնական ջերմոցի բացում, որը կառուցուել է Awesome Foundation Արցախի դրամաշնորհով: Միջոցառման առթիւ Քարվաճառում էին Awesome Foundation Արցախի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ: Դպրոցի հարեւանութեամբ կառուցուած ջերմոցը դիտելուց, կատարուած ու կատարուելիք աշխատանքներին ծանօթանալուց յետոյ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները Քարվաճառի դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին ներկայացրին Awesome Foundation Արցախը, արդէն ընտրուած ու ֆինանսաւորուած նախորդ նախագծերը, ինչպէս նաեւ՝ հիմնադրամին դիմելու կանոններն ու հնարաւորութիւնները՝ քաջալերելով Քարվաճառի դպրոցականներին նորարար ու ստեղծագործ նախագծերով դիմել հիմնադրամին:
Քարվաճառի ուսումնական ջերմոցի նախագծի հեղինակներից Դաւիթ Եղիազարեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ ուսումնական ջերմոց կառուցելու հիմնական նպատակն է երեխաներին հնարաւորութիւն տալ իրենց ձեռքով ծաղիկներ ցանել, տնկիներ խնամել, հետեւել բոյսերի աճման գործընթացին եւ դեռ դպրոցական տարիներից ճիշդ ագրոկանոններ (գիւղատնտեսութեան կանոններ-Խմբ.) սովորել:
«Աճեցրած ծաղիկները, տնկիները յետագայում ծրագրում ենք տրամադրել քաղաքի կանաչապատման համար, միգուցէ՝ որոշակի սիմվոլիկ (խորհրդանշական-Խմբ.) գումարով՝ յետագայում նոր սերմեր, տնկիներ ձեռք բերելու նպատակով», նշեց Դաւիթ Եղիազարեանը: Ըստ մեր զրուցակցի՝ ջերմոց-լաբորատորիայում (տարրալուծարանին մէջ-Խմբ.) ձեռք բերուած գիտելիքներն աշակերտներին կարող են օգտակար լինել ամբողջ կեանքում, իսկ ջերմոցը կարող է բացայայտումների ու ուսումնասիրութիւնների կենտրոն դառնալ նրանց համար:
Ջերմոց-լաբորատորիան բաց է դպրոցի կենսաբանութեան ուսուցիչների համար. այստեղ նրանք կարող են անցկացնել կենսաբանութեան գործնական դասեր, որոշակի ուսումնասիրութիւններ անել աճեցուող բոյսերի վրայ:
Ջերմոցն աւելի ակտիւ եւ մշտապէս երեխաների ուշադրութեան կենտրոնում պահելու համար այս ուսումնական տարուայ սկզբից Շահումեանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շրջանակներում բացուել է ագրոէկոլոգիայի (գիւղատնտեսութեան բնապահպանութեան-Խմբ.) խմբակ, որի շրջանակներում երեխաները ծանօթանում են սելեկցիային (ընտրելի տեսականիին-Խմբ.), շրջակայ միջավայրի պահպանութեանը, բուսաբանութեանը, քննարկում տարբեր բոյսերի աճեցման նպատակայարմարութիւնն ըստ տարածաշրջանի: Շուտով խմբակի շրջանակներում որոշակի աշխատանքներ կ՛իրականացուեն հէնց ջերմոցում:
Նշենք, որ Awesome Foundation-ի արցախեան մասնաճիւղը գործում է 2018 թուականի Նոյեմբերից: 1000 դոլարի չափով դրամաշնորհը երկու ամիս մէկ տրամադրւում է տուեալ երկամսեակի յաղթող նախագծին: Հիմնադրամին ներկայացուող նախագծերը պէտք է լինեն իրատեսական եւ ստեղծագործ:
«Ասպարէզ» թերթի համար՝ «Արարատ» հիմնադրամի կողմից