ՎԼԱՏԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Հոկտեմբերի 3ին, Սոչիի «Վալտայ» միջազգային բանավէճի ակումբում տեղի ունեցած համաժողովում անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ հակամարտութեան կարգաւորումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեգնանքով շեշտել է, թէ՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացութիւն գոյութիւն չունի: Կայ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւն, որ մինչեւ հակամարտութիւնը բաղկացած էր ադրբեջանցիներից եւ հայերից, որոնք հաւասար իրաւունքներ ունէին»:
Ադրբեջանի նախագահը, քաջ գիտակցելով, որ տեղեկատուական-հոգեբանական պատերազմում հակառակորդին բարոյալքելու հնարքներից մէկն էլ ապատեղեկատուութիւնն է, փորձել է բառախաղերի միջոցով Արցախի ժողովրդին վերածել «տեղական բնակչութեան» կամ «ազգային փոքրամասնութեան», դրանով իսկ աղաւաղելով Արցախի ժողովրդի արդէն իսկ իրականացրած ինքնորոշման իրաւունքը, առանց որեւէ իրաւական հիմքի միջազգային հանրութեանը ներկայացնել, թէ՝ իբր հակամարտութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, այլ ոչ թէ Ադրպբեջանի եւ Արցախի:
Իրականում ի՞նչ հանրութիւն են արցախցիները՝ ժողովո՞ւրդ, թէ բնակչութիւն: Սրանք առօրեայ խօսք ու զրոյցում յաճախակի կիրառուող հասկացութիւններ են, որոնց միջեւ առկայ տարբերութեանը շատ յաճախ ուշադրութիւն չենք դարձնում:
Հայոց լեզուի բառարաններում «ժողովուրդ» բառի հոմանիշներ են հանդիսանում՝ ազգ, ազգութիւն, ածու, էթնոս, ազգաբնակչութիւն, բնակչութիւն, ցեղ եւ այլ հասկացութիւնները: Միջազգային իրաւունքի բազմաթիւ փաստաթղթերում հանդիպում ենք «ժողովուրդ» բառայօդուածի, բայց դրանցից ոչ մէկում էլ տրուած չէ այդ հասկացութեան ծաւալուն բնորոշումը: Հարցին առաւել մօտ բնորոշումը տրուել է ԵՈՒՆԵՍԿՕի զեկոյցներից մէկում, ըստ որի, ժողովրդի (ազգի) բնութագրիչներն են՝ մշակութային միատարրութիւնը, լեզուական միասնութիւնը, ընդհանուր պատ-մական աւանդոյթը, ազգային ինքնութիւնը, կրօնական միասնութիւնը եւ ընդհանուր տնտեսական կեանքը:
Միջազգային-իրաւական բառապաշարում 1957 թուականից սկսած յայտնուեց «բնիկ, տեղաբնիկ ժողովուրդ» եզրոյթը, որի տակ նկատի են առնւում այն ժողովուրդներին, որոնք վաղնջական ժամանակներից կազմում են տուեալ տարածքի բնակչութիւնը, եւ որոնց աւանդոյթներն ու մշակոյթը համահունչ են այն տարածքին, որտեղ նրանք ապրում են: Համաձայն միջազգային իրաւունքի նորմերի, յաճախ տեղաբնակութիւնը համարւում է պետական անկախութեան կամ պետութեան մէջ յատուկ իրաւունքների ձեռքբերման պայմանագրերի գլխաւոր նախապայման: Այդ պարունակում, 2007թ. Սեպտեմբերի 13ին ՄԱԿի ընդունած «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» հռչակագիրը կարեւոր իրաւական փաստաթուղթ է ադրբեջանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման համար: Մասնաւորապէս հռչակագրի 3րդ եւ 4րդ յօդուածներում արձանագրուած են, որ բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրաւունք, որի ուժով նրանք ազատօրէն հաստատում են իրենց քաղաքական իրավիճակը եւ ազատօրէն իրագործում իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը:
Այստեղից պարզ է, թէ ինչո՛ւ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել հռչակագրի ընդունումից: Աւելի՛ն. Ադրբեջանն անընդհատ թմբկահարում է՝ հայերի՝ Կովկասում իբր թէ բնիկ չլինելու եւ Իրանի ու Թուրքիայի խորքերից ադրպբեջանական հողերում վերաբնակուելու մասին շինծու թէզը: Բայց կեղծարարութիւնն էլ երեւի թէ սահմաններ ունի: Մի կողմ թողնենք Աքեմենեան Պարսկաստանի արքայ Դարեհ Ա. Մեծի (հայկական աղբիւրներում՝ Դարեհ Վշտասպեան) տիրապետութեան օրօք գրուած Բիսիթունի արձանագրութիւնը (Ն.Ք. 520-518թթ.), հայ եւ օտար պատմիչների աշխատութիւնները, պատմական Հայաստանում, այդ թւում՝ Արեւելեան Հայաստանում սփռուած վիմագրերը եւ գանք 18րդ դար, երբ մի շարք թուրքական խաշնարած, վաչկատուն ցեղեր՝ թուրքալեզու ճաւանշիր ցեղի քոչուորական ծագմամբ առաջնորդ Փանահ Ալիի գլխաւորութեամբ, օգտուելով Արցախի որոշ մելիքների, յատկապէս Վարանդայի Մելիք Շահնազար 2րդ մելիքի պառակտիչ, դաւաճանական պահուածքից եւ Պարսկաստանում իշխանափոխութեան խառնաշփոթից, որ սկիզբ էր առել Նադիր շահի սպանութիւնից (1747թ.) յետոյ, կարողացան ներթափանցել Ղարաբաղի (Արցախի) կուսակալութեան տարածք եւ Շուշի բերդաքաղաքը դարձնել, այսպէս կոչուած, «խանական» նստավայր: Ինչպէս յայտնի է, հայկական հողերի վրայ «խանական» կառավարումը վերացուեց 1822թ.՝ փոխարինուելով ռուսական վարչակազմով:
Հայ ժողովրդի մի հատուածի՝ արցախահայութեան տեղաբնիկ լինելը վկայում են թէկուզ եւ հէնց վերջին տարիներին միջազգային արշաւախմբերի կողմից այստեղ կատարուած հնագիտական պեղումները, որոնց համաձայն, հայութիւնը մարդաբանական տեսակէտից տեղաբնիկ ժողովուրդ է, եւ հայերը յետնորդներն են այն բնակչութեան, որ այստեղ ապրում է 6-7 հազար տարի շարունակ:
Ազգութիւնը նոյնպէս մարդկանց պատմական ընդհանրութիւն է, որն ունի միասնական լեզու, տարածք, սովորոյթներ եւ մշակոյթ: Բայց ժողովուրդը գտնւում է հասարակութեան զարգացման աւելի բարձր մակարդակի վրայ, քան՝ ազգութիւնը:
Քննարկուող հարցի կապակցութեամբ պէտք է տարբերակել նաեւ «ազգային փոքրամասնութիւն» եւ «սփիւռք» եզրոյթները: Առաջինն ազգային խմբեր են, որոնց պատմական հայրենիքը գտնւում է տուեալ պետութեան սահմաններից դուրս եւ, ի տարբերութիւն բնիկ ժողովուրդների, չունեն միջազգայնօրէն ճանաչուած իրաւունքներ: Իսկ երկրորդը բաւարար չափով տարածուած է ամբողջ աշխարհում եւ նշանակում է ժողովրդի (ազգի) մի մաս, որն ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Հէնց այդպիսի ճակատագիր է վիճակուած հայ ժողովրդի մեծ հատուածին:
Այսպիսով, միջազգային փաստաթղթերով ժողովրդին տրուած բնութագրականները լիովին համապատասխանում են Արցախի ժողովրդի չափորոշիչներին: Արցախի ժողովրդի մեծամասնութիւնը հայեր են, ում մայրենի լեզուն հայերէնն է, իսկ կենցաղում կիրառում են հայոց լեզուի ղարաբաղեան (արցախեան) բարբառը, դաւանում են քրիստոնէութիւն, կրում են հայ ժողովրդի հնագոյն մշակութային արժէքները, ունեն ազգային ինքնութիւն եւ պատմական տարածք, որը կամայականօրէն յայտնուել է Ադրբեջանի կազմում: «Արցախի ժողովուրդ» եզրոյթը նշանակում է նաեւ, որ հանրապետութեան սահմաններում բնիկ մեծամասնութիւն կազմող հայ ժողովրդի հետ մէկտեղ, խաղաղ եւ փոխշահաւէտ գոյատեւում են տարբեր ազգային խմբեր՝ ռուսներ, յոյներ, ադրբեջանցիներ եւ այլն: Այդ են վկայում մարդահամարի վերաբերեալ վերջին հարիւր քսան տարուայ վիճակագրական տուեալները: Ռուսական կայսրութեան բնակչութեան առաջին մարդահամարի 1897թ. տուեալներով, Շուշիի գաւառում (որին անհիմն կցուած են եղել նաեւ Աղդամի եւ Աղջաբեդու շրջանները) բնակւում էր 138,771 մարդ, որից 58.2 տոկոսը հայեր, մնացածը՝ այլազգիներ: Նոյնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի, քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկեան Ռուսաստանի սիրախաղերի արդիւնքում երրորդ երկրի նորմաթիւ իրաւական ակտի (օրէնքի-Խմբ.) ոյժ չունեցող կուսակցական որոշմամբ Արցախը յայտնուեց Խորհրդային Ադրբեջանի կազմում եւ նրա մի մասին տրուեց մարզային ինքնավարութիւն (1923թ.), հայերը կազմում էին ինքնավար մարզի բնակչութեան 94 տոկոսը: Փաստօրէն այլազգիներն այնքան քիչ էին, որ համաձայն ԱդրԽՍՀ Կենտգործկոմի՝ հիմնարկութիւններն ազգայնացնելու վերաբերեալ 1923թ. Յուլիսի 31ի որոշման, եթէ Խորհրդային Ադրբեջանի հիմնարկ-ձեռնարկութիւններում եւ կազմակերպութիւններում գործավարութիւնը պէտք էր տարուէր թուրքերէնով, ապա Լեռնային Ղարաբաղում՝ հայերէնով: Տեղին է յիշեցնել, որ ցարական Ռուսաստանում կովկասաբնակ մահմետականներին անուանում էին մուսուլմաններ կամ կովկասեան թաթարներ, Խորհրդային Միութեան կազմաւորումից յետոյ՝ թուրքեր, իսկ հետագայում՝ «ժողովուրդների մեծ հայր» Ստալինի ցուցումով նրանք կոչուեցին ադրբեջանցիներ:
Խորհրդային Ադրբեջանին կամայականօրէն բռնակցուած Արցախի կարգավիճակն օրինականացնելու նպատակով Ադրբեջանի կուսակցական եւ պետական մարմիններում մշակուեց մի փաստաթուղթ, որը յորջորջուեց «Ինքնավար Լեռնային Ղարաբաղի շրջանի Սահմանադրութիւն» (1924թ.): Անգամ այդ փաստաթղթից նկատելի է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թէ գտնուել է Ադրբեջանի կազմում, այլ նրա «մի բաղկացուցիչ մասն է» կազմել եւ ներկայացուած էր Ադրբեջանի բոլոր մարմիններում‘ համեմատական չափի սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում պետական իշխանութեան կրողներից մէկն էլ Արցախի հայ ժողովուրդն էր իր պատմական տարածքով: Վերջին փաստաթղթում, նենգամտօրէն նշուել է, որ «Ինքնավար Լեռնային Ղարաբաղում ամբողջ գործավարութիւնը, դատավարութիւնը եւ դպրոցներում ուսուցումը կատարւում է մայրենի լեզուով»: Դժուար չէ կռահել, որ հեռագնայ նպատակային տողատակ ունի «մայրենի լեզու» առեղծուածային հասկացութիւնը: Մինչդեռ ինքնավար մարզ կազմաւորելու մասին Ադրբեջանի Կենտգործկոմի հռչակագրում նշուած էին «հայ-մուսուլմանական», «հայերի եւ մուսուլմանների», «Լեռնային Ղարաբաղի հայկական մաս» բառակապակցութիւնները, որոնցից հասկանալի է, որ բառակապակցութեան առաջին մասը վերաբերում է հազարամեակների խորքից եկող բնիկ տէրերին՝ հայ ազգութեանը, իսկ «մուսուլման» հասկացութիւնը յստակօրէն ազգ կամ ազգութիւն չի ենթադրում, այլ միայն նշանակում է իսլամի հետեւորդներ:
Երբ Խորհրդային Միութեան մայրամուտին Ադրբեջանը դուրս եկաւ ԽՍՀՄ կազմից, Արցախին այլ բան չէր մնում, քան՝ հրաժեշտ տալ Խորհրդային Ադրբեջանին: Երկրամասի ազատասէր ժողովուրդը կարողացաւ բռունցքուել եւ ազգային ազատագրական պայքարի միջոցով թօթափել գաղութային լուծը, ինքնորոշման իրաւունքի հիման վրայ հռչակել իր պետական անկախութիւնն ու Արցախի ժողովրդի անունից ընդունել եւ հռչակել իր մայր օրէնքը՝ սահմանադրութիւնը: Եւ պատահական չէ, որ հանրապետութեան սահմանադրութիւնը սկսւում է «Արցախի ժողովուրդը» եզրոյթով: Իսկ դա արտացոլում է առարկայական իրականութիւնը եւ ցուցաբերում երկրի արժանապատուութիւնը:
Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան մէջ 7 անգամ օգտագործուած է «ժողովուրդ» եզրոյթը (նախաբան, յօդ. 2 մաս 1 եւ 2, յօդ. 91, 110, 131, 132)՝ որպէս երկրի տարածքի բնակիչների մի ամբողջութիւն: Այս պարունակում արցախցի (ղարաբաղցի) ասելով՝ սկզբունքօրէն պէտք է նկատի ունենալ հանրապետութեան տարածքում բնակուող ցանկացած ազգութեան բնակչի:
Ինչ վերաբերում է «բնակչութիւն» եզրոյթին, ապա միջազգային իրաւունքում դրա տակ նկատի է առնւում պետութեան տարածքում բնակուող բոլոր անձանց համակեցութիւնը, որոնք գտնւում են տուեալ պետութեան իրաւազօրութեան ներքոյ: Այդ հասկացութեան տակ մտնում են պետութեան քաղաքացիները, երկքաղաքացիները եւ քաղաքացիութիւն չունեցող անձինք: Դրանց տակ չեն ընկնում դիւանագիտական գործակալները, հիւպատոսական աշխատողները, յատուկ առաքելութեան աշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները:
Բնակչութիւնն աւելի շուտ վիճակագրական եւ նրա հետ կապուած ժողովրդագրական տերմին (եզր-Խմբ.) է: Այդ առումով կարելի է տարանջատել գիւղի, քաղաքի, մարզի, տարածաշրջանի, աշխարհամասի եւ նոյնիսկ Երկիր մոլորակի բնակչութիւնը:
Ժամանակը ցոյց է տուել, որ Արցախի ժողովուրդը, որպէս կուռ միասնութիւն, իր իրաւունքների եւ ազատութիւնների ու համազգային գաղափարների համար պայքարել գիտի: Չի կարելի Արցախը վերածել տարածքի, իսկ ժողովրդին՝ բնակչութեան, հակամարտութեան իրաւատիրոջից՝ ենթակայի: Իրականութիւնն այն է, որ.
– Արցախի ժողովուրդը պետութեան սահմանադրականութեան տարրն է, նրա իրաւատէրը,
– Արցախի ժողովուրդն իշխանութեան աղբիւրն է,
– Արցախի ժողովուրդը յստակ ազգութիւն ունի, բնակչութիւնը՝ ոչ,
– Արցախի ժողովուրդն ազգային եզրոյթ է, բնակչութիւնը՝ ոչ,
– Արցախի ժողովուրդը պատմականօրէն ձեւաւորուած մարդկանց ընդհանրութիւն է՝ արմատապէս ու գիտակցականօրէն կապուած իր երկրի հողի հետ, իսկ բնակչութիւնը վիճակագրական ամփոփագիր է,
– Ժողովուրդը համընդհանուր հասկացութիւն է, իսկ բնակչութիւնը ճշդուած կէտի (գիւղ, շրջան, քաղաք եւ այլն) բնակիչներն են:
ՄԱԿի համապատասխան փաստաթղթերով եւ արդարադատութեան Միջազգային դատարանի վճիռներով աներկբայ ճանաչուած է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը: Այդ փաստաթղթերի իրաւական բովանդակութիւնից բխում է, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իր իրաւունքն իրականացրել է հանրաքուէի միջոցով՝ ժողովրդի ազատ կամարտայայտութեան հիման վրայ՝ առանց որեւէ ճնշման, հարկադրման կամ դրսի միջամտութեան: Այդ իրաւունքը հնարաւորութիւն է ընձեռնել ընտրելու իր կառավարման ձեւը, պետական եւ ընկերային-տնտեսական կառուցուածքը եւ քաղաքական վարչաձեւը ու կառուցելու իր յարաբերութիւնները միջազգային հանրութեան հետ:
Արցախի ժողովուրդն ըմբռնումով է մօտենում, որ իր ինքնորոշման իրաւունքի անթերի իրականացման արդիւնքում Ադրբեջանը տարածքներ է կորցրել, ինչը եւ ցաւագին է ընկալւում վերջինիս կողմից: Բայց ինչ արած, վերադարձ անցեալին չի կարող լինել եւ պէտք է հաշուի նստել իրականութեան հետ՝ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային սկզբունքի հրամայականին համապատասխան, փոխադարձ համաձայնութեան պայմաններում հանգուցալուծելով Արցախի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների միջեւ առկայ հակամարտութիւնը:
«ԱԶԴԱԿ»
ՎԼԱՏԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ, Արցախի Հանրապետութեան վաստակաւոր իրաւաբան
ՀԱՐՏԻ ՏԻԼԱՐՏ, ՄԱԿի Միջազգային Արդարադատութեան դատարանի դատաւոր