ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Միացեալ Նահանգներ աշխատանքային այցի առաջին օրը, Սեպտեմբերի 22ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով համահայկական նշանակութեան հարցերի:
Ուղերձ Ամերիկահայ Համայնքին
Հայ համայնքին ուղղուած գլխաւոր ուղերձը լինելու է՝ համահայկականութեան հայեցակարգի գործնական խնդրի ձեւակերպումը: Իմ կարծիքով, այսօրուայ մեր մեծագոյն խնդիրը Հայաստանի տնտեսական զարգացումն ու զօրացումն է, որովհետեւ բոլոր այն հարցերը, որ այսօր կան մեր օրակարգում, ուժեղ պետութեան լուծելու հարցերն են, իսկ ուժեղ պետութիւն ասելիս, պէտք է հասկանալ տնտեսապէս զարգացած պետութիւն: Մենք դա անուանում ենք տնտեսական յեղափոխութիւն, եւ կարծում ենք այս փուլում շատ կարեւոր է, որ այն դինամիկան, որ ունենք Հայաստանի տնտեսութեան մէջ՝ վերածենք տնտեսական մոմենտումի, որը հնարաւորութիւն կը տայ Հայաստանը նոր հարթութեան վրայ բարձրացնել:
Սփիւռքևհայաստան Յարաբերութիւններ
Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների վերաբերեալ իմ կարծիքը ստատիկ (կայուն-Խմբ.) չի եղել, որովհետեւ մեր երրորդ հանրապետութեան օրակարգային ամենակարեւոր հարցերից մէկն է, եւ դրան պէտք է նայել դինամիկայի, զարգացման մէջ: Ընթացիկ ամենակարեւոր խնդիրը, հայեցակարգային եւ գաղափարական առումով, Սփիւռք-Հայաստան սահմանները վերացնելն է: Որովհետեւ, ինչպէս ենք կոչում այն մարդուն, ով Հայաստանից արտագաղթել է 2015 թուականին. սփիւռքահա՞յ է, թէ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ: Իսկ նա ով 2001ին է արտագաղթե՞լ, իմ կարծիքով՝ ոչ, իսկ նա ով 1995ի՞ն:
Մարդիկ տարբեր պատճառներով Հայաստանից հեռացել են, ինչպէս իմ եղբայրը 1995թ.ին, որ Ռուսաստան է գնացել: Ես իրեն վերաբերուեմ որպէս սփիւռքահայի եւ յարաբերութիւնների նոր ձեւաչափ մտածե՞մ: Պէտք է ջնջել բոլոր սահմաները: Ժամանակակից աշխարհում մարդու գտնուելու վայրը յարաբերական երեւոյթ է, մարդիկ մէկ ամիս մի երկրում են ապրում, մէկ ամիս՝ այլ աշխատանքի, զբաղմունքի բերումով: Խնդիրն այն է, թէ տուեալ անհատն իրեն որ երկրի հետ է նոյնականացնում: Մեր խնդիրն այն է, որ աշխարհում աւելի շատ հայեր իրենց նոյնականացնեն Հայաստանի հետ, եւ սրանով Հայաստան-Սփիւռք այդ կառուցակարգային համակարգը, բանական սահմաններում պէտք է վերանայ: Այս հենքի վրայ պէտք է կառուցուեն նոր յարաբերութիւնները, եւ իւրաքանչիւր հայ իրեն պիտի համարի ՀՀ շահառու նոյնքան՝ որքան Հայաստանում բնակուողները: Տարբեր ձեւեր կան, եւ դրանցից ամենակարեւորն այն է, որ բոլորը հայերը պէտք է ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, ընդունեն ՀՀ քաղաքացիութիւն, որպէս նուազագոյն կէտ, տարուայ ընթացքում որոշ ժամանակ ապրեն Հայաստանում:
Ընտրելու Եւ Ընտրուելու Իրաւունքը
ՀՀ Սահմանադրութեամբ նախատեսուած է, որ ՀՀ կառավարութեան անդամը պէտք է վերջին չորս տարում մշտապէս բնակուած լինի Հայաստանում, եւ այդ ընթացքում լինի միայն ՀՀ քաղաքացի: Մենք պէտք է փոփոխութիւն կատարենք այս կէտում, ես այստեղ խնդիր եմ տեսնում, եւ կարծում եմ, որ դա արգելակում է Սփիւռքի ներուժը առնուազն գաղափարական հատուածում լիարժէք ներգարւուելու ՀՀ կառավարման գործում:
Ամուլսար
Ամուլսարի հարցում իմ ամենամեծ դժբախտութիւնն այն է, որ բոլորն արդէն ունեն իրենց տեսակէտն անկախ ամէն ինչից: Մի մասն ասում է՝ Ամուլսարը սար է, ինչ ուզում է, լինի, աշխարհն էլ քանդուի, պէտք է Ամուլսարը մնա սար, միւս մասը ասում է՝ աշխարհը քանդուի, Ամուլսարը պէտք է շահագործուի: Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ, մենք հայ հանրութեան եւ միջազգային հանրութեան հետ պէտք է լինենք ազնիւ եւ մինչեւ վերջ գնանք ճշմարտութեան հետեւից: Հիմա դա էկոլոգիական (բնապահպանակն-Խմբ.) աղէտ է, թէ էկոլոգիական աղէտ չի, այդ հարցի պատասխանը դէ ֆակտօ (իրկանապէս-Խմբ.) եւ դէ իւրէ (իրաւապէս-Խմբ.) ես պէտք է ստանամ: Շատերը հիմա ինձ արձագանգելու են, թէ էդ ի՞նչ ես խօսում, պարզ չի՞: Ո՛չ, պարզ չի, որովհետեւ այդ մարդկանցից շատերը ասում էին Թեղուտի հանքը հիմա փակի, քանդւում է, հազարաւոր զոհեր… բայց պարզուեց՝ ճիշդ չեն ասում: Ամուլսարի հարցը շատ կարեւոր հարց է՝ թէ՛ տնտեսական, թէ էկոլոգիական առումով: Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես ասել եմ, որ պէտք է գնալ ճշմարտութեան յետեւից: Ես «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթէ պարզուի, որ եթէ ձեր նշած չափանիշներով հնարաւոր է հանքը շահագործել, ես ձեզ կ՛աջակցեմ, եթէ ոչ՝ բացառւում է իմ աջակցութիւնը:
Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսութիւնը, այն որ ասում են՝ այդպէս է ու վերջ: Տեղեկացուած որոշում է պէտք կայացնել: Ես համաձայն չեմ, որ կառավարութիւնը ում ճնշումը մեծ եղաւ, նրա ճնշման տակ պէտք է որոշում կայացնի: Յամենայն դէպս, ես երբեք որեւէ ճնշման տակ չեմ գործել եւ չեմ գործի: Որոշումը պէտք է լինի իրաւական:
Եկեղեցիևկառավարութիւն Յարաբերութիւններ
Մեր պատմութեան մէջ Պապ թագաւորին համարում են Հայ առաքելական եկեղեցու մեծագոյն թշնամիներից մէկը, բայց ոչ ոք չի ասում, որ Հայ առաքելական եկեղեցու ինքնուրոյնութիւնը Պապ թագաւորի որոշմամբ է եղել: Մինչ այդ, մեր կաթողիկոսները Կեսարիայում էին ստանում իրենց պաշտօնը եւ Տիեզերական եկեղեցուց, բայց Պապ թագաւորը, որը համարւում է Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ թշամին, կամային որոշում կայացրեց, որ հայ կաթողիկոսները պէտք է ընտրուեն մեր երկրում: Այստեղից դիլեմաներ (երկսայրի ընտրութիւններ-Խմբ.) կան, թէ ինչու են Պապ թագաւորին այդպէս համարում, բայց պէտք է հռետորիկայի (հռետորաբանութեան-Խմբ.) մէջ խորանալ եւ պատճառները հասկանալ: Մենք ուզո՞ւմ ենք, որ կառավարութիւնը մտնի եկեղեցու գործերի մէջ, եթէ պարզուի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարութիւնը մտնի ՀԱԷ գործերի մէջ, կառավարութիւնը կը քննարկի, թէ դրա ինչ գործնական հնարաւորութիւններ կան:
Մեր կառավարութիւնը ժողովրդավարական եւ օրինական կառավարութիւն է, եւ երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀում մամուլը պէտք է լինի ազատ, մամուլի առաջին ռէակցիան (հակազդեցութիւնը-Խմբ.) ի՞նչ է լինում՝ դէ եկէք կառավարութեան ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պէտք է անկախ լինեն, ասում են՝ եկէք կառավարութեանը ոտի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է: Ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտները, մեր յարգանքը թող ոչ մէկ որպէս թուլութիւն չընկալի, եւ բոլոր նրանք ովքեր այսպէս են ընկալել՝ փոշմանել են, եւ շարունակելու են փոշմանել:
Եւ երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կեանքի մէջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ եզրակացնում եւ ասում են՝ սա նախկին կառավարութեան նման չի, սա թոյլ կառավարութիւն է, եկէք քանդենք կառավարութեան ոտքի տակ: Նման կերպ մտածողները շատ ուժեղ հակահարուած կը ստանան, ծնկի կը բերուեն: Բոլորին ուզում եմ զգուշացնել, որ մեր ժպիտները, մեր յարգանքը ոչ մէկ որպէս թուլութիւն չընկալի, որովհետեւ այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թոյլ անկամ, անկարծիք, սուբյեկտ (ենթակայ-Խմբ.): Իսկ ընդհանուր իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխուել. եկեղեցին կառավարւում է իր ծխական կառունցների միջոցով եւ կը շարունակուի այդպէս լինել, եւ կառավարութիւնը չպէքտ է միջամտի եկեղեցու ներքին գործերին, ինչը չի նշանակում, որ կառավարութիւնը եկեղեցու հետ չի խօսում, չի քննարկում, չի յարաբերւում: Եկեղեցին ինքը պէտք է ասի, թէ որտեղ է ակնկալում կառավարութեան աջակցութիւնը, որպէսզի Հայ առաքելական եկեղեցին աւելի ուժեղ կառոյց լինի, մեր ժողովրդի հաւատքը ուժեղ լինի: Այդ հարցում մենք պատրաստ ենք մեզնից կախուած ամէն ինչ անել:
Սորոսի Հետ Կապի Մասին
Դաւոսի ֆորումից առաջ, երբ պէտք է մեկնէի, «Բաց հասարակութեան հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկութիւն էր յայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը (ժամակացոյցը-Խմբ.) շատ խիտ էր եւ որեւէ կերպ չյաջողուեց հանդիպման նրա խնդրանքը բաւարարել: Դաւադրութիւնների տեսութեան հեղինակներն ասում են՝ ուրեմն ինչ-որ տեղ պլանաւորուել (ծրագրուած-Խմբ.) է, այնտեղ, որտեղ սովորաբար ծրագրում են յեղափոխութիւնները, եւ այլ տարբերակ չկայ: Իսկ այնտեղ, որտեղ ընդունուած է մտածել, որ յեղափոխութիւնները ծրագրւում են եւ անում, նրանք պակաս կասկածանքների եւ տառապանքների մէջ չեն: Ասում են, եթէ յեղափոխութիւնը մենք չենք արել, ո՞վ է համարձակուել առանց մեր թոյլտուութեան որեւէ տեղ անել յեղափոխութիւն: Բոլոր կողմերին կոչ եմ անում հանդարտուել: Ոորովհետեւ ովքեր եղել են ՀՀում, ոչ թէ իրենց կաբինետներում (դահլիճներու, գրասենեակներու մէջ-Խմբ.) եւ աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն՝ ով ու ինչպէս է արել այդ յեղափոխութիւնը: Այդ յեղափոխութիւնը տեղի է ունեցել ուղիղ եթերում, այս պատմութիւնը նոր չի սկսել. երկար տարիների պատմութիւն ունի: Այս յեղափոխութիւնն իրականացրել է հայ ժողովուրդը, եւ նրանք, ովքեր ցանկանում են այդ իրաւունքը վերապահել օտար մարդկանց՝ անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Հայ ժողովուրդը պետականութիւն, ինքնութիւն, արժանապատուութիւն ունեցող ժողովուրդ է, եւ նրանք, ովքեր ցանակում են Սորոս կամ այլոց խառնել, ուզում են վիրաւորած լինել հայ ժողովրդի արժանապատուութիւնը:
ԱԱԾ Նախկին Ղեկավար Արթուր Վանեցեանի Մասին
Պարոն Վանեցեանն իր յայտարարութեան մէջ խօսել էր սպայի պատուի մասին: Այն, որ ինքը դէ իւրէ լինելով ԱԱԾ տնօրէն, յայտարարութիւն է անում, ըստ էութեան, իր գերագոյն հրամանատարի դէմ, եւ լինելով վարչապետին ենթակայ մարմնի ղեկավար՝ յայտարարութիւն է անում իր գերագոյն հրամանատարի դէմ, դրանից աւելի մեծ անարգանք սպայի պատուին՝ չկայ: Հասկանում էք, չէ՞ դա ինչ է նշանակում, դա մօտաւորապէս կարող է նմանուել… ես, ի միջի այլոց, չեմ իմացել, որ Վանեցեանի յայտարարութիւնը ծառայութեան կայքում է տեղադրուել, յետոյ հանուել է, բա պիտի շարունակել մնա՞լ: Ինձ թուացել էր, թէ հրամանագիրը ստորագրուել է, նոր է եղել յայտարարութիւնը: Սպան այդպիսի բան անի՞, դա գիտէ՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թուականի պուտչիստները: Դա անարգանք է ՀՀ զինուած ուժերի նկատմամբ, եւ հանրութիւնը շատ յստակ տուել է իր գնահատականն այդ երեւոյթին:
Անդրադառնալով սփիւռքահայերի մասնակցութեանը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացմանը, ՀՀ վարչապետը նշեց, որ պէտք է զարգացնել երկկողմ ինստիտուտներ՝ Սփիւռքի ներոյժը հայկական պետականութեան զօրացման գործում ներգրաւուելու համար:
ՀԳ Վարչապետի ասուլիսին ներկայ էին հարաւային Կալիֆորնիայի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչներ, եւ վարչապետի ամերիկեան այցը լուսաբանելու նպատակով նրա հետ Հայաստանից ԱՄՆ ժամանած լրագրողներ: Ասուլիսի մէկ ժամուայ ընթացքում վարչապետի խօսնակ Վլադիմիր Կարապետեանը առաջնահերթութիւնը տուեց Հայաստանից ժամանած լրագրողներին՝ անտարբեր թողնելով »Ասպարէզ« թերթի, »Հորիզոն« հեռուստաընկերութեան, եւ Սփիւռքում գործող մի շարք այլ լրատուամիջոցների ներկայացուցիչների հարց տալու ցանկութիւնը: »Ասպարէզ«ի անգլերէն բաժնի խմբագիր Արա Խաչատուրեանի բողոքի արդիւնքում միայն ասուլիսի վերջում համայնքի ամենահին թերթի խմբագրին հարց տալու հնարաւորութիւն տրուեց:
Նշենք նաեւ, որ ասուլիսի ընթացքում, »Ինթերքոնթինենթալ« հիւրանոցի դիմաց տեղի էր ունենում բողոքի ցոյց՝ ի պաշտպանութեան Ամուլսարի: «Քանի կանք, ոչ մի հանք», «Ամուլսարն առանց հանքի», «Մենք ենք մեր սարերը» պաստառներով ցուցարարներն իրենց համերաշխութիւնը յայտնեցին Ամուլսարի հարցով մտահոգ Հայաստանի իրենց հայրենակիցներին: