ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Եօթ ուժերի յայտարարութիւնը շատ աւելի մեղմ էր, քան կարելի էր առհասարակ պատկերացնել: Դատական իշխանութիւնը ժողովրդավարական, իրաւական պետութեան զարգացման հարցում ունի վճռական նշանակութիւն, եւ որեւէ ձեւով այն չի կարող քաղաքական ազդեցութեան ներքոյ գտնուել գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնից: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանը՝ անդրադառնալով «Ազատութիւն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, ՀՅԴ, «Մէկ Հայաստան», ՌԱԿ կուսակցութիւնների համատեղ յայտարարութեանը՝ դատական ոլորտում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ:
«Այն սխալները, որ անցեալում եղել են, ներկայ իշխանութիւնները, նրան սատարող անձիք փորձում են սեւով ներկայացնել, բայց միւս կողմից, երբ իրենց է վերաբերում գնահատականը, յանկարծ սկսում են չքմեղանալ, սկսում են մեղադրել, թէ 7 ուժերի յայտարարութիւնը շատ խիստ է, տեղին չէ: Այս փաստաթղթի նախաբանում յստակ նշւում է, թէ որքան կարեւոր է դատական իշխանութիւնը պետութեան, իրաւական անվտանգութեան գործում: Երկրորդ հատուածում գնահատական է տրւում, դատապարտւում են այն գործողութիւնները, որոնք ուղղուած են դատական իշխանութիւնը նսեմացնելուն, քաղաքական իշխանութեան կողմից իւրացնելուն: Երրորդ հատուածում կոնկրետ պահանջներ են՝ ուղղուած քաղաքական մեծամասնութեանը, նախագահին եւ կոչ նաեւ հանրութեանը, այն ուժերին, ովքեր կարեւորում են դատական համակարգի անկախութիւնը», մանրամասնեց Մինասեանը:
Արծուիկ Մինասեանն ասաց, որ առաջադրում են բնականոն բարեփոխումների օրակարգ, որին ցանկացողները կարող են միանալ: Նա վստահեցրեց, որ յայտարարութեան կուռատորը ՀՅԴն չէ՝ եօթ ուժերի համատեղ աշխատանքի արդիւնք է. քննարկումների ընթացքում եղել են նաեւ աւելի կոպիտ գնահատականներ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներգրաւմանը, ապա շեշտեց, որ ԲՀԿի հետ հանդիպել են, ԼՀԿի հետ նպատակայարմար չեն գտել այս փուլում հանդիպել: Արծուիկ Մինասեանը վստահեցրեց, որ ՀՅԴն յանուն Ռոբերտ Քոչարեանի ռեւանշի փորձ չի կատարում:
«Ռեւանշի փորձի մասին մեղադրանքն, առնուազն, ծիծաղելի է, որովհետեւ նախ՝ մենք ասել ենք, անցեալին վերադարձ չկայ, երկրորդ՝ ՀՀում ընթացող բազմաթիւ դատական գործերի վերաբերեալ՝ ներառեալ երկրորդ նախագահի, յստակ արտայայտել ենք, որ մեզ համար սկզբունքային նշանակութիւն ունեն իրաւական կարգի ապահովումը եւ արդարադատութեան հիմնարար սկզբունքները: Ներկայացնում էք 10 տարի ՀՀ նախագահի պաշտօն ունեցող մարդուն եւ որակում էք, որ դա որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրութեան մօտ չստեղծուի տպաւորութիւն, որ սա քաղաքական հետապնդում է, վենդէտա է (վրէժխնդրութիւն-Խմբ.)», ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թէ արդեօ՞ք անտառահատութեան հետ կապուած գործերով ԱԱԾն կարող է նաեւ դաշնակցականների հետեւից գնալ, քանի որ անտառտնտեսութեան ոլորտում, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում, առանցքային դաշնակցական պաշտօնեաներ են եղել, ինքն էլ ժամանակին բնապահպանութեան նախարար էր, Արծուիկ Մինասեանն ասաց, որ այդ ոլորտում յանցաւոր խումբ կայ. այդ առումով ԱԱԾի գործողութիւնները ճիշդ է համարում, բայց այդ յանցախմբի, մաֆիոզ խմբաւորումների մէջ ՀՅԴականներ չկան:
«Դաշնակցական մեր ընկերներին, ովքեր տարբեր ժամանակահատուածում զբաղեցրել են պաշտօններ, որեւէ ձեւով կուսակցութիւնը չի հովանաւորել: Կուսակցութեան մշտական պահանջը եղել է, որ լինեն ազնիւ, նուիրուած: Ես բացառում եմ, որեւէ կուսակցական ընկեր փորձ արած լինի դիրքն օգտագործի՝ այն հանգամանքից ելնելով, որ ինքը կուսակցութեան անդամ է. այդ ներքին զսպուածութիւնը, կարգապահութիւնը մեր կուսակցութեան մէջ շատ կարեւոր է», ընդգծեց նա:
Արծուիկ Մինասեանն ասաց, որ իր եւ այն ժամանակ վարչապետ Կարէն Կարապետեանի միջեւ կար մօտեցումների յստակ տարանջատում, ինքը դէմ է եղել շահագործման այն մեթոդներին, որ «ամէն ինչ փող է»: Իր համար կարեւորը եղել է շրջակայ միջավայրի պահպանումը, որը հէնց արժէք բերողն է: Արծուիկ Մինասեանն ընդգծեց, որ ոլորտում կարեւոր է այլընտրանքային աշխատանքի ապահովումը, եւ այն ժամանակ միջազգային դոնորների հետ ծրագրերի քննարկումներ եղել են:
Արծուիկ Մինասեանը նշեց, որ շրջակայ միջավայրի պահպանումը պիտի լինի կայուն եւ սկզբունքային՝ բոլոր կոմպոնենտները հաշուի առնելով եւ չգերշահագործելով, պաշտամունքի առարկայ չդարձնելով:
«Համոզուած եղէք՝ եթէ որեւէ ձեւով ես զգամ, որ ոլորտում վարած քաղաքականութեան մասով հետապնդումներ են սկսւում, որ ես կը բնութագրեմ որպէս քաղաքական հետապնդում, (առնուազն իմ մասով վստահ եմ եւ վստահ եմ այն մարդկանց վրայ, ովքեր իմ կառավարման ժամանակահատուածում իմ ամբողջական աջակցութիւնն են ստացել), ես հանդէս կը գամ յայտարարութիւններով: Որովհետեւ ես զգում եմ, որ առանձին դրսեւորումներով՝ սկսած Վերահսկիչ պալատից, վերջացրած առանձին մարդկանց յայտարարութիւններով, փորձ է արւում ազնիւ, անկեղծ աշխատանքն ինչ-որ մանիպուլատիւ մեթոդներով վերածել տարբեր շահերի բախման», յայտարարեց նա:
Արծուիկ Մինասեանը յստակեցրեց, որ ասուածը վերաբերում է ընդհանուր շրջակայ միջավայրի պահպանմանը:
«Ես կարծում եմ, որ այն թիմը, որի հետ ես աշխատել եմ, որին ես վստահել եմ, այդ թիմի նկատմամբ կայ թիրախաւորում: Յատկապէս Սեւանի մասով զգուշացնում եմ, որ խիստ պատիժ պէտք է կրեն նրանք, ովքեր Սեւանի հէրն անիծել են», ընդգծեց նա: