Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցու բակում իւրօրինակ ու գրաւիչ ցուցատախտակ է տեղադրուել: Նպատակը մէկն է՝ զբօսաշրջիկներին ծանօթացնել Թբիլիսիի հայկական շէնքերի, եկեղեցիների եւ գործիչների գործունէութեան հետ:
Ծրագիրը ֆինանսաւորուել է «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում 900 դոլար է յատկացուել Վիրահայոց թեմին, երկու ծրագիր իրականացնելու համար: Այս տարի Վրաստանն առաջին անգամ է մասնակցել վերոնշեալ ծրագրին եւ սոցիալական կայքերի օգնութեամբ հաւաքուել է հայ երիտասարդների խումբ, ովքեր եւ կեանքի են կոչել սոյն ծրագիրը:
«Առաջին ծրագիրը վերաբերում էր դրսում արեւածաղիկ վաճառող տատիկներին ու պապիկներին: Նրանց սեղան, անձրեւանոց, աթոռ նուիրել, որ կարողանան պաշտպանուել արեւից եւ հանգիստ աշխատեն: Իսկ երկրորդ ծրագիրը ցուցատախտակն էր, որը տեղադրուել է Սբ. Գէորգ եկեղեցու բակում», պատմում է «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի կողմից ֆինանսաւորուած ծրագրերի ղեկավար Էմիլ Սարգսեանը:
Նրա խօսքերով, ցուցատախտակը որոշել են տեղադրել յատկապէս առաջնորդանիստ Սուրբ Գէորգ եկեղեցու բակում, քանի որ այն գտնւում է Թբիլիսիի զբօսաշրջային թաղամասում: Ցուցատախտակը 16 պահարան ունի, ամէն մէկի վրայ կպցրած է տների նկարներ եւ կողքին գրուած է Թբիլիսիին առնչուող որեւէ հարց: Իսկ ցուցատախտակի աջ կողմում մագնիսի կախազարդով բանալիներ են, որոնց վրայ գրուած են հարցերի պատասխանները: Ճիշդ պատասխանի համար պէտք է ընտրել ճիշդ բանալին եւ դրանով բացել այս կամ այն արկղը:
«Մենք որոշեցինք, որ միայն հայերի տները չլինի այնտեղ եւ աւելացրեցինք նաեւ վրացական տներ, եկեղեցիներ, սինագոգը եւ այլն», նշում է Էմիլ Սարգսեանը: «Ծրագիրն ինձ տուեց նոր գիտելիքներ, փորձ, ծանօթութիւններ, ընկերներ եւ ամենակարեւորն է, որ ես իմ արած գործից հաճոյք ստացայ», ասում են ծրագրին ընդգրկուած երիտասարդները:
Ծրագրի սկիզբը դրուել է 2018 թուականի Նոյեմբերին եւ աւարտուել 2019 թուականի Յունիս ամսին: Նախագծի իրականացման 7 ամիսների ընթացքում երիտասարդները տարբեր հանդիպումներ են ունեցել, կիսուել իրենց գաղափարներով:
Սոյն թուականի Յուլիսի 15ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդները Աղվերանում մասնակցեցին «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխօսութիւն եւ գործնական քայլեր փոփոխութիւնների համար 2018-2019թթ.» Նախագծի գագաթնաժողովին: Այստեղ հանրագումարուեցին նաեւ ծրագրի արդիւնքները:
Ուրախալի է, որ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի կողմից ծրագրի շրջանակներում իրականցուած աշխատանքները յանձնաժողովի անդամների կողմից ճանաչուեցին լաւագոյն, հաւաքելով ձայների առաւելագոյն քանակութիւն:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԻՒԱՆ