ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Գլենդէյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանեանին՝ Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատար նշանակելը եւ նրա համաձայնութիւնը՝ այդ պաշտօնը ստանձնելու, խիստ դրական քայլեր եմ համարում: Թէ ինչպէս է նա զբաղուելու Սփիւռքի հարցերով, չեմ կարող ասել՝ ժամանակը ցոյց կը տայ: Բայց ինքը՝ գործընթացը, կարեւոր է մեր պետութեան համար: Նախ՝ բարեկեցիկ կեանքը, պաշտօնը, բազմաթիւ կապերը, կայունացած կենցաղը թողնելը եւ հայրենիք վերադառնալը կարող է լիցք հաղորդել արտերկրում ապրող նախկին հայաստանցիներին: Դուք լսել էք, չէ՞, նոյն Գլենդէյլում ապրող մեր հայրենակիցների խոստումները՝ «հէնց որ Սերժը գնայ, ես տո~ւտ ժէ, տո~ւտ ժէ (անմիջապէս-Խմբ.) կը գամ Հայաստան»: Երրորդ նախագահը մէկ տարուց աւելի է՝ թողել է իր պաշտօնը, բայց կուրծք ծեծող հայրենասէրները չեն շտապում կատարել իրենց խոստումները, աւելին՝ հիմա էլ նոր իշխանութեան մէջ են թերութիւններ գտնում (ինչը, ի հարկէ, դժուար չէ)՝ իրենց չգալն արդարացնելու համար: Գուցէ Զարեհի վերադառնալը ստիպի այդ կատեգորիայի (դասակարգի-Խմբ.) մարդկանց ինչ-որ բան վերաիմաստաւորել: Սփիւռքի հարցերով նորանշանակ յանձնակատարը գուցէ ինչ-որ բան փոխի նաեւ մեր պետական մշակոյթում, որի կարեւոր բաղկացուցիչ մասը պէտք է լինի շարունակականութիւնը, ժառանգականութիւնը: Առայժմ իշխանութեան եկած յեղափոխականները մերժում են այն՝ միտինգային, փողոցային պայքարի իներցիայով՝ անտեսելով այն փաստը, որ մեր 28ամեայ պետութեան պատմութեան մէջ բացի «թալանից» ու կոռուպցիայից, ուրիշ բաներ էլ են եղել: Այսօրուայ իշխող կուսակցութեան վերջին համագումարը, որի ելոյթների գերակշիռ մասը նուիրուած էր նախորդ իշխող կուսակցութեանը, դրա վառ դրսեւորումն է: Միացեալ Նահանգներում այդպէս չէ. ինչպիսին էլ լինի իշխանութիւնից հեռացած վարչակազմը, կայ ընդհանուր եւ յստակ ձեւակերպուած ազգային շահ, որի վերաբերեալ տարբեր վարչակազմերի միջեւ հակասութիւններ չկան: Իշխանութեան մէջ Զարեհ Սինանեանի նման մարդիկ կարեւոր են նաեւ օրինապաշտութեան մշակոյթը մեր հասարակութեան մէջ ներմուծելու առումով: Այստեղ, իմ տպաւորութեամբ, հինը դանդաղ, բայց անխուսափելիօրէն իր տեղն է զիջում նորին: Վարչապետը ծանուցագիր է ստանում՝ դատարանում հարցաքննուելու եւ առանց աւելորդ ձգձգումների գնում եւ հարցաքննւում է: Ազգային ժողովի պատգամաւորը Քննչական կոմիտէից հարցաքննուելու ծանուցագիր է ստանում եւ անկեղծօրէն զարմանում է, ընդվզում՝ այդ ո՞վ է համարձակուել իրեն հարցաքննութեան կանչել: Ահա այն ամէնը, ինչ պէտք է իմանալ Հին եւ Նոր Հայաստանի տարբերութիւնների մասին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ «Առաւօտ» թերթի գլխաւոր խմբագիրն է