ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- «Թիւֆէնքեան» բարեգործական հիմնարկի գործադիր տնօրէնի օգնական Մեդինա Յովհաննիսեան յայտնեց, որ հիմնարկին միջոցներով ձեռնարկուած է Տանձուտի դպրոցի շէնքի վերանորոգման աշխատանքները:
«Ներկայումս ընթացքի մէջ են ներքին յարդարման աշխատանքները: Նախատեսւում է, որ շինարարական աշխատանքները կ՛աւարտուեն մինչեւ նոր ուսումնական տարուայ սկիզբը, որպէսզի Սեպտեմբերի 1ին երեխաները դպրոց յաճախեն բարելաւուած պայմաններում», նշեց Յովհաննիսեան:
Տանձուտի դպրոցը կը յաճախեն 18 երեխաներ, սակայն գիւղին մէջ կան 20 նախադպրոցական տարիքի երեխաներ:
«Արցախի ազատագրուած համայնքներում կրթական հաստատութիւնների զարգացումը շարունակում է մնալ «Թիւֆէնքեան» հիմնարկի առանցքային նպատակներից: Հիմնարկի աշխատակիցները հետազօտութիւն են անցկացրել Քաշաթաղի շրջանի դպրոցների շէնքային պայմանների վերաբերեալ: Տանձուտի դպրոցի շէնքը գտնւում էր վթարային վիճակում: Մի քանի տարի առաջ ԱՀ կառավարութիւնը ֆինանսաւորել էր դպրոցի տանիքի նորոգումը, սակայն դպրոցի ներսը անմխիթար վիճակում էր: Ուստի, որոշուեց շէնքը վերանորոգել եւ ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները այնտեղ ապրող մանուկների համար», ըսաւ Յովհաննիսեան: