Աշխատանքային այցով ԱՄՆում գտնուող Հայաստանի Հանրապետութեան վարչապետի տիկին, City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Յակոբեանը երկօրեայ այց է ունեցել Բոստոն, որտեղ արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելութեանը: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով bostonglobe.com-ը, Բոստոնի հայ համայնքի կողմից City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի համար մօտ 150 հազար դոլար գումար է հաւաքուել:
City of Smile հիմնադրամը ստեղծուել է քաղցկեղով հիւանդ երեխաներին աջակցութիւն ցուցաբերելու նպատակով:
Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպմանն Աննա Յակոբեանն ընդգծել է, որ հարուստ եւ զարգացած երկրներում քաղցկեղը պարզապէս հիւանդութիւն է, բայց շատ աւելի քիչ զարգացած երկրներում այն հաւասար է մահուան դատավճռի
Միջոցառման ներկայ է գտնուել աւելի քան 450 մարդ: Հանդիպմանը ներկայ է գտնուել նաեւ ԱՄՆում ՀՀ դեսպան Վարուժան Ներսէսեանը:
Աննա Յակոբեանը նաեւ յայտնել է, որ երազում է Հայաստանում հիւանդանոց ունենալու մասին, որտեղ կը լինեն բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու մեթոդները, որպէսզի ոչ մի ծնող ստիպուած չլինի իր երեխային Եւրոպա, Ռուսաստան կամ Միացեալ Նահանգներ տանել: «Ես երազում եմ, որ մեր երեխաները մնան տանը՝ Հայաստանում եւ բուժում ստանան իրենց տան անմիջական հարեւանութեամբ», ասել է ՀՀ վարչապետի տիկինը:
Բոստոնում կայացած գալա միջոցառման համանախագահ Սինթիա Կազանճեանն ընդգծել է, որ City of Smile հիմնադրամը ցանկանում է ներդնել Սուրբ Յուդայի մանկական հետազօտական հիւանդանոցի մոդելը, որպէսզի հնարաւոր լինի ապահովել երեխաների բուժումը Հայաստանում՝ անկախ նրանց ընտանիքի եկամտից:
Սինթիա Կազանճեանն Աննա Յակոբեանին Հայաստանում եւ Հայկական Սփիւռքի հետ յարաբերութիւններում ունեցած դիրքի առումով համեմատել է ԱՄՆ 44րդ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ: «Նա եւ նրա ամուսինը փորձում են նոր Հայաստան կառուցել, եւ մարդկանց մօտ յոյս է արթնացել: Երկար ժամանակ մարդիկ այնտեղ կամ շատ աղքատ են եղել կամ շատ հարուստ՝ առանց միջին խաւի: Նոր ղեկավարութեան օրօք դա փոխւում է», ասել է նա: