ԵՐԵՒԱՆ.- Երկուշաբթի, 8 Ապրիլին, Երեւանում տեղի ունեցաւ ԵՈՒՆԻՍԵՖի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը հանրայայտ երգչուհի, դերասանուհի եւ ԵՈՒՆԻՍԵՖ Բարի կամքի դեսպան Նատալիա Օրէյրոյի հետ, որի ընթացքում քննարկուեցին «Միասին յանուն Հայաստանի» ծրագրի մանրամասներն ու հեռանկարները: Ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի, կեանքի է կոչուել ԵՈՒՆԻՍԵՖի հայաստանեան ու արգենտինեան գրասենեակների, Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինեան գրասենեակի եւ արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:
«Որպէս ԵՈՒՆԻՍԵՖի Բարի կամքի դեսպան, պէտք է նշեմ, որ բարեգործութիւնը սահմաններ չունի: Շատ ուրախ եմ, որ ԵՈՒՆԻՍԵՖ Արգենտինան, ԵՈՒՆԻՍԵՖ Հայաստանը եւ Հայաստան համահայկական հիմնադրամը միաւորել են իրենց ջանքերը յանուն այս գեղեցիկ երկրի երեխաների: Հրաւիրում եմ բոլորին, որպէսզի աջակցեն «Միասին յանուն Հայաստանի» նախաձեռնութեանը», հանդիպմանը նշել է Նատալիա Օրեյրոն:
Ի յիշատակ Սպիտակի աւերիչ երկրաշարժի՝ 2018թ.ի Նոյեմբերին ԵՈՒՆԻՍԵՖի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինեան գրասենեակները ստորագրել են համաձայնագիր՝ համատեղելու ջանքերը յանուն հայ երեխաների եւ երիտասարդների առողջութեան, կրթութեան եւ պաշտպանութեան եւ այս նպատակով ֆոնդահայթայթման աշխատանքներ իրականացնելու: 2018թ.ի Դեկտեմբերի 7ին երկու կողմերը կազմակերպել են գալայ ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարութեան, մասնաւոր հատուածի եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ յայտնի անձիք եւ մտաւորականներ: Ընթրիքի ընթացքում հանգանակուել է 9,262,000 արգենտինեան պէսօ:
2019ին այս գումարը կ՛ուղղուի անմիջապէս Սպիտակ՝ չորս ուղղութիւններով: Այսօր արդէն ԵՈՒՆԻՍԵՖը Սպիտակում կառուցում է առաջին ներառական խաղահրապարակը հաշմանդամութիւն ունեցող եւ չունեցող երեխաների եւ դեռահասների համար եւ բարելաւում է քաղաքում մանկաբուժական ծառայութիւնների որակը: Շուտով կը սկսուեն երիտասարդների վերապատրաստման եւ նրանց 21րդ դարի հմտութիւններով վերազինելու աշխատանքները, որը կ՛օգնի երիտասարդներին աւելի վստահ կերպով մուտք գործել աշխատաշուկայ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան հետ համատեղ ԵՈՒՆԻՍԵՖը նաեւ կ՛աշխատի Սպիտակի վերջերս վերակազմաւորուած երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոնում՝ բարելաւելու պայմաններն ու վերականգնողական եւ կրթական ծառայութիւնների որակը: