ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Հինգշաբթի, 28 Մարտին, լրագրողներու հետ ճեպազրոյցի մը ընթացքին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեան յայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտօնեաները ցած գիներով գնած են մայրաքաղաքի «իւղոտ» տարածքները: Ան նաեւ դժգոհեցաւ, թէ ազատ հողատարածքներու պակասը այսօր լուրջ խոչընդոտ դարձած է շարք մը ծրագիրներու իրականացման համար:
«Իւրաքանչիւր վարչական շրջանում կան հողատարածքներ՝ չակերտաւոր իւղոտ տարածքները, որոնք շատ ցածր գներով գնուել է թաղապետերի կողմից կամ իրենց մերձաւորների կողմից, եւ ցաւօք սրտի, արդէն գրանցուած են, իրենք սեփականութեան վկայականներ ունեն եւ այլն: Եւ այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, եւ իրականացմանը խանգարում է այդ հանգամանքը: Բայց մենք բանակցում ենք նաեւ այդ մարդկանց հետ, որպէսզի, եթէ որեւէ հողակտոր մեզ պէտք է որեւէ ծրագրի համար, իրենք զիջեն էդ հողը մեզ, մենք իրենց համանման հող մի ուրիշ տեղ տանք: Ցաւը նրանում է, որ սեփականաշնորհուել են նաեւ այգիների տարածքները, որը ամենադաժանն է», յայտնեց Մարութեան:
Այժմ սեփականատէրերը այդ այգիներուն մէջ կը փորձեն շինութիւններ կառուցել. քաղաքապետարանը արգելք դրած է այդ շինարարական աշխատանքներուն վրայ:
«Այդ այգիների տարածքում մարդիկ գալիս են եւ փորձում են ինչ-որ շինարարութիւն անել, շինթոյլտուութիւն ստանալ մեզանից: Բնականաբար մենք մերժում ենք… Կայ Նոր Նորքի այգիում, կայ Դաւթաշէնի այգիում, գրեթէ բոլոր այգիներում կան սեփական հողեր: Իրենք մի քիչ խելացի են գտնուել՝ իրենց անունով չեն գրել: Գրել են բարեկամի, ընկերոջ…»