ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայոց բանակի սննդակարգին մէջ, 2019ին փոփոխութիւններ կատարուած են. ձմրան, զինուորներուն սնունդը պիտի հարստացուի բնական մեղրով, սխտորով, ճարպով եւ լաւաշով: Լրագրողներու այս մասին յայտնեց Զինուած ուժերու թիկունքի վարչութեան ծառայութեան պետ, գնդապետ Արա Մարգարեան:
«Ձմեռային ժամանակահատուածում պլանաւորուել է մէկ զինծառայողի հաշուարկով յատկացնել բնական մեղր, որն ունի շատ առողջարար յատկութիւններ, նաեւ ծրագրել ենք աւելացնել ճարպ եւ սխտոր: Զինծառայողի սննդակարգում Մայիս ամսում պարտադիր բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կը յատկացուի լաւաշ: Աւելացրել ենք նաեւ թանապուր, այն տրամադրուել է մարտական հերթապահութիւն իրականացնող զինծառայողներին եւ շատ բարձր գնահատականի է արժանացել զինծառայողների կողմից», ըսաւ Մարգարեան:
Գնդապետը աւելցուց, որ 2019ին կը նախատեսուի նաեւ հերթապահութիւն իրականացնող զինուորներու սննդակարգը հարստացնել պահածոյ գետնախնձորով:
«Կենտրոնական պարէնային բա-զայում ունենք նոր սառնարանային տնտեսութիւն, մեծացել են դրանց ծաւալները, ինչը արդէն հնարաւորութիւն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահպանել համապատասխան ջերմախոնաւային պայմաններում: Պահածոյացուած սննդամթերքի համար նախատեսուած են տարբեր պահեստարաններ, որտեղ, ըստ անուանումների եւ ըստ արտադրման տարեթուերի պահպանութիւն ենք իրականացնում: Կենտրոնական պարէնային բազայից մատակարարումներից յետոյ սահմանուած կարգով առաքւում են տարածքային բազաներ եւ այնտեղից տեղափոխւում զօրամասեր», մանրամասնեց գնդապետ Մարգարեան: