ԵՐԵՒԱՆ.- «Լրատուական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանութեան ներկայացուցիչներին կամ իշխանութեանն ընդդիմադիր ուժերին», «Ֆէյսպուք»էն ուղիղ հաղորդումի միջոցաւ յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ անդրադառնալով, իր բնորոշումով, գործող իշխանութիւններուն դէմ տարուող մեդիա (լրատուական տարբեր միջոցներու) արշաւին:
Նշելով, որ նախկին իշխանութիւն ըսելով՝ «երկու սուբյէկտ» (ենթակայ-Խմբ.) նկատի ունի՝ Փաշինեան ըսաւ, որ «անուններ չի տայ»:
«Խնդիրն անունները քննարկելը չէ: Լրատուական դաշտի 90 տոկոսը գտնւում է կամ այդ երկու նախկին իշխանութեան ներկայացուցիչ սուբյէկտների տիրապետութեան տակ կամ մեզ ընդդիմադիր ուժերի տիրապետութեան տակ: Այս առումով ստեղծուած իրավիճակը բացառիկ է, որովհետեւ, ըստ էութեան, իշխանութիւնները ե՛ւ ֆինանսական, ե՛ւ լրատուական ռեսուրսների (միջոցներու-Խմբ.) չեն տիրապետում: Մեզ ընդդիմադիր ուժերի ձեռքում գտնուող լրատուամիջոցների մեծ մասը գտնւում են նախորդ իշխանութեան ներկայացուցիչների ձեռքին: Ինչո՞ւ եմ սա ասում եւ ինչո՞ւ է սա կարեւոր՝ մի պարզ պատճառով, որ հիմա լրատուական դաշտում տեղի է ունենում հետեւեալ պրոցեսը (գործընթացը-Խմբ.), որ նախկին իշխանութեան ներկայացուցիչները տանում են հետեւեալ թէզը՝ փորձ է արւում մեր իշխանութիւնը հանրապետականացնել՝ ասել, որ տարբերութիւն չկայ, ահա, այս իշխանութիւնը նոյնպիսինն է, ինչպիսին Հանրապետականն էր, եւ բերւում են արհերքելի փաստեր, ինչո՞ւ անհերքելի, որովհետեւ, օրինակ, ասում են՝ «հանրապետականներն ունէին մի քիթ, երկու ականջ, մէկ բերան, երկու ձեռք, այս իշխանութիւնը՝ նոյնպէս», «նախորդ վարչապետն էլ երկու աչք ունէր, երկու ականջ, մի քիթ, մի բերան, հիմա տեսէք, որ էս վարչապետն էլ ունի, նոյնն է, ոչ մի տարբերութիւն»: Ես պատկերաւոր եմ ասում, բայց էութիւնը նոյնն է: Դա արւում է նրա համար, որ իբր էն փոփոխութիւնները, որոնք տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխուել երկրում եւ այդ քարոզչական արշաւի մէջ առանձնայատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի եւ իմ քաղաքական թիմի դէմ տարուող քարոզարշաւը», ըսաւ Փաշինեան:
Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը այսօր ժողովուրդը ու պետութիւնը չի թալաներ:
«Սա այն փոփոխութիւնն է, որի մասին մենք երազել ենք շատ երկար տարիներ, սա փոփոխութիւնների փոփոխութիւնն է, մնացածն արդէն տեխնիկայի խնդիր է եւ ժամանակի հարց: Երկրորդը՝ Հայաստանում իշխանութիւնը ձեւաւորուած է ժողովրդի կողմից, Հայաստանի քաղաքացիներն են ձեւաւորել իշխանութիւն, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանութիւն ձեւաւորելու իրաւունքը եւ արտօնութիւնը: Մենք եղունգներով, ճանկռտելով իշխանութիւնը չենք պահելու, եթէ ժողովրդին պէտք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում, մենք կը լինենք, եթէ ոչ՝ չենք լինի»: