«ՌԱԶՄԻՆՖՕ»
Ներքաղաքական իրադարձութիւնների ստուերում բաւարար ուշադրութեան չարժանացաւ այն լուրը, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի որոշ հատուածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական Սահմանապահ ծառայութեան (ՊՍԾ) ուժերով:
Փոխարինում է, փոխարինում, մեզ ի՞նչ: Վերջիվերջոյ գումարելիների տեղափոխութիւնից գումարը չի փոխւում, չէ՞: Բայց սա այդ դէպքը չէ. այս թուաբանութիւնում գումարելիների տեղերը փոխելուց գումարը փոխւում է:
Ընդհանրապէս, այս լուրը դեռ պէտք է մանրամասն քննել եւ ուշադիր հետեւել յետագայ իրադարձութիւններին, բայց որոշ դատողութիւններ արդէն իսկ կարող ենք անել: Հէնց սկզբից ընդգծենք, որ այս քայլը ոչ թէ լարուածութեան թուլացման ցուցիչ է, այլ՝ ուժերի կենտրոնացման միջոց ու վերախմբաւորում:
Այսպէս փոխարինում են Ադրբեջանի ազգային բանակի 707րդ մոտօհրաձգային բրիգադը (ստորաբաժանումը -Խմբ.), որը մտնում է Ադրբեջանի 3րդ կորպուսի (զօրամասի-Խմբ.) կազմում: Աղստաֆա-Ղազախ ուղղութեամբ տեղակայուած այս բրիգադը պահում էր ռազմաճակատի ամենահիւսիսային հատուածը. Վրաստանի սահմանից սկսած Տաւուշի ամբողջ մեծ սահմանը:
Վրաստանի սահմանին մօտ ադրբեջանցիները նախկինում ունէին նաեւ ՊՍԾ ստորաբաժանումներ, որոնք բացի այն բանից, որ հսկում էին Վրաստանի հետ սահմանը, նաեւ ռեզերվի (պահեստային-Խմբ.) դեր էին կատարում նոյն 707րդ բրիգադի համար: Կարելի է ենթադրել, որ հէնց այդ ուժերի հիմքի վրայ էլ կազմաւորուել է 707ին փոխարինող ստորաբաժանումը (ներկայումս դրանք Շամխորի սահմանապահ ջոկատի կազմում են, բայց հաւանաբար կ՛առանձնացուեն որպէս առանձին սահմանապահ ջոկատ):
Ընդ որում, կարեւոր մի հանգամանք? Գանձակից արեւմուտք Ադրբեջանը փաստացի ռեզերվում բանակի ոչ մի մոտօհրաձգային բրիգադ չունէր: Կային միայն բուն 3րդ կորպուսի ուժերը, որոնք տեղակայուած են Շամխոր քաղաքում: Աւելին, Գանձակում եղած 2 ռեզերվային բրիգադներից մէկը՝ 130րդը դեռ 2014ից յետոյ տեղափոխուել էր առաջնագիծ (1ին կորպուսի կազմում):
Այսպիսով, ի՞նչ է հաւանաբար արւում: 707ի փոխարէն սահմանին կանգնող ՊՍԾ ուժերը փաստացի լինելու են թեթեւ մոտօհրաձգային բրիգադ: Ընդ որում, Ադրբեջանում ՊՍԾ ստորաբաժանումները նորմալ պատրաստուած են, այդ թւում համազօրային մարտ վարելու համար, պարբերաբար թէ առանձին, թէ բանակի հետ համատեղ զօրավարժութիւններին խաղարկում են համապատասխան սցենարներ: Ընդ որում՝ այդ բազմաթիւ համատեղ զօրավարժութիւնները նաեւ ուժային կառոյցների միջեւ փոխգործակցութեան հարցերն են լուծել:
Շատ հնարաւոր է, որ փոխարինումից յետոյ 707ի նախկին գօտու հարաւային մասը փոխանցուի 812րդ մոտօհրաձգային բրիգադին, որի պատասխանատուութեան գօտին համեմատաբար աւելի փոքր էր: Արդիւնքում Ադրբեջանի պաշտպանունակութիւնը սահմանի այդ հատուածում բացարձակ չի տուժի այն բանից, որ մոտօհրաձգային բրիգադը փոխարինում են աւելի թեթեւ բրիգադով: Յատկապէս, որ Ղազախում Ադրբեջանն ունի նաեւ ներքին զօրքերի ստորաբաժանումներ, որոնք, ինչպէս եւ ՊՍԾ ուժերը, նոյնպէս պատրաստուած են համազօրային մարտ վարելու համար:
Փոխարէնն Ադրբեջանն ազատում է մէկ լիարժէք մոտօհրաձգային բրիգադ: Այն ամենայն հաւանականութեամբ ոչ միայն յետ կը քաշուի, այլեւ կը տեղակայուի աւելի հարաւ: Դրա արդիւնքում Գանձակից արեւմուտք Ադրբեջանը կ՛ունենայ ռեզերվային մոտօհրաձգային բրիգադ, որն առաջին հերթին Տաւուշի ու Գեղարքունիքի ուղղութեամբ, բայց անհրաժեշտութեան դէպքում նաեւ Մռաւի ուղղութեամբ կարող է օգնութեան հասնել ռազմաճակատում տեղակայուած ուժերին:
Ինչպէս տեսանք, գումարելիների տեղափոխութիւնից գումարն այնուամենայնիւ աճեց: Այս «հաշուապահութեամբ» փաստացի, Ադրբեջանն օպտիմալացնում է իր ուժերը Հայաստանի հետ սահմանի մօտ՝ դրանք աւելի արդիւնաւէտ ձեւով տեղաբաշխելով: Վերջում եւս մէկ անգամ ընդգծենք, որ այս քայլը լարուածութեան համար չի, այլ ուժերի վերախմբաւորման: