2018թ. Նոյեմբերի 16-18ը, Լոս Անջելեսում տեղի ունեցաւ «Թաքնուած գանձերի յայտնագործում. Արեւելեան Եւրոպայի մշակոյթն ու արուեստը» թեմայով ցուցահանդէս եւ միջազգային գիտաժողով:
Ինչպէս «Հայերն Այսօր»ին յայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլոյ դիւանից, գիտաժողովը կազմակերպուել էր Կալիֆորնիայի համալսարանի «Նարեկացի» հայագիտական ամբիոնի կողմից՝ հիմնադրման 50ամեակի առիթով եւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի բարձր հովանու ներքոյ:
Արեւելեան Եւրոպայի եր-կրների շարքում ներկայացուած էր նաեւ Ռումինիան՝ ռումինահայոց հարուստ կրօնական ու պատմամշակութային ժառանգութեամբ: Գիտաժողովին եւ ցուցահանդէսին մասնակցում էին աշխարհի մի շարք երկրներից ժամանած գիտնականներ ու մտաւորականներ, արուեստագէտներ ու մշակութային գործիչներ՝ հանդէս գալով դասախօսութիւններով ու բանախօսութիւններով: Ռումինիայից մասնակցում էին Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Յակոբեանը, առաջնորդարանի գրասենեակի պատասխանատու Բելլա Մուրադեանը, Ռումինահայոց միութեան նախագահ Վարուժան Ոսկանեանը, պրոֆեսոր Վիրջիլ Պոպը Կլուժ քաղաքից, ինչպէս նաեւ Հունգարիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չեխիայից, ԱՄՆից, Կանադայից, Հայաստանից:
Գիտաժողովի աշխատանքներն սկսւում են ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի տեսաուղերձով, որից յետոյ եռօրեայ աշխատանքների ընթացքում ելոյթներ են ունենում տարբեր երկրներից ժամանած գիտնականները: Խօսքով հանդէս է գալիս նաեւ Տաթեւ Սրբազանը՝ խօսելով Ռումանիոյ թեմի եւ ռումինահայութեան կրօնական ու մշակութային ժառանգութեան մասին:
Գիտաժողովի եւ ցուցահանդէսի կազմակերպման ու կայացման գործում անուրանալի է Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդի վաստակը: Տաթեւ սրբազանի օրհնութեամբ ու նախաձեռնութեամբ 2013թ.ից սկսեալ Բուխարեստ են հրաւիրուել մի շարք մասնագէտներ, որոնք ուսումնասիրել են թեմում եղած նիւթերը, ձեռագրերն ու արխիւը, լուսանկարել ու անհրաժեշտութեան դէպքում վերանորոգել վնասուած իրերը, ինչն էլ յետագայում տարբեր ուսումնասիրութիւնների եւ գիտական աշխատանքների նիւթ է դարձել: Նրանց թւում են արուեստաբան, մանկավարժ, արուեստագիտութեան դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Մշակոյթի վաստակաւոր գործիչ Լեւոն Չուգասզեանը, որը պարբերաբար այցելել է Ռումինիայ՝ հաշվառելու եւ ուսումնասիրելու տեղի հայկական եկեղեցիներում եւ թանգարաններում պահուող հայ արուեստի բազամաթիւ անյայտ ստեղծագործութիւնները, կ՛անադահայ նշանաւոր լուսանկարիչ Հրայր Խատչերեանը (Բազէ), ով լուսանկարել է թեմի գանձերը եւ տարեվերջին նախատեսւում է Ռումինիայի կրօնների նախարարութեան հովանաւորութեամբ լոյս ընծայել ալբոմ-պատկերագիրք, որում ընդգրկուած կը լինեն Ռումինիայի հայ մշակութային ու հոգեւոր ժառանգութեան գանձերն ու կոթողները, լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ Լիլիթ Խաչատրեանը, ով այժմ ձեւաւորում է Պատմութեան թանգարանի հրատարակուող գրքերը, արուեստաբան Մարիամ Վարդանեանը, արուեստագիտութեան թեկնածու Սէյրանոյշ Մանուկեանը, որոնք աշխատում են Երեւանի Պետական համալսարանի Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ԵՈՒՆԵՍՔՕի ամբիոնում եւ ուրիշներ:
Եւ ահաւասիկ վերոնշեալ գիտնականներից մի քանիսը Ռումինիայում իրենց կատարած հետազօտութիւնների վերաբերեալ գիտաժողովի ժամանակ հանդէս եկան դասախօսութիւններով: Մասնաւորապէս, Մարիամ Վարդանեանը (Երեւանի պետական համալսարանի Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ԵՈՒՆԵՍՔՕի ամբիոն)՝ ներկայացնելով «Արծաթէ գեղարուեստական նմուշները Ռումինիայի Հայոց թեմի հաւաքածուներում» ուսումնասիրութիւնը, Սէյրանուշ Մանուկեանը (Արուեստագիտութեան թեկնածու, ԵՊՀ Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան, ԵՈՒՆԵՍՔՕի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի աւագ գիտաշխատող)՝ ներկայացնելով՝ «Սրբապատկերը ռումինահայոց մէջ» թեմայով ուսումնասիրութիւնը, Հրայր Խատչերեանը եւ ուրիշներ:
Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդի ցանկութիւնն ու նպատակն է ո՛չ միայն ուսումնասիրել թեմի ողջ հարուստ ժառանգութիւնը, այլ նաեւ մշտապէս հասանելի դարձնել տարբեր երկրներից ժամանող գիտաշխատողների ու հետազօտողների համար, հրապարակել ուսումնասիրութիւններ ու յօդուածներ տարբեր լեզուներով, լոյս սփռել այդ հսկայածաւալ ու արժէքաւոր հարստութեան վրայ՝ հանելով անցեալի մութ անկիւններից եւ մատուցելով գիտական բարձր մակարդակով:
Վերոնշեալ գիտաժողովն ու ցուցահանդէսը եւս մէկ անգամ առիթ ու հնարաւորութիւն ստեղծեց ծանօթանալու Արեւելեան Եւրոպայի մշակոյթին, հայութեան ունեցած ներդրումներին ու ակտիւ (աշխոյժ-Խմբ.) մասնակցութեանը այդ տարածաշրջանի մշակութային ու կրօնական կեանքից ներս: