Կը Պատասխանէ Տնտեսութեան Նախկին Նախարար Արծուիկ Մինասեան
ՀՅԴն երբեւէ անցեալի վերադարձի դիրքերից հանդէս չի՛ եկել, չի՛ գալու: Այս մասին Նոյեմբերի 14ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծուիկ Մինասեանը:
Ըստ Մինասեանի նախկին իշխանական ձեւաչափերը վերադարձնելու որեւէ հնարաւորութիւն չկայ: «Մեզ համար դա իսկապէս անցեալ է: Սակայն պէտք է նաեւ անցեալի դասերը լաւ սերտենք, որպէսզի կարողանանք ներկայի եւ ապագայ յարաբերութիւնները՝ երկրի ներսում եւ սահմաններից դուրս, կառուցել ճշմարիտ նպատակների շուրջ: Իսկ այդպիսի ճշմարիտ նպատակները, միանշանակ, կառուցուած են մեր ազգային, պետական ուղեգիծը պահպանելու վրայ: Դա Արցախեան ազատագրական պայքարի արդիւնքում ազատագրուած Հայրենիքն է, որ պէտք է ապագայ սերունդներին թողնենք աւելի պաշտպանուած եւ աւելի ընդլայնուած, քան մենք ենք ժառանգել սովետական ժամանակաշրջանից, դա մեր մշակոյթն է, մեր դպրոցն է, մեր կրթութիւնը, մեր լեզուն, մեր եկեղեցին: Այս ամէնը, ի վերջոյ, մեր ազգային ողնաշարն է: Այս ազգային ողնաշարին վնասող ցանկացած գործողութիւն, այդ թւում՝ անցեալում վնասած գործողութիւն, պէտք է բացառենք: Մերժելի են բոլոր բացասական դրսեւորումները, որոնք եղել են անցեալում», նշել է Մինասեանը:
Ըստ նրա՝ այնուամենայնիւ, պէտք է արժանին մատուցել եւ շնորհակալութիւն յայտնել այն անձանց ու քաղաքական ուժերին, որոնց հետ ՀՅԴն համագործակցել է իր անցած ճանապարհի ընթացքում: «Նշածս հարցերում մենք նրանց հետ կարողացել ենք ունենալ ձեռքբերումներ՝ նախեւառաջ հայ-թուրքական յարաբերութիւնների շրջանակներում, Արցախի միջազգային ճանաչման հարցում: Սա նաեւ հնարաւորութիւն է, որ մենք պարզ ճակատով նայենք մեր անցեալին եւ վստահաբար՝ մեր ապագային: Մենք ուրացող չենք, բայց, նաեւ մեր սխալները գիտակցելով ըմբռնելով, թերութիւնները ընկալելով հանդերձ, երբեք գլուխներս չենք կախում, որովհետեւ, անգամ եթէ որեւէ տեղ թերացել ենք, եղել է ոչ թէ կանխամտածուած՝ այս կամ այն խմբի շահի հետեւանք, այլ հայ ժողովրդի պահանջին համահունչ առաջ գնալու գործողութիւն», ասել է Մինասեանը՝ յաւելելով. «Ես կարծում եմ՝ նա, ով իր անցեալն ուրանում է, ապագայ չի կարող ունենալ: Սա վերաբերում է նաեւ մի քաղաքական ուժի, որը 128 տարուայ պատմութիւն ունի»:
«ֆէյսբուք»եան օգտատէրերից մէկը Արծուիկ Մինասեանի՝ անշարժ գոյք ունենալ-չունենալու մասին հարց է հնչեցրել:
«Արծուիկ Մինասեանը եղել է ԱԺ միակ պատգամաւորը, որը Երեւանում վարձով է ապրել եւ Ազգային ժողովից փող ստացել: Նա հիմա տուն ունի՞, թէ ոչ» հարցին ի պատասխան՝ Մինասեանն ասել է. «Ես հիմա տուն ունեմ, եւ այդ տան համար այն ժամանակ ես բաժանորդագրուել եմ «Երիտասարդ ընտանիքներին՝ բնակարան» ծրագրով՝ որպէս համալսարանական դասախօս: Իհարկէ, մինչեւ հիմա հիփոթեքային վարկ ենք վճարում, բայց կեանքն է այդպիսին»: