ՆԱՅԻՐԻ ԶԱՐԵԱՆ
Դու ինձ կը փնտռես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամէն օր քո ճամփի վրայ,
Երբ մենակութեան լալկան ուռենին
Կը թեքուի մի օր քո ճամփի վրայ:
Ձայնս կը լսես հեռու ձորերից,
Ինչպէս հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կը տաս անունս նորից
Եւ ունայն յոյսով կը նետուէս փողոց:
Բայց ես չեմ լինի ծանօթ մարդկանց մէջ,
Ձեր դռան մօտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կը շրջես անվերջ,
Եւ զղջման բոցով կ՛այրուի քո հոգին: