ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Արցախի ուժանիւթի եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարարութեան աշխատակազմի ելեկտրականութեան բաժինի գլխաւոր մասնագէտ Արմէն Մեժլումեան յայտարարեց, որ ընթացիկ տարուան Յունուարէն Սեպտեմբեր, Արցախի մէջ արտադրուած է հանրապետութեան ելեկտրական ուժի պահանջները նոյնիսկ աւելիով գոհացնելու չափ ելեկտրականութիւն։
Ըստ Մեժլումեանի՝ գործող ջրելեկտրակայաններէն (ՀԷԿ) 11 կայանները տեղակայուած են Քաշաթաղի, 7ն՝ Մարտակերտի եւ 2ը՝ Շահումեանի շրջաններուն մէջ:
«Ներկայումս ԱՀում կառուցւում է 17 ՀԷԿ, որից 9ը՝ Քաշաթաղի, 5ը՝ Շահումեանի, 2ը՝ Մարտակերտի եւ 1ն էլ Հադրութի շրջաններում: Նշուած 17 ՀԷԿերից 2ը նախատեսւում է շահագործման յանձնել մինչեւ 2019 թուականի Յունուարի 1ը, իսկ միւսները՝ մինչեւ 2020թ. Հոկտեմբեր», յայտնեց Մեժլումեան:
Ան նշեց նաեւ, որ 2016ին արտադրուած 296.4 միլիոն քիլոուաթ/ժ ելեկտրուժի փոխարէն, 2017ին արտադրութեան ծաւալը կազմած է 327.8 միլիոն քիլոուաթ/ժ, իսկ 2018ի 9 ամիսներուն արտադրուած է 290.4 միլիոն քիլոուաթ/ժ, որ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածին հետ համեմատած՝ աճած է 20.5 տոկոսով:
«2017 թուականի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 304.2 մլն. կվտ./ժ: Հաշուարկային հաշուով Հայաստանի էլեկտրական ցանցերից ստացել ենք 23.3 մլն. կվտ./ժ էլեկտրաէներգիա: Ընթացիկ տարուայ 9 ամիսների էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 267.2 մլն. կվտ./ժ: 2017 թուականին էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում Արցախը հասել է 93.4 տոկոսի ինքնաբաւութեան, իսկ ընթացիկ տարուայ 9 ամսում՝ 108,7 տոկոիսի», յայտնեց Մեժլումեան: