ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՍ
Մեր հին երկրից՝ Իրաքի Մուսուլ, Պասրա, Քերքուք եւ Պաղտատ քաղաքներից վերջին տարիներին Միացեալ Նահանգներ բնակութիւն հաստատած հայրենակիցները եւ տեղւոյն զաւակները այսօր ՀՄԸՄի Հիւսիսային Հոլիվուդ քաղաքի «Ջաւախք» մասնաճիւղի մէջ արձանագրուած սան-սանուհիներն են: Առայժմս 60 հոգուց բաղկացած սկաուտական այս խմբակցութեան սաների շրթերից ամէն Կիրակի օր կարելի է լսել՝ «Կամաւոր բանակ, յառա՜ջ, յառա՜ջ անսասան»ի երգեցողութեան բառերը Գլենդէյլի «Փասիֆիք» զբօսադաշտի մէջ, երեկոյեան ժամը 5-7 ընթացքին, ամառային ամիսներին:
Սկաուտական երգեցողութեամբ եւ կոչերով, սկաուտական գիտելիքներ եւ խաղեր արծարծելով մասնակիցների մէջ, շնորհալի խմբապետների շնորհիւ այս երկու ժամուայ ընթացքին սնուցւում է կարգապահութիւն, ազգային ոգին եւ ազգային պատկանելիութեան իմաստը:
«Ջաւախք»ի սկաուտական խմ-բակցութիւնը վերջերս՝ Օգոստոսի 17-19ի ընթացքին, առաջին բանակումն է ունեցել ՀՄԸՄի «Camp Takoya» բանակավայրում, որտեղում երեք օրուայ դասընթացքում եղել են սկաուտական կոչեր, դասախօսութիւններ, ազգային երգերի երգեցողութիւն, դրօշակի արարողութիւն, խարոյկի շուրջ հանդէս եւ լող վայրի լողաւազանի մէջ: Մասնաճիւղի ստեղծման՝ Դեկտեմբեր 2016 թուականից մինչեւ այսօր մասնաճիւղը երկու անգամ մասնակցել է Լոս Անճելոսում կայացող Նաւասարդեան տողանցքներին եւ խաղերին: Նաեւ կազմակերպել է երեք շարժապատկերների ձեռնարկներ, երեք արշաւ-բանակում, երկու երդման արարողութիւն, Նոր Տարուայ հանդէս եւ մասնակցել է Հիւսիսային Հոլիվուդի Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ կազմակերպած միջոցառումներին:
Մասնաճիւղի մրջնիկների (մանուկ) խումբը ղեկավարում է Սանդրա Գէորգեանը, որ դասաւանդում է 2ից 5 տարեկան մանուկներին՝ երգ, նկարչութիւն եւ զանազան խաղեր եւ նրանց մէջ սնում եւ արմատացնում սկաուտական կեանքի իմաստը:
Խմբապետներ՝ Մարիամ Փալանջեանը, Շանթ Աւետիսեանը, Պետրոս Գէորգեանը, Կարապետ Նահապետեանը, Վերա Շահբազեանը, Սիլվա Թաշճեանը, Զաւէն Միհրանեանը, Համազասպ Կարապետեանը եւ Անիթա Քրիստոն ղեկավարում են Գայլիկ-Արծուիկ եւ Արի-Արենուշ սկաուտական բաժինները, մեծ հոգատարութեամբ:
Խմբապետների կողքին նաեւ ժրաջան աշխատում է մասնաճիւղի վարչական կազմը, ղեկավարութեամբ՝ Շանթ Կարապետեանի եւ խորհրդականներ՝ Հրայր Արզումանեանի, Վաղենակ Վահանեանի եւ Վահէ Հայրիկեանի, որոնք սերտ գործակցութեամբ յարաբերութիւն ունեն ՀՄԸՄ «Ջաւախք» մասնաճիւղի վարչութեան հետ եւ իրենց աստիճանաւորական շաբաթական ժողովների ընթացքին լուրջ մտահոգութեամբ, օրը-օրին հետեւում են շրջանում մարզական, սկաուտական եւ մշակութային կեանքից հեռու մնացած երիտասարդութեան աշխատանքին եւ ջանում չխնայել որեւէ ճիգ՝ շրջանում բնակուող ծնողներին մատչելի դարձնելու իրենց զաւակներին եւ դուստրերին ՀՄԸՄի սկաուտական եւ մարզական խումբերում արձանագրելու եւ ներգրաւելու առիթը:
«Ջաւախք» մասնաճիւղի միջավայրում սերմանւում են անհատի քաղաքացիական պարտականութեան գիտակցութիւնն ու ազգային պատկանելիութեան զգացումները: Սկաուտական եւ մարզական ծրագիրները յաճախող մեր երիտասարդ-երիտասարդուհիների սրտում սերմանւում են նաեւ մարդկային արժէքների չափանիշները, որոնք են՝ մարդասիրութեան եւ ընտանիքի, ընկերոջ եւ հայրենիքի հանդէպ սէր: Անոնք աւելի ինքնավստահ եւ համարձակ են դառնում իրենց առօրեայ կեանքում: Նրանց մէջ խմորւում է ապագայի հանդէպ աւելի դրական տեսլականը:
Հոկտեմբեր ամսից սկսեալ, «Ջաւախք» մասնաճիւղի սկաուտական եւ մարզական հանդիպումները շարունակուելու եւ տեղի են ունենալու ՀՄԸՄի Շրջանային վարչութեան կենտրոնում, ամէն Կիրակի երեկոյեան ժամը 5-7, 2324 Colorado Blvd., Los Angeles, CA 91041), Իկըլ Ռաք քաղաքում:
Հետաքրքրուող ծնողներից խն-դրւում է կապ հաստատել Համազասպ Կարապետեանի հետ՝ (626) 813-5542 թիւով, իրենց սիրասուն զաւակները մասնաճիւղի աշխատանքներին մասնակից դարձնելու համար: