ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Կեդրոնական դրամատունը Երեքշաբթի, 6 Նոյեմբերին յայտարարեց, որ սերտօրէն կը համագործակցի իր միջազգային գործընկերներուն հետ՝ «ՀՀ ֆինանսական համակարգի կայունութեանը սպառնացող առկայ ու հնարաւոր ռիսկերը (վտանգները-Խմբ.) ժամանակին յայտորոշելու եւ արդիւնաւէտ կերպով կանխարգելելու նպատակով»:
«Ինչպէս ՀՀ Կենտրոնական բանկը, այնպէս էլ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը քաջատեղեակ են սոյն թուականի Մայիսի 8ին Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի յայտարարութեան համաձայն՝ Օգոստոսի 6ին եւ Նոյեմբերի 5ին Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից կիրառուող պատժամիջոցների ամբողջ ծաւալով վերականգնման հանգամանքին եւ իրենց ընթացիկ գործունէութիւնը պլանաւորելիս (ծրագրելու ատեն-Խմբ.) հաշուի են առնում դրանից բխող հնարաւոր հետեւանքները:
Հարկ է նշել, որ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռեւս մինչեւ 2016թ. Յունուարի 16ին Վեցեակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնութիւն, Չինաստան) կողմից Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի հաստատուելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարուայ Մայիսի 8ին Ամերիկայի Միացեալ Նահանգների դուրս գալուց յետոյ էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ:
Նշուած համակարգը ՀՀ ֆինանսական հաստատութիւններին թոյլ է տալիս զերծ մնալ փողերի լուացման, ահաբեկչութեան ֆինանսաւորման, զանգուածային զէնքի տարածման ֆինանսաւորմանը որեւէ կերպ առնչուող գործառնութիւններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան Անվտանգութեան խորհրդի որոշումներով նախատեսուած սահմանափակումների եւ արգելքների պատշաճ իրագործումը», յայտարարեց Հայաստանի Կեդրոնական դրամատունը: