2018 թուականի Սեպտեմբերի 27ին, Թբիլիսիի Սբ. Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու երեկոյեան ժամերգութեանը իրենց օրհնաբեր ներկայութիւնն էին բերել Գերմանիայի Վիւրտեմբեր նահանգի լութերական Եկեղեցու Սինոդի անդամների պատուիրակութիւնը Վրաստանում Աւետարանական-լութերական եկեղեցու առաջնորդ Մարկուս եպիսկոպոս Շոխի գլխաւորութեամբ:
Պատուիրակութեան կազմում էին Սինոդի փոխնախագահ Թեմուր Բարդաւելիձէն, Շտուտգարդի Աւետարանական եկեղեցու Սինոդի անդամները, Վրաստանում Աւետարանական-լութերական եկեղեցու հաւատացեալներ:
Հիւրերին դիմաւորեցին Վիրահայոց թեմի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիւ Մանուկ քհնյ. Զէյնալեանը, Կիրակոս քհնյ. Սիմոնեանը:
Հիւրերը ներկայ գտնուեցին երեկոյեան ժամերգութեանը: Այնուհետեւ հիւրերը իրենց աղօթքը բարձրացրին Հայոց եկեղեցու կամարների տակ:
Յաւարտ ժամերգութեան տէր Մանուկը ողջունեց Աւետարանական-լութերական եկեղեցու հաւատացեալներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանի օրհնութիւնը եւ ողջոյնը: Տէր հայրը հիւրերին ներկայացրեց Հովնաթանեանների ընտանիքի տաղանդաւոր ներկայացուցիչների ձեռքով նկարազարդուած որմնանկարները, պատմեց եկեղեցու պատմութիւնը եւ հիւրերին հրաւիրեց սեղանատուն՝ հիւրասիրութեան:
Թէյի սեղանի շուրջ Մանուկ քահանան հիւրերին իրազեկեց Վիրահայ համայնքի, Վրաստանում հայոց հոգեւոր թեմի ձեւաւորման եւ այլ հարցերի մասին: Գերմանացի հիւրերը պատմեցին Շտուտգարդի հայ համայնքի հետ ունեցած յարաբերութիւնների մասին, կարեւորեցին իրենց մասնակցութիւնը ամէն տարի հայ համայնքի կողմից նշուող Ցեղասպանութեան զոհերի յիշատակի միջոցառումներին, հայ համայնքի աջակցութիւնը Սիրիայի փախստականների ընդունման գործին, ինչպէս նաեւ Շտուտգարդում ամէն տարի անցկացուող էկումենիկ աղօթքին աւետարանական-լութերական եկեղեցու եւ տեղի Հայոց եկեղեցու մասնակցութեան մասին:
Գերմանացի հիւրերի հետ թէյախմութիւնն ընթացաւ հարցուպատասխանի ձեւաչափով, ջերմ, բարեկամական մթնոլորտում:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ