Օգոստոսի 29ին բոցավառուեց Իրանի Համահայկական 50րդ խաղերի ջահն աւելի քան 700 իրանահայ միութիւնների, ինչպէս նաեւ Արցախից ու Ջավախքից ժամանած ներկայացուցիչների մասնակցութեամբ:
50րդ կրակը մարզադաշտ բերուեց Մարգար Աղաջանեանի ձեռամբ, որը Ալեն Բարսեղեանի արձակած նետով հանգրուանեց խաղերը խորհրդանշող ջահի օջախում:
«Հայ մարզամշակութային Արարատ կազմակերպութեան (ՀՄԱԿ) հիմնադիրները նման մրցութիւններ նախաձեռնելով՝ նպատակ են ունեցել կրթելու սիրելի Իրանի զաւակների միտքն ու ոգին‘ սերմանելով ազգասիրութիւն, միաժամանակ անաղարտ պահելով շեղումներից», ելոյթ ունենալով յայտարարեց ՀՄԱԿի Կենտրոնական վարչութեան նախագահ Գեւորգ Վարդանը: Նա կարեւորեց նաեւ իրանահայ համայնքի անգնահատելի դերը երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման գործում: Գեւորգ Վարդանը ընդգծեց նաեւ պետական օժանդակութիւնների յատկացման անհրաժեշտութեան փաստը, ինչը հայկական միութիւններին հնարաւորութիւն կը տայ շարժուելու նոր սերունդների դաստիարակման ուղղութիւններով:
Մարզական խմբերի եւ Իրան ժամանած արտասահմանեան պատուիրակութիւնների կատարած շքերթով եւ դրան յաջորդած մրցավարական ու մարզիկների երդման խօսքով ընթացք առաւ միջոցառումը, որտեղ ազգային-կրօնական հարցերով Իրանի նախագահի տեղակալ Եունեսին, նոյն կապակցութեամբ փոխանցելով Հանրապետութեան նախագահի շնորհաւորական ուղերձը, կարեւորեց ՀՄԱԿի իրականացրած դերը՝ մարզական ու համամարդկային ոգի սերմանելուն զուգահեռ՝ համայնքում աշխուժութիւն առաջացնելու գործում:
ՀՄԱԿի Մարզական միութեան անունից Հարմիկ Շահնազարեանը ողջունելով ներկաներին՝ ընթերցեց ՀՀ սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանի եւ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթճեանի յղուած ուղերձներից հատուածներ:
Օրհնանքի խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը, ով անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր պայմաններին՝ նշեց, որ նման պայմաններում այսօրինակ մեծ միջոցառումների կազմակերպումն ինքնին փաստն է հզօր կամքի ու նպատակասլաց աշխատանքների:
Թեմակալ առաջնորդը կարեւորելով Հայաստանի Հանրապետութեան 100, Արցախի ազատագրման 35, ինչպէս նաեւ Իրանի Համահայկական խաղերի 50ամեակը՝ նշեց. «Ամեակները լաւագոյն առիթներն են երախտագիտութեան խօսք ուղղելու նրանց, ովքեր հիմքը դրեցին նման երեւոյթների ու միջոցառումների: Նեղութիւնները գալիս ու անցնում են, յաւիտենականն այն արժէքներն են, որոնցով մարդ արարածն իր կեանքն է հզօրացնում»:
Նշենք, որ բացման հանդիսաւոր արարողութեանը Իրանի ՀՄԱԿի եւ խաղերի դրօշները ծածանուեցին ՀՄԱԿի, ՀԲԸՄի, ՀՄՄ «Նաիրի»ի եւ ՀՄ «Սիփան» միութիւնների սկաուտների միջոցով:
Մեկնարկային բաժնում ՀՄԱԿ-ի «Արարատ» եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախմբերը, Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ, կատարեցին Տէրունական աղօթքը, ինչպէս նաեւ Իրանի ազգային հիմնը: Երգչախումբը նաեւ ընթացքում հանդէս եկաւ երգերի այլ կատարումներով:
Մրցավարների անաչառ եւ արդար մօտեցման, ինչպէս նաեւ մարզիկների մարզական ոգով պայքարելու երդման կարգը կատարեցին Նազելի Թահմազեանն ու Դերիկ Մանսուրեանը:
Հանդիսաւոր բացմանը երգերով ու պարային կատարումներով հանդէս եկան «Արարատ» երգչախումբը եւ ՀԲԸՄի «Նռենի»ջ, ՀՄՄ «Նաիրի» միութեան «Նաիրի», «Կակաչ» եւ ՀՄԱԿի «Արարատ» պարախմբերը:
Օրուայ հաղորդավարներն էին՝ Մեղրի Բուդաղեանը եւ Արգամ Արիստակէսեանը:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը եւ դեսպանատան դիւանագիտական կազմը, Իրանի Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան ներկայացուցիչը, Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ, Իրանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թուով հայրենակիցներ: