ԵՐԵՒԱՆ.- Օգոստոսի 9ին «Իմ Հայաստան» ծրագրի կողմից մեկնարկեց Վայոց ձորի գինու ուղին: Նախաձեռնութիւնը կեանքի է կոչուել ծրագրի մասնագէտների եւ մարզի հինգ գինեգործների՝ «Հին Կամուրջ», «Տրինիտի Կանեոն Այգիներ», «Գետնատուն», «Արենի» եւ «Հին Արենի» համատեղ մտայղացմամբ եւ ջանքերով՝ 2016 թուականին Վրաստանում Գինու զբօսաշրջութեան համաշխարհային համաժողովին մասնակցութեան արդիւնքում: Միջոցառմանը ներկայացուեց գինու ուղու նոր վեբկայքը (vayotsdzorwineroute.com) եւ բրոշուրը (գրքոյկը-Խմբ.), որոնք ներառում են տեղեկատուութիւն մասնակից գինեգործարանների եւ Վայոց ձորի զբօսաշրջային փորձառութիւնների վերաբերեալ:
Խաղողագործութեան եւ գինեգործութեան հազարամեակների պատմութիւն ունեցող Հայաստանը այսօր նախադրեալներ ունի աւանդական գինեգործութեան հետ մէկտեղ նոր գործարար մշակոյթ զարգացնել՝ գինու զբօսաշրջութիւն: Գինեգործութեան հարուստ աւանդոյթներով լի Վայոց ձորի մարզում գինու ուղու ստեղծման հիմնական նպատակն է ներկայացնել հայկական գինին այցելուներին եւ խթանել զբօսաշրջութիւնը մարզում եւ տարածաշրջանում՝ նպաստելով մարզի տնտեսկան կայուն զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանեան առաքելութեան տնօրէն Դեբորա Գրիսերը, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարեանը, ինչպէս նաեւ Վայոց ձորի գինու ուղու անդամ գինեգործները:
«Վրաստան կատարած ուսուցողական այցի ժամանակ, որը կազմակերպել էր «Իմ Հայաստան» ծրագիրը, մի խումբ հայ գիներգործներ եկան այն մտքին, որ գինեգործութեան իրենց հազարամեայ աւանդոյթները կարող են շահաւէտ բիզնես դառնալ, ինչը եւ ոգեշնչեց մեզ ստեղծել հայկական գինու ուղին: «Իմ Հայաստան»ի աջակցութեամբ Վայոց ձորի հինգ գինեգործներ սովորեցին ինչպէս սկսել գինու զբօսաշրջութեան բիզնես եւ լինել մրցակցային: Նրանք վերապատրաստել են իրենց զբօսավարներին, ստեղծել մարքեթինգային նիւթեր՝ ներառեալ բրոշուրներ, գովազդային տեսահոլովակներ, գինու շշի գրաւիչ պիտակներ: «Ուան Արմէնիա»ի հետ համագործակցութեամբ ստեղծուել է գինու քարտէզ: Մշակման փուլում են նաեւ ճանապարհային ուղեցոյցներն ու վահանակները, որոնք շուտով կը տեղադրուեն Վայոց ձորի ճանապարհներին: Վստահ եմ, որ զարգանալով, գինու ուղին կը ներառի նաեւ Հայաստանի այլ մարզեր, որոնք զբաղւում են գինեգործութեամբ», նշեց տիկին Գրիսերը:
«Իմ Հայաստան» ծրագիրը շարունակաբար աջակցում է մշակութային ժառանգութեան վրայ հիմնուած զբօսաշրջային ծառայութիւնների ստեղծմանն ու զարգացմանը: Այս անգամ մեր ուշադրութեան կենտրոնում է Վայոց ձորը: Վայոց ձորի գինու ուղին իւրօրինակ փորձ է այցելուների համար՝ այցելելու մեծ եւ փոքր գինեգործարաններ, համտեսելու հայկական գինին՝ տարածաշրջանի գինեգործութեան պատմութեան ուղեկցութեամբ: Մեր նպատակն է մարզը դարձնել գրաւիչ, որպէսզի կամաց-կամաց աւելանայ այցելուների քանակը, զարգանայ զբօսաշրջային ծառայութիւններն ու առեւտուրը, այսպիսով ստեղծելով կայուն եկամտի հնարաւորութիւն մարզաբնակ տաղանդաւոր մարդկանց համար, ասաց «Իմ Հայաստան» ծրագրի տնօրէն Սիսակ Մխիթարեանը:
«Հին Կամուրջ» գինու գործարանի եւ համտեսի սրահի ներկայացուցիչ Աշոտ Խալաթեանն իր հերթին նշեց. «Հայաստանում գինու ուղու հիմնումը ոչ միայն աւելի շատ յաճախորդներ կը գրաւի դէպի մեր մարզ, այլեւ մի մեծ հնարաւորութիւն կ՛ընձեռի բոլորիս ներկայացնելու գինեգործութեան պատմութիւնն ամբողջական տեսքով: Այսուհետ, միասնական ուժերով հիւրերին կը ներկայացնենք հնագոյն եւ ժամանակակից գինու պատրաստման մեթոդները, հայկական գինիների տեսակները, ընտանեկան եւ մեծ գործարանների գինեգործութեան տարբերութիւններն ու նմանութիւնները:»
Գինու ուղու հանրային մեկնարկի նախօրէին «Իմ Հայաստան» ծրագիրը լրատուամիջոցների համար կազմակերպել էր այց Վայոց ձոր: Ութ լրատուամիջոցի ներկայացուցիչներ հնարաւորութիւն ունեցան այցելել գինու ուղու մէջ ներգրաւուած հինգ գինեգործարանները, նկարահանել տեղանքը, զրուցել գինեգործների հետ:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Իմ Հայաստան»ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսաւորուող եւ Սմիթսոնեան ինստիտուտի կողմից իրականացուող մշակութային տուրիզմի ծրագիր է: Այն միտուած է խթանելու տնտեսական ներառական աճի հնարաւորութիւնները Հայաստանի գիւղական համայնքներում՝ մշակութային ժառանգութեան զբօսաշրջութեան կայուն ոլորտ զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, եւ մարզային բնակիչներին իրենց համայնքներում ապրելու եւ աշխատելու հնարաւորութիւն ընձեռելու միջոցով: