ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը ներկայ է եղել Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան հիմնադրման 100ամեակին նուիրուած միջոցառմանը, որից յետոյ հիւրընկալուել է ՀՄԸՄի 100ամեակին նուիրուած ճաշկերոյթին:
Օրուայ առիթով նա խօսք է յղել ներկաներին.
«Երբ փոքր-ինչ յայտնի մարդկանց զաւակները մեծանում են, փորձում են ծնողներից անջատուել, փորձում են չյիշել, որ Հրանդի տղաներն են, ուզում են ինքնուրոյն լինել, ուզում են իրենք իրենցով ներկայանալ, ինչը շատ բնական է: Եւ դա ծնողի տեսանկիւնից լաւ է, ասում ես՝ ինքնավստահ է, ինքն իրենով է եւ ինձանով չէ, որ փորձում է ասպարէզ ու շրջապատ ստեղծել:
Հիմա՝ ՀՄԸՄն մեր տղան է: Այսօր ես չլսեցի՝ Դաշնակցութիւնը, որովհետեւ ՀՄԸՄն ինքնուրոյն է, որովհետեւ արդէն ինքնակազմակերպուած է, որովհետեւ արդէն իր ոտքի վրայ կանգնած է եւ գնահատում է իր ծնողներին: Ես ուրախ եմ, որովհետեւ մենք ՀՄԸՄ ենք ստեղծել ոչ թէ մեզ, այլ հայ ժողովրդի համար: Դա արդարացուած է: Եւ նոյնիսկ մի օր, չցանկանանք լսել, եթէ Դաշնակցութիւն չլինի, Դաշնակցութեան գործն արդարացուած է՝ ՀՄԸՄ, Համազգային եւ ՀՕՄ ստեղծելով: Ես ուզում եմ մի բան ասել՝ ՀՄԸՄն մեր ամենամեծ հայկական հասարակական կազմակերպութիւնն է՝ ինքնաղեկավարուող եւ ինքնակազմակերպուող: Եւ եթէ նոյնիսկ 105 հազար անդամ չունի, միեւնոյն է, մեր պատմութեան մէջ ամենամեծ հասարակական կազմակերպութիւնը ՀՄԸՄն է:
Ինքնաֆինանսաւորուող ՀՄԸՄի «տէրը» հայ ժողովուրդն է, մեր ժողովրդի կարող մարդիկ են ֆինանսաւորում ՀՄԸՄն, եւ դրա համար էլ ՀՄԸՄն ինքնուրոյն է, անկախ է, ազգային է, մերն է: Դա շատ կարեւոր է, նամանաւանդ՝ 21րդ դարում: Նիւթական անկախութիւնը անկախութեան գրաւականն է: ՀՄԸՄն ունի իր սեփական ազգային արժէքների հաւատքը: Ես այսօր լսում եմ՝ ՀՄԸՄ, առանց «Դաշնակցութիւն» բառի, լսում եմ հիմնը, խօսքերը, Հայրենիքի հանդէպ մեծ երազանքը, այդ արժեհամակարգը մարդկային է, ինչն էլ ՀՄԸՄն արժեւորել է: Այս արժեհամակարգով է, որ ՀՄԸՄն տարբերւում է միւս՝ շատ այլ հասարակական կազմակերպութիւններից:
Սա հարստութիւն է, ՀՄԸՄն մեր ժողովրդի հարստութիւնն է: ՀՄԸՄն համահայկական կառոյց է. Քուէյթի երեխաներին ես տեսնում, Կիպրոսի երեխաներին ես տեսնում, եւ, հաւանաբար, եթէ չլինէր ՀՄԸՄն, նրանց հայկական աշխարհը կը սահմանափակուէր Կիպրոսի կամ Քուէյթի համայնքի հայկական թուով, բայց քանի որ նրանք ՀՄԸՄի անդամ են, նրանց պատկերացումը հայկական իրականութիւնից շատ աւելի մեծ է: Մենք այս կազմակերպութեան մէջ ընդունել ենք ամէն մի հայի, եւ նրանց բերելով Հայաստան՝ մենք ասում ենք՝ դու Կիպրոսի հայկական համայնքի անդամը չես, դու հայ ժողովրդի Կիպրոսն ես: Հայ ժողովուրդն աշխարհով մէկ ներկայութիւն է, պետականութիւն է, եւ նրա ներկայութիւնը պատիւ է այս ժողովրդին: Սա մեծ արժէք է: Ամէն մէկ հայ պէտք է իրեն զգայ հայ ժողովրդի մաս, եւ հայ ժողովուրդն իր գաղութը չէ, հայ ժողովուրդը համահայկական իրականութիւն է: Սա է, որ ՀՄԸՄն տալիս է ամէն հայի: Եւ սա արժէք է, որ մարդիկ հաւաքւում են Բիւրականում եւ զգում՝ իրենք որքան մեծ են, եւ երբեք չեն յոգնում Կիպրոսին, Հալէպին կամ հայկական որեւէ գաղութին մաս կազմելուց: Աստուած տայ՝ ՀՄԸՄի ճանապարհը կանաչ լինի, յաջող լինի, Աստուած տայ՝ ՀՄԸՄն «ծնողից» երկար ապրի»: