ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ
Կը Ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի ելոյթը՝ Արամ Մանուկեանի արձանի բացման առիթով.
Հայաստանի հողի վրայ հայոց պետականութեան կորստից մօտ 9 դար յետոյ վերականգնուած հայոց պետականութեան Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիր Արամ Մանուկեանի յուշարձանի կանգնեցումը քաղաքամայր Երեւանի կենտրոնում, թէկուզ ուշացած, բայց պատշաճ յարգանքի տուրք է: Յարգանքի մի քայլ, որը ցանկալի է, որ ունենայ իր շարունակութիւնը, այնպէս ինչպէս նախատեսուած էր՝ Արամ արքային նուիրուած Արամի փողոցի վերանուանումը Արամ Մանուկեանի փողոց, այդ փողոցի մէկ հատուածում Հայաստանի առաջին հանրապետութեան նուիրուած այգու հաստատումը՝ խորհրդարանի նախագահների ու վարչապետերի կիսանդրիներով: Մենք նաեւ աշխատում ենք, որ այդ փողոցում գտնուող Արամ Մանուկեանի տունը, աւելի ճիշդ, տան մնացած պատերի ներսում կառուցուի Արամ Մանուկեանի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան նուիրուած տուն-թանգարան:
Հասկանալի է, որ առանց այդ վերականգնուած պետականութեան, մենք չէինք ունենայ ոչ Խորհրդային Հայաստան, ոչ վերանկախացած Հայաստանի Հանրապետութիւն, ոչ՝ նոր Հայաստան:
Արամի արձանի կանգնեցումը չի կարելի մեկնաբանել որպէս անհատի պաշտամունքի դրսեւորում: Ընդհակառակը, սա յարգանք է մէկ սովորական մահկանացուի, ով ծնուել էր Սիւնիքում, մեծացել Շուշիում, կուսակցական գործունէութիւն ծաւալել Բաքւում, Թիֆլիսում ու Կարսում, ապա անցել Վան, կազմակերպել տեղի հայութեանը, Մեծ Եղեռնի օրերին կազմակերպել Վանի ինքնապաշտպանութիւնը եւ հիմք դրել հայոց պետականութեան վերականգնմանը, անցել Երեւան, առաջնորդել մայիսեան ճակատամարտերն ու ՀՀ հիմնադրութիւնը: Եւ որպէս սովորական մահկանացու ինքը եւս վարակուել էր ժողովրդից բծաւոր տիֆով եւ ընդամնէը 40 տարեկանում մահացել:
Դեռ սովետական ժամանակաշրջանից սկսած Արամի ու իր գոծակիցների վաստակի ստորագնահատումի կարեւոր պատճառներից մէկը նրա ՀՅԴ անդամ լինելու փաստն է: Արամը դաշնակցական էր երկու առումով. առաջին՝ կուսակցական՝ իր ամբողջ կեանքը նուիրելով հայ ժողովրդի ազատութեան պայքարին: Նա նաեւ դաշնակցական էր բառի ոչ կուսակցական առումով: Նա հաւատում էր, որ կարող է պայքարել՝ տարբեր ուժեր համախմբելով:
Արամի մտքերից շատերը այսօր եւս մնում են ուսանելի, առաջնորդող: Այդ մտքերից է այս բառերով արտայայտածը:
«Մենակ ենք ու պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին, թէ ճակատը պաշտպանելու, թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ կամ ընկերներ, բայց նշանակում է՝ յոյսը ամէնից առաջ դնել սեփական ուժերի վրայ, թէ մեր ներքին խնդիրները լուծելու, թէ մեր արտաքին սպառնալիքներն ու մարտահրաւէրները դիմակայելու համար:
Արամի արձանը կանգնեցնելով մենք յարգում ենք մեր պետականութիւնը վերականգնած ամբողջ սերնդին: Արամի մտքերից մէկը նաեւ մեր երկիրը ընկոյզի նմանեցնելով, նրա կորիզը կարեւորելն է: Այսօրուայ մեր Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները մեր հայրենիքի կորիզն են, որի շուրջ ապագայում ձեւաւորուելու է մեր ամբողջական հայրենիքը: Մինչ այդ, սակայն, ինչպէս Արամն է պատգամել, մեր նպատակը պէտք է լինի Հայաստանի կորիզը աճեցնել: