ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտի (հիմնարկութեան) Ֆլէօրովի անուան միջուկային ռէակտորների լաբորատորիայի (հիւլէկան բարդի, հակազդողի տարրալուծարանի) գիտական ղեկավար, ՌԴ գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Իւրի Օգանեսովին:
Վարչապետը ողջունել է անուանի գիտնականին կառավարութիւնում եւ կարեւորել նրա պատրաստակամութիւնն աջակցելու Հայաստանի գիտութեան զարգացմանը: «Ձեր հեղինակութիւնը բարձր է ողջ աշխարհում, իհարկէ ձեր աջակցութիւնը շատ օգտակար կը լինի մեր երկրի ու ժողովրդի համար: Ես անակնկալ ունեմ ձեզ համար, ստորագրել եմ ձեզ ՀՀ քաղաքացիութիւն շնորհելու մասին միջնորդութիւնը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնը դէ իւրէ ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետեւ համարում եմ, որ դէ ֆակտօ դուք վաղուց էք ՀՀ քաղաքացի», ասել է Նիկոլ Փաշինեանը եւ յոյս յայտնել, որ Իւրի Օգանեսովն այսուհետ աւելի յաճախ կը լինի Հայաստանում:
Վարչապետը վստահութիւն է յայտնել, որ անուանի գիտնականի բոլոր ծրագրերը հայրենիքում հնարաւոր կը լինի յաջողութեամբ իրականացնել:
Իւրի Օգանեսովը շնորհակալութիւն է յայտնել Նիկոլ Փաշինեանին իրեն ՀՀ քաղաքացիութիւն շնորհելու համար: Նա տեղեկացրել է վարչապետին, որ արդէն իսկ հանդիպել է կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանին, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանին եւ վերջիններիս հետ քննարկել ռադիօիզոտոպների արտադրութեան կենտրոնի գործարկման ընթացքը, ինչպէս նաեւ՝ ֆիզիկոսների ներգրաւուածութեան հնարաւորութիւնն այդ գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրերի կեանքի կոչմանը վերաբերող տարբեր հարցեր, յայտնում է կառավարութեան մամուլի ծառայութիւնը: