ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Պատմական ճակատագրի բերումով դեռեւս 4րդ դարի վերջին Մեծ Հայքի թագաւորութիւնը բաժանուեց աշխարհակալ տէրութիւնների՝ Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ: Այդ ժամանակուանից շրջանառութեան մէջ մտան Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստան եզրոյթները, որոնք հետզհետէ աշխարհագրականից վերածուեցին քաղաքական հասկացութիւնների: Ցաւօք, 1555թ. Ամասիայի հաշտութեամբ, երբ Հայաստանն առաջին անգամ տրոհուեց Օսմանեան կայսրութեան եւ Սեֆեան Իրանի միջեւ, հայ ժողովրդի քաղաքական երկփեղկուածութիւնն աւելի խորացաւ: Այդ հողի վրայ նկատուեց ոչ միայն սովորութային-կենցաղային որոշ օտարացում, այլեւ ի յայտ եկան որոշակի տարբերութիւններ նաեւ լեզուամտածողութեան մէջ: Պատահական չէ, որ գրաբարի հիմքի վրայ պատմական նոր շրջափուլում՝ 17-18րդ դարերում միջին հայերէնը ծնունդ տուեց աշխարհաբարի երկու ճիւղերին՝ արեւմտահայերէնին եւ արեւելահայերէնին: Առաջինի համար հիմք ծառայեցին պոլսահայ, երկրորդի համար՝ Արարատեան ու թիֆլիսահայոց բարբառները, որոնք հայ դասական գրական դէմքերի կողմից 19րդ դարի երկրորդ կէսին հասցուեցին կատարելութեան:
19րդ դարի վերջին քառորդից՝ պայմանաւորուած հայկական հարցի միջազգայնացումով, ազգային-ազատագրական գաղափարների ու շարժման յետագայ տարածմամբ ազգային միասնութեան ձգտումն աւելի խորացաւ: Բազմաթիւ արեւելահայեր՝ Անդրկովկասի տարբեր գաւառներից զինուորագրուեցին արեւմտահայութեան ազատագրական պայքարին՝ Սեւքարեցի Սաքօ, Նիկոլ Դուման, Սարգիս Մեհրաբեան, Հաճի Լեւոն, Իշխան Արղութեան, բազմաթիւ կուսակցական նշանաւոր գործիչներ՝ Քրիստափոր Միքայէլեան, Սիմոն Զաւարեան, Ռոստոմ եւ այլք: Նմանապէս 20րդ դարի սկզբին արեւմտահայ գործիչները յայտնուեցին հայ եկեղեցու եւ ողջ Անդրկովկասի հայութեան պաշտպանութեան դիրքերում հակացարական ելոյթների եւ հայ-թաթարական կռիւների շրջանում՝ Սեբաստացի Մուրադ, Արմէն Գարօ (Գարեգին Բաստըրմաջեան), Համազասպ (Սրուանձտեանց), Արշակ Գաւաֆեան՝ Քեռի եւ այլք: Հայ Յեղափոխական դաշնակցութեան կողմից 1904թ. «Կովկասեան ծրագրի» ընդունումը հանդիսացաւ այդ գաղափարական ու գործնական միաւորման փաստաթղթային-իրաւական արտայայտութիւնը:
Յետագայում՝ 1912թ. հայ հոգեւոր եւ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից հայկական հարցի, այն է՝ հայկական բարեփոխումների իրագործման խնդիրը եւս առաջադրուեց որպէս մէկ միասնական, համահայկական խնդիր: Սակայն հետզհետէ, մասնաւորապէս Արեւմտահայերի ազգային պատուիրակութեան (նախագահ՝ Պօղոս Նուբար) գործունէութեան հետեւանքով միեւնոյն խնդրի վերաբերեալ ի յայտ եկան ոչ այնքան տարբեր, որքան ինքնուրոյն մօտեցումներ:
Առաջին աշխարհամարտի տարիներին, չնայած պատերազմում չէզոքութիւն պահպանելու կուսակցական շրջանակների, յատկապէս Դաշնակցութեան 8րդ Ընդհանուր ժողովի որոշման (1914թ. Յուլիս), ռուսական արքունիքի ջանքերի շնորհիւ կովկասահայութեան զգալի մասը հակուեց պատերազմում ռուսական զօրքերի կազմում՝ թուրքերի դէմ կռուելու մարտավարութեանը: Այդ հանգամանքը, անշուշտ, ազգային գործիչների մի մասն իրաւացիօրէն նկատեց վտանգաւոր՝ համոզուած լինելով, որ դրանով իսկ օսմանեան իշխանութիւններին ընձեռւում է առիթ ու հնարաւորութիւն՝ դաւաճանութեան մեղադրանքով արեւմտահայութեանը բնաջնջելու համար: Պատահական չէ, որ ստանալով Թիֆլիսի Հայոց Ազգային բիւրոյի անմիջական ղեկավարութեամբ Արեւելեան Հայաստանում ու Անդրկովկասի այլ շրջաններում կամաւորական շարժում ծաւալելու լուրը, Վանում գտնուող Յովհաննէս Քաջազնունին բացասաբար արձագանգեց՝ ասելով, որ «ռուսահայերը կրակի հետ են խաղում»: Ցաւօք, նա այս հարցում չսխալուեց: Օսմանեան իշխանութիւններն առիթը բաց չթողեցին իրականացնելու արեւմտահայութեանը ցեղասպանելու եւ հայրենազրկելու իրենց դիւային ծրագիրը: Ընդհանուր յուսահատութեան մթնոլորտում ոմանք փորձեցին կատարուածի ողջ մեղքը բարդել արեւելահայ գործիչների վրայ: Ընդ որում այդպիսի մեղադրանքներ հնչեցրին նաեւ այն արեւմտահայ գործիչները, որոնք կամաւորական շարժման ամենակարկառուն դէմքերից էին (օրինակ՝ Անդրանիկը պատերազմի օրերին մեղադրում էր ոչ միայն ռուսական հրամանատարութեանը՝ Մուշ-Սասունի հայութեանը օգնութեան չգնալու, այլեւ արեւելահայութեանը):
Ինչեւէ, ակնյայտ է, որ Հայոց Մեծ Եղեռնից յետոյ արեւելահայ-արեւմտահայ «հակամարտութեան» մէջ աւելացաւ նաեւ բարոյազգացական կողմը, որը, դժբախտաբար, իր կնիքը թողեց յետագայ ողջ դարաշրջանի վրայ: Դժուար չէ նկատել, որ այդուհետ հայ հասարակական կեանքի երկփեղկուածութիւնը խորացաւ: Արդէն 1917թ. Մայիսին արեւմտահայերն իրենց «սեպարատ» համագումարում հռչակեցին Արեւմտահայոց ազգային խորհրդի ստեղծումը՝ Վահան Փափազեանի (Կոմս) գլխաւորութեամբ: Նոյն թուականի Սեպտեմբեր-Հոկտեմբերին ստեղծուեց Արեւելահայերի (Թիֆլիսի) Հայոց Ազգային խորհուրդը (նախագահ՝ Աւետիս Ահարոնեան): Նկատենք, որ միաժամանակ ծնուեցին նաեւ այլ ազգային խորհուրդներ ըստ տարածաշրջանների՝ Բաքուի, Երեւանի, Ախալքալաքի եւ այլն: Ստացւում է, որ մի դէպքում հիմնւում էին հայ ժողովրդի երկու հատուածների առանձին կառոյցներ, միւս դէպքում՝ Անդրկովկասի իւրաքանչիւր տարածաշրջան կամ քաղաք ունենում էր իր ազգային մարմինը:
Յատկանշական է, որ Արեւելահայ ու Արեւմտահայ ազգային խորհուրդների համագործակցութեան հարցը սերտօրէն կապուեց տուեալ ժամանակի պատմական անցքերի զարգացման հետ: Այսպէս, 1917թ. Հոկտեմբերի սկզբին, երբ ժամանակաւոր կառավարութեան հայանպաստ քայլերն Արեւմտեան Հայաստանում տուել էին իրենց առաջին պտուղները (շուրջ 387 հազար հայ գաղթականների վերադարձ իրենց հայրենի օջախներ, արեւմտահայ գաւառներում հայերի գործուն մասնակցութեամբ ռազմավարչական մարմինների ստեղծում, հայկական զինական ուժի ձեւաւորում եւ այլն), հայաթափուած հայրենիքը համատեղ ջանքերով վերաշինելու արեւելահայ ու արեւմտահայ խորհուրդների համագործակցութեան դրսեւորւմներն աւելի յաճախակի դարձան:
Սակայն 1918թ. Մարտ-Ապրիլին՝ թուրքական զօրքերի յարձակումը կասեցնելու անյաջող փորձերի օրերին, փոխադարձ մեղադրանքներն աճեցին: Արեւմտահայ գործիչները (Անդրանիկ, Սեպուհ, Սեբաստացի Մուրադ եւ այլք) պնդում էին, որ արեւելահայերն իրենց միայնակ թողեցին թուրքերի դէմ, առանց դիմադրութեան թշնամուն յանձնեցին բաւական լաւ ամրացուած Կարսի բերդը եւ նահանջեցին մինչեւ Արարատեան դաշտ:
Ռազմաքաղաքական անբարենպաստ պայմաններում ունեցած անյաջողութիւնների մեղքը հայութեան երկու հատուածների առանձին գործիչներ փորձեցին փնտռել միմեանց գործունէութեան մէջ: 1918թ. Մայիսեան հերոսամարտերի օրերին արեւելահայ-արեւմտահայ վիհը կարծես վերացաւ՝ տեղի տալով թշնամու դէմ պայքարի յաջողութիւնները կիսելու մարտավարութեանը: Բայց նորահռչակ Հայաստանի Հանրապետութեան եւ Օսմանեան կայսրութեան միջեւ Յունիսի 4ին կնքուած Բաթումի պայմանագիրը, որով հայկական կողմը յօգուտ թուրքերի ստիպուած էր հրաժարուել ոչ միայն Արեւմտեան Հայաստանից ու Կարսի մարզից, այլեւ Արեւելեան Հայաստանի զգալի մասից, կրքերը ծայրաստիճան բորբոքեց:
Պայմանագրում տեղ գտած 5րդ յօդուածը, որով «Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պարտաւորւում էր գործուն կերպով …զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կը փորձեն թաքնուել այնտեղ»(1), ուղղակիօրէն նկատի առնելով Անդրանիկի եւ այլ ջոկատների գործունէութիւնը, արեւմտահայ կամաւորականների շրջանում բուռն դժգոհութիւն առաջացրեց: Իզուր չէ, որ զօրավար Անդրանիկը, ստանալով այդ պայմանագրի լուրը, գեներալ Թովմաս Նազարբէկեանին գրած նամակում յայտնում էր իր զայրոյթը. «Վեց հարիւր տարուան ստրկութեան շղթան դարձեալ ձեր վիզն ու ոտքը կ՛անցնէք ձեր ձեռքով: Չեմ կրնար այս պայմաններուն հանդուրժիլ՝ մոռնալով մեր երեսուն տարուան զոհերը եւ մէկ միլիոն նահատակները» (2)։
Սակայն, խօսելով արեւմտահայութեան հասկանալի դժգոհութեան մասին, միաժամանակ չպիտի մոռանալ, որ 1918թ. Յունիսին Հայաստանի նորահռչակ հանրապետութիւնը ռազմաքաղաքական ծանր պայմաններում ոչ միայն չէր կարող պաշտպանել արեւմտահայութեան, այլեւ արեւելահայութեան շահերը, ուստի այնքան էլ արդարացի չէ նրան մեղադրել համազգային խնդիրներից, մասնաւորապէս արեւմտահայ դատից հրաժարուելու մէջ: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ հանրապետութեան գոյութեան առաջին տարում արեւելահայ-արեւմտահայ յարաբերութիւնները մնացին բաւական լարուած:
1918թ. Հոկտեմբերի 30ին համաշխարհային պատերազմում յաղթանակած Անտանտի երկրների եւ պարտուած Օսմանեան կայսրութեան միջեւ Մուդրոսում կնքուած զինադադարը հայկական հարցի լուծման մեծ յոյսեր ներշնչեց: Թուրքական կառավարութիւնը պարտաւորւում էր զօրքերը յետ քաշել մինչեւ 1914թ. նախապատերազմեան սահմանները: Շուտով ստացուեց նաեւ Փարիզում սկսուելիք խաղաղութեան վեհաժողովի լուրը, որն էլ աւելի ոգեւորեց համայն հայութեանը:
Վեհաժողովին հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար կազմուեց հայկական երկու պատուիրակութիւն: Մէկը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետութիւնը՝ Ա. Ահարոնեան (նախագահ), Մ. Պապաջանեան եւ Հ. Օհանջանեան կազմով, միւսը՝ եգիպտահայ մեծահարուստ, նշանաւոր հասարակական գործիչ Պօղոս Նուբարի գլխաւորած «Ազգային պատուիրակութիւն»ը (անդամներ՝ Ա. Չոպանեան, Վ. Թէքէեան), հանդէս էր գալիս աշխարհով մէկ սփռուած արեւմտահայութեան անունից: Ի սկզբանէ երկու պատուիրակութիւնների միջեւ ի յայտ եկան լուրջ տարաձայնութիւններ: «Ազգային պատուիրակութիւն»ը համարում էր, որ Ա. Ահարոնեանի պատուիրակութիւնը լաւագոյն դէպքում ներկայացնում է միայն Արարատեան (կամ՝ Երեւանեան) հանրապետութիւնը, ուստի իրաւունք չունի վեհաժողովում հանդէս գալու Հայաստանի անունից: Ընդ որում, Պօղոս Նուբարի պատուիրակութիւնը «Հայաստան» ասելով նկատի ունէր Արեւմտեան Հայաստանը, որին յետոյ պիտի միանար Արեւելեան Հայաստանը: Ա. Ահարոնեանն ընդհակառակը՝ հայկական հարցի լուծումը տեսնում էր արդէն պետականութիւն համարուող Հայաստանի Հանրապետութեանը ազատագրուելիք Արեւմտահայաստանը միացնելու եղանակով (3)։ Ի վերջոյ, երկու պատուիրակութիւնները կարողացան միաւորել իրենց ծրագրերը եւ հանդէս գալ միասնական պահանջներով: Հայկական հարցի լուծման խնդրում դաշնակից երկրների խոստումները, միացեալ Հայաստանի ազգային երազանքի իրականացման մօտալուտ զգացողութիւնն արագօրէն սկսեցին մերձեցնել հայութեան երկու հատուածներին:
Համերաշխութեան եւ միասնականութեան ձգտումը նկատուեց նաեւ Հայաստանի Հանրապետութեան հասարակական-քաղաքական շրջանակներում: Պատահական չէ, որ ապագայ միացեալ հայրենիքի ստեղծման մտահոգութեամբ 1919թ. Փետրուարի 6-13ը Երեւանում գումարուած Արեւմտահայերի երկրորդ համագումարը ստացաւ ՀՀ կառավարութեան բազմակողմանի օժանդակութիւնը (4)։ Բազմաթիւ կենսական հարցերի վերաբերեալ ընդունած որոշումների մէջ համագումարը կարեւորեց «Արարատեան Հանրապետութեան նախարարութեան (կառավարութեան-Ա. Մ.) եւ խորհրդարանի հետ Միացեալ Ազատ Հայաստանի անկախութիւնը յայտարարելու» անհրաժեշտութիւնը (5)։ Այսպէս՝ 1919թ. Փետրուար-Մարտից ընդհանուր խանդավառութեան մթնոլորտում ներազգային միասնութեան գաղափարն օրէցօր ամրապնդուեց, առաւել եւս, որ Փարիզից ստացւում էին նորանոր ոգեւորիչ լուրեր՝ հայկական հարցը Հայաստանի երկու հատուածների միացման ճանապարհով լուծելու՝ Անտանտի երկրների ղեկավարների պատրաստակամութեան մասին (6)։
Նման պայմաններում տրամաբանօրէն դէպքերը տարան դէպի Միացեալ Հայաստանի ակտի ընդունկախութիւնը: Ուղիղ մէկ ամիս անց՝ Մայիսի 27ին ՀՀ մինիստրների խորհուրդը (կառավարութիւնը) միացեալ Հայաստանի հռչակման նպատակով օրէնք ընդունեց Հայաստանի խորհրդի (խորհրդարան) կազմը Արեւմտահայ գործադիր մարմնի 12 ներկայացուցիչներով համալրելու մասին (7)։ Մէկ օր անց՝ Մայիսի 28ին, այսինքն՝ անկախութեան հռչակման տարեդարձի օրը, ՀՀ կառավարութիւնը հանդէս եկաւ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանի կազմած «Միացեալ Հայաստանի անկախութեան» հռչակագրով: Այս կարեւորագոյն պատմաքաղաքական փաստաթղթում մասնաւորապէս ասուած էր. «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն» (8)։
Այնուհետեւ ընդգծւում էր բովանդակ հայութեան դարաւոր իղձերի իրականացման արտայայտութիւն այս հռչակագրի վաւերականութիւնը. մի կողմից՝ ճիշդ մէկ տարի առաջ Արեւելահայ Ազգային խորհուրդն իրեն հռչակել էր հայկական բոլոր գաւառների (իրականում՝ արեւելահայ գաւառների-Ա. Մ.) միակ եւ բարձրագոյն իշխանութիւն եւ միւս կողմից՝ 1919 թ. Փետրուարին կայացած Արեւմտահայերի երկրորդ համագումարը յայտարարել էր, որ ճանաչում է «Հայաստանը Միացեալ եւ անկախ» (9)։ Ընդ որում, մատնանշւում էր, որ Հայաստանը Միացեալ հռչակելու լիազօրութիւնը կառավարութիւնը ստացել է խորհրդարանից:
Հռչակագրում յիշատակւում էր նաեւ. «Անդրկովկասում եւ Օսմանեան կայսրութեան սահմաններում գտնուած պապենական հայկական երկրների միացման եւ անկախութեան այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է, որ Միացեալ Հայաստանի պետական ձեւն է Ռամկավար հանրապետութիւնը»: Նշանակում է՝ կարեւորւում էր միասնական պետութեան ազատական-ժողովրդավարական կառուցուածքն ու բնոյթը:
Միացեալ Հայաստանի հռչակագրում մի անգամ եւս ընդգծւում էր այն հանգամանքը, որ հայ ժողովուրդն այսուհետեւ իր ամբողջական հայրենիքի լիակատար տէրն է, իսկ ՀՀ խորհրդարանն ու կառավարութիւնն այդ պետութեան ընդհանուր օրէնդսիր ու գործադիր մարմինները (10)։
Հռչակագրի ընթերցումից յետոյ, նախապէս ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, Արեւմտահայ գործադիր մարմնի 12 անդամներ՝ որպէս լիարժէք անդամներ, խորհրդարանում զբաղեցրին իրենց համար յատկացուած տեղերը՝ արժանանալով ծափողջոյնների: Ապայ եղան ողջոյնի ելոյթներ: Իր տպաւորիչ ճառում Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ 5րդը (Ե.ը-Խմբ.), արտասահմանեան հիւրերի ու դիւանագէտների ներկայութեամբ, մեր ժողովրդին մասնաւորապէս կոչ յղեց. «Յոյս չդնել օտարի վրայ…: Այժմ, երբ Մասիսը մագնիսի պէս քաշեց ու միացրեց հայութեան երկու հատուածները, երբ ստեղծուեց Միացեալ Հայաստան, այժմ պէտք է լարենք մեր ազգային բոլոր կարողութիւնները՝ փրկելու եւ դաստիարակելու համար մեր ժողովուրդը ի փառս իր ազատ հայրենիքի» (1)։
Խօսելով 1918 եւ 1919 թթ. հռչակագրերի պատմական նշանակութեան մասին՝ յետագայում Ա. Խատիսեանը գրում էր. «Հայ ազգային գիտակցութիւնն էր, որ արիւնի եւ արցունքի գետեր անցնելով, կու գար այդ ակտերով դարբնելու հայ ժողովրդի ազատութեան, անկախութեան եւ միութեան կռուանները» (12):
Միացեալ Հայաստանի հռչակումը ցնծութեամբ ընդունուեց համայն հայութեան կողմից: Այդ օրը Երեւանում եղան մեծ տօնախմբութիւններ: Փողոցներում ծածանւում էին եռագոյն դրօշները, հնչում էին երգն ու երաժշտութիւնը, մարդիկ իրաւական այդ փաստաթղթղի ընդունումն իրաւամբ ընկալում էին իրենց դարաւոր երազանքների իրականացման ճանապարհին կատարուած մեծագոյն քայլ:
Պատահական չէ, որ Միացեալ Հայաստանի հռչակագրի ընդունումից յետոյ Ա. Ահարոնեանի պատուիրակութիւնը Փարիզում սկսեց աւելի համարձակ գործել եւ նրա առաջադրած պայմաններն սկսեցին հնչել համայն հայութեան անունից: Շուտով այդ գործունէութիւնը տուեց իր առաջին պտուղները. 1920թ. Ապրիլին Սան-Ռեմոյում դաշնակից երկրների ղեկավարները յայտնեցին իրենց կարծիքը՝ Հայկական հարցը Հայաստանի երկու հատուածների միաւորման ճանապարհով լուծելու վերաբերեալ: 1920թ. Օգոստոսի 10ին Փարիզի արուարձան Սեւր քաղաքում, համաշխարհային պատերազմում յաղթանակած Անտանտի երկրների եւ պարտուած Թուրքիայի միջեւ կնքուած դաշնագրով, որի տակ Հայաստանի կողմից նախապէս պատուիրուած ոսկէ գրչով ստորագրեց Ա. Ահարոնեանը, Միացեալ Հայաստանը ստեղծուելու էր Հայաստանի Հանրապետութեանը արեւմտահայ չորս նահանգների (Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս եւ Վան) մեծ մասի միաւորման ուղիով: Ի կատարումն նոյն դաշնագրի 89րդ յօդուածի՝ Նոյեմբերի 22ին ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնը ներկայացրեց իր իրաւարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերեալ, որով ՀՀ տարածքը կազմելու էր մօտաւորապէս 160 հազ. քառ. կմ.՝ արտաքին ելքով դէպի Սեւ ծով:
Անկախ այն բանից, որ աշխարհաքաղաքական աննպաստ զարգացումների, մասնաւորապէս քեմալաբոլշեւիկեան գործակցութեան հետեւանքով հայ ժողովրդի արդարացի պահանջները չիրագործուեցին, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը կործանուեց, Միացեալ Հայաստանի տեսլականը, որպէս ազգի միասնութեան, երկու հատուածների կամրջման անխախտ գաղափար, հայ ժողովրդին ուղղորդեց դէպի 21րդ դար: Այդ գաղափարը, առաջին հերթին որպէս Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման առաջին նախապայման, այսօր էլ շարունակում է մնալ հայութեան հաւաքական գիտակցութեան անկիւնաքարը եւ կազմում է Հայաստան-Սփիւռք իրական գործակցութեան գերագոյն նպատակը:
- Հայաստանը միջազգային դիւանագիտութեան եւ սովետական արտաքին քաղաքականութեան փաստաթղթերում (1828-1923), Ջ. Ս. Կիրակոսեանի խմբագրութէամբ, Է., 1972, էջ 534:
- «Զօրավար Անդրանիկը Կը Խօսի», էջ 26-27:
- Հայկական ազգային պատուիրակութէան ներկայացրած պահանջների մասին տե՛ս «Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ. (քաղաքական պատմութիւն), փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու, Է., 2000, էջ 89-91, 100-101:
- Նոյն տեղում, էջ 91:
- Վրացեան Ս., «Հայաստանի Հանրապետութիւն», Է., 1993, էջ 272:
- Փարիզի վեհաժողովում հայկական հարցի քննարկումների մասին տե՛ս Յովհաննիսեան Ռ. Գ., «Հայաստանի Հանրապետութիւն», հ. 1, (1918-1919), Է., 2005, էջ 273-372:
- «Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ.», էջ 105:
- Հայաստանի ազգային արխիւ, ֆ. 198, ց.1, գ. 4, թ. 1, տե՛ս նաեւ Խատիսեան Ա., «Հայաստանի Հանարպետութեան Ծագումն Ու Զարգացումը», Պէյրութ, 1968, էջ 152-153:
- Նոյն տեղում:
- Նոյն տեղում:
- Վրացեան Ս., նշու. աշխ., էջ 280:
- Խատիսեան Ա., նշու. աշխ., էջ 153-154:
ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Տէր եւ Տիկ. Յարութիւն
եւ Ալվարդ Բարսեղեաններ եւ զաւակներ
Լոս Անճելըս
Տոքթ. Վահագն
Արսլանեան եւ ընտանիք
Ի Յիշատակ մեր ծնողներուն՝
Արամ եւ Տիրուհի Աւետեաններուն
Հրայր եւ Սոնա Աւետեաններ
Տէր եւ Տիկ. Կայծակ եւ Ծովիկ
Զէյթլեաններ եւ զաւակները՝ Շանթ եւ Հրակ
Տոքթ. Րաֆֆի եւ Տոքթ. Թամար Չալեաններ
եւ Դուստրերը՝ Անի եւ Էմմա
Տոքթ. Արմէն Արա եւ Տոքթ. Ժուլիանա
Չալեաններ եւ Զաւակը՝ Արա
Harout, Sona & Shant
Hamassian Along with Raffi & Christine Hamassian
Ընկ. Կարպիս եւ ընկհ. Մայտա Պէզճեաններ եւ զաւակները
Կը զօրակցինք Հայ Դատի եւ Սուրիոյ Հերոս Հայութեան
Սարօ եւ Այտա Գօթոյեաններ
Քրիստափոր եւ Սարին
Աս գրութիւնը Հայաստանի մէջ կը կարդա՞ն: Թող տեսնեն որ ինչ ըսել է որ հայութիւնը մէկ է, չենք կրնար իրարմէ բաժնուիլ. 1919ի մարդիկը ասի գիտէին, հիմա տարբերութիւններ կը փնդրեն եւ շինծու տարբերութիւններ մէջտեղ կը նետեն