ՇՈՂԻԿ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Հայաստանում կատարուած թաւշեայ յեղափոխութիւնը տուեց ե՛ւ իր պտուղներն ե՛ւ հետեւանքները: Կարծում եմ դրական փոփոխութիւններն ակնյայտ են, իսկ սփիւռքահայերի աջակցութիւնն Հայաստանում կատարուող այս իրադարձութեանը՝ անժխտելի՛: Ամերիկահայերը նրանցից էին, ովքեր առաջինն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ինչպէս նաեւ աջակցութիւնն յայտնեցին Հայաստանում իրականացուող թաւշեայ յեղափոխութեան մասնակիցներին: Գլենդելի քաղաքապետարանի մօտ կատարուող ցոյցերը դրա վառ ապացոյցն են: Սակայն այդ ամէնի մէջ ամերիկահայերից ոմանք շփոթուած, ոմանք էլ դիտաւորեալ թոյլ տուեցին որոշ ոչ այդքան խաղաղ ցոյցին նպաստող քայլեր, օրինակ՝ ցոյցերի ժամանակ Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետ Սերժ Սարգսեանի «թաղում»ը: Այնուհետեւ ցոյցի ազդեցութեան տակ մնացած մի խումբ մարդիկ որոշեցին չբաւարարուել դրական փոփոխութիւններով եւ սկսեցին «չիստիմ, բլիստիմ» պրոցեսը, որի մի մասն էր կազմում ամերիկաբնակ երգիչ Յարութ Փամբուկչեանին հրապարակաւ պախարակելը: Գլենդելի քաղաքապետարանի մօտ կայացած համերգի ժամանակ, մի խումբ հայեր բոյկոտեցին Յարութ Փամբուկչեանի դէմ՝ հէնց իր երաժշտական համարի ժամանակ: Երգիչը չկարողանալով հանգստացնել մարդկանց, ստիպուած լքեց բեմը: Ոմանք շեշտում են, որ նման պահուածքի պատճառը այն էր, որ Յարութ Փամբուկչեանը իր երգերից մէկի ժամանակ խոնարհուել է Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Սերժ Սարգսեանի առջեւ, ոմանք էլ կարծում են, որ նա իր աջակցութիւնն չի յայտնել ցուցարարներին: Այնուհանդերձ, մինչ եզրակացութիւններ անելը, ձեզանից իւրաքանչիւրը պարտաւոր է պատասխանել հետեւեալ հարցերին.
Ո՞վ է ասել, որ նախագահի առաջ խոնարհուելը դա ժողովրդին դէմ է: Ո՞վ է որոշել, որ մի խումբ մարդիկ կարող են իրենց հօր տարիքի մարդու պատիւը մի քանի րոպէների մէջ հաւասարեցնել զրոյի: Ո՞վ է մտածել, որ սէր սերմանող թաւշեայ յեղափոխութեան աջակիցները, կարող են ագրեսիա (բռնութիւն, յարձակողականութիւն-Խմբ.) տարածել մարդկանց մէջ եւ դրա պատճառով հոգեկան ապրումների մէջ գցել իրենց իսկ ազգակցին, ով փոքրիշատէ աջակցել է հայերին: Ո՞վ է ասել, որ Յարութ Փամբուկչեանը գնայ Հայաստան ու համերգ տայ, ժողովուրդը կը հեռացնի նրան բեմից, որովհետեւ նա խոնարհուել է երբեմնի ՀՀ նախագահի առաջ, ուղղակի պատուելով նրա պաշտօնը: Վերջիվերջոյ, ո՞վ է ձեզանից այն անմեղը, որ կարող է քար նետել մեղաւոր մարդու վրայ: Եթէ ռենտգեն (Էքս ռէյ) արուեն բոլոր այն մարդիկ, ովքեր բոյկոտել են Յարութ Փամբուկչեանի դէմ, արդեօք չի գտնուի մէկը, ով ուղղակի կամ անուղղակի կերպով իր մասնակցութիւնն է ունեցել Սերժ Սարգսեանի նախագահ ընտրուելու մէջ:
Ի լրումն, մարդիկ կարող են յեղափոխութիւն անել, բայց իրաւունք չունեն այդ յեղափոխութեան ժամանակ յեղափոխել Աստծու կողմից մարդուն տրուած ամենամեծ կոչումը՝ մարդ կոչուելը: Ինչպէս մեծն Պարոյր Սեւակը կ՛ասէր. «Մարդու նկատմամբ մա՛րդ եղէք՝ մարդիկ»:
Երկար եւ առողջ ապրի մեր մեծ վարպէտ Յարութ Փամպուկչեանը որ մեր սրտերուն մէջ մեծ տեղ ունի . Հարգանք ու մեծարանք իր ազգասիրութեան, հայրենասիրութեան, մարդկութեան եւ արուեստին:
Հարութը իրավունք ունի ում առջեվ ուզում է խոնարհվի։ Մարդիկ էլ իրավունք ունեն իրեն արհամարել դրա համար; Նամանավանդ, որ նա զվարճացրել ու խոնարհվել է մի խումբ մարդկանց որոնք թալանել ու ապականել են հենց նույն Հարութի հայրենիքը։ Ձեր նամակը անտեղին է։
Ոչ թէ «Գլենդելի Հայութեան», այլ՝ «Գլենդելի քաղաքապետարանի մօտ հաւաքուած հայերին»: Մեծ մասը Գլենդելից չէին: