ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մայիսի 9ը մեր ազգի յաղթանակները խորհրդանշող ամսաթիւ է: Պատմութեան տարբեր քառուղիներում, այս օրն են կերտուել հայ ժողովրդի փառահեղ էջերը յաղթանակներով, որ հնարաւոր են դարձել նուիրեալ հայորդիների խիզախութեան, հայրենիքի հանդէպ անձնուրաց սիրոյ շնորհիւ:
Նրանք կրել են նախնիների հերոսական ոգին եւ կրկնել նրանց սխրանքները՝ հաւատալով արդարութեան յաղթանակին: Այդ հաւատով Մայիսի 9ին ազատագրուեց Շուշին՝ պատմական մի պահ, որ բեկումնային դարձաւ Արցախեան ազատամարտում: Մայիսի 9ին ստեղծուեց Արցախի Պաշտպանութեան բանակը՝ համալրուելով խիզախ ու երիտասարդ զինուորներով, ովքեր պատրաստ եղան նուիրաբերել ամենաթանկը՝ իրենց կեանքը հայրենիքին:
Արցախի պաշտպանութեան նուիրեալի, մեծ հայրենասէրի, արդարութեան մարտիկի եւ մարդկային կամքի բացառիկ դրսեւորման խորհրդանիշ է Սարգիս Ստեփանեանը՝ մերօրեայ հերոս, ով իր կեանքով է վկայում հայի անկոտրուն ոգու մասին:
«Արցախը ցանկացած հայ մարդու համար իր հարստութիւնն է, աշխարհը, որի պաշտպանութեան համար կարելի է զոհաբերել ամէն ինչ: Ես այդպէս եմ կարծում, եւ դրա համար էլ ընտրել եմ զինուորականի ծառայութեան աշխատանքը, ու մեծ հպարտութեամբ եմ ծառայում Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերում: Արցախում, մասնակցելով տարբեր ռազմական գործողութիւնների, մեծ պատասխանատուութեամբ, հպարտութեամբ ու պատուով եմ կատարել բոլոր առաջադրանքները, քանզի գիտակցել եմ, որ դա վերաբերում է մեր ազգի անվտանգութեանը, մեր հողին ու ջրին», նշում է Ստեփանեանը:
Հայրենիքի սրբազան հողի նկատմամբ անմնացորդ սէրը, ՀՀ Զինուած ուժերի սպայ, մայոր Սարգիս Ստեփանեանը ժառանգել է հօրից՝ Վանիկ Ստեփանեանից, ով Արցախեան ազատամարտի մասնակից էր, աւելին՝ գիտակցելով, որ ընտանիքի ներկայութիւնը կենսական կը լինի իր պայքարի ոգին բարձր պահելու համար, պատերազմի օրերին ողջ ընտանիքին Հայաստանից տեղափոխում է Շուշի բնակութեան: «Արցախի հետ կապուած շատ յիշողութիւններ ունեմ: Մայրս Արցախից է, հայրս՝ Արցախի պատերազմի մասնակից, պատերազմի բովով անցած, յաղթանակած բանակի սպայ: Ազատամարտի տարիներին ես իննը-տաս տարեկան էր, բայց երբ հայրդ գնում է ճակատ հայրենիքը պաշտպանելու, դա ինքնին արդէն դաստիարակում է: Այս հանգամանքն էր նաեւ, որ ինձ սերտօրէն կապեց Արցախի հետ: Բարձրագոյն կրթութիւնս էլ ստացայ Արցախի Պետական համալսարանում‘ ընդունուելով նախնական զինուորական պատրաստութիւն եւ ֆիզկուլտուրայի բաժին», արցախեան իր ոդիսականի սկիզբն է յիշում մայոր Ստեփանեանը:
Սարգիսի ժամկէտային զինուորական ծառայութիւնն էլ է անցնում Արցախում, որից յետոյ, նա որոշում է մնալ զինուած ուժերում՝ 2007 թուականին աշխատանքի անցնելով ՊՆ ամենապատասխանատու ստորաբաժնում՝ յատուկ նշանակութեան ջոկատում: Աշխատանքի ընթացքում նա վերապատրաստման յատուկ նշանակութեան դասընթացներ է անցնում տարբեր երկրներում՝ Յունաստանում, Չինաստանում, Ռուսաստանում:
2014թ.ին, ծառայողական պարտականութիւնները կատարելիս, Սարգիս Ստեփանեանը վիրաւորւում է ականի պայթիւնից՝ չէզոք գօտուց վիրաւոր զինուորական ըկերոջը դուրս բերելիս:
«2014 թուականի ամրանը Արցախի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողութիւնները որակւում էին որպէս միկրոպատերազմ (մանր պատերազմ-Խմբ.): Հակառակորդի կողմից յաճախ էր խախտւում սահմանը. նրանց դիւերսիոն հետախուզական խմբերը ներթափանցում էին մեր սահմանապահ ստորաբաժանումներ՝ փորձելով վնաս հասցնել մեր դիրքերին: Յուլիսի 29ին, թշնամու նման յարձակումներից մէկը մերոնք յետ էին մղել, եւ նրանց հետապնդելու ժամանակ, չէզոք գօտում վիրաւոր ունէինք: Իմ ստորաբաժանման հետ գտնւում էի պաշտպանական շրջաններից մէկում, երբ մարտական հրաման ստանալով, իմ խմբով գնացինք մեր վիրաւոր զինընկերոջը փրկելու: Տեղեակ լինելով, որ տարածքն ականապատուած է, այդուհանդերձ շտապում էի՝ գիտակցելով, որ ամէն րոպէն ճակատագրական կարող է լինել հայ զինուորի համար: Ճանապարհին ականազերծելով արդէն հասնում էի վիրաւորին, երբ ինքս պայթեցի ականից», պատմում է Ստեփանեանը:
Պայթիւնի արդիւնքում Սարգիս Ստեփանեանը ծանր վիրաւորւում է՝ կորցնելով երեք վերջոյթները՝ երկու ոտքն ու աջ ձեռքը, սակայն նրա հոգին անկոտրուն էր: Հայ հերոսը մարտահրաւէր է նետում ճակատագրին՝ ոչ միայն վերադառնալով ծառայութեան, նաեւ՝ իւրացնելով նոր մարզաձեւ եւ դառնալով աշխարհի չեմպիոն: «Դէպքից յետոյ ինձ անմիջապէս տեղափոխեցին հիւանդանոց, որտեղ անցկացրել եմ 28 օր, եւ երբ դուրս գրուեցի, մօտ մէկ ամիս անց ստացայ սկզբնական ուսումնական պրոթեզներ (արհեստական փոխդիր սրունքներ-Խմբ.) սրունքի եւ ազդրի ու սկսեցի գիշերուզօր զբաղուել վերականգնողական աշխատանքով: Նորից քայլել էի սովորում: Վիրաւորուելուցս մօտ հինգ ամիս անց, մարզական ընկերներիս հետ միասին բարձրացանք 1600 մետր բարձրութեամբ Թէժքարը, որ ուսումնական պրոթեզով բաւական դժուար էր: Միաժամանակ, լինելով պրոֆէսիոնալ մարզիկ՝ ծանրամարտի սպորտի վարպետ, ցանկանում էի վերսկսել զբաղուել որեւէ մարզաձեւով: Ընկերներս խորհուրդ տուեցին ընտրել բազկամարտը: Մարզիչս՝ Արտաւազդ Նալբանդեանը, ով նաեւ իմ լաւ ընկերն է, ստուգեց ձեռքիս կարողութիւնը, եւ կանչեց մարզումի: Նպատակս էր դառնալ արհեստավարժ տուեալ ոլորտում, եւ մասնակցել հեղինակաւոր մրցումների: Առաջին մասնակցութիւնս 2016թ.ի աշխարհի առաջնութիւնն էր, որտեղ ձեռք բերած արդիւնք՝ 4րդ հորիզոնականը գոհացուցիչ չէր», նշում է Ստեփանեանը:
Յաջորդ փորձը 2017թ.ի Նոյեմբերին, Ռումիա քաղաքում բազկամարտի Աշխարհի գաւաթի առաջնութիւնն էր, որտեղ Ստեփանեանը նուաճում է երկու ոսկէ եւ մէկ արծաթէ մեդալ (յաղթող է դառնում հենաշարժողական համակարգի խնդիրներով 75 կգ., եւ վերին վերջոյթների խնդիրներով 80 կգ. դասակարգերում, երկրորդ տեղն է զբաղեցնում բացարձակ քաշային կարգում):
Սարգիս Ստեփանեանն իր անձնուիրութեամբ, խիզախութեամբ, կամքի ուժով խորհրդանիշն է ժամանակակից հայոց բանակի, հայ զինուորի, ով վստահեցնում է, որ հայրենիքն ապահով ձեռքերում է: Միաժամանակ, այս հարցում մայոր Ստեփանեանը կարեւորում է համայն հայութեան աջակցութիւնը հայ զինուորին: «Իմացէք, որ հայոց բանակը հզօր է, հայ զինուորն անպարտելի: Սակայն զօրանալու տեղ միշտ էլ կայ, որովհետեւ ամէն օր նոր զէնք ու զինամթերք է ստեղծւում աւելի արդիական, իսկ պատերազմը շարունակւում է: 2016 թուականից յետոյ, մեր ստորաբաժանումները համալրուեցին նոր սարքաւորումներով՝ ջերմադիտակներով, տեսանելիութեան, արդիականացուած զէնքով, եւ Սփիւռքի ներդրումն էլ այս հարցում շատ մեծ էր: Սակայն քանի մեր թշնամին շարունակում է նախայարձակ լինել, մենք ազգովի պէտք է զգօն լինենք, համախմբուած ու թոյլ չտանք թշնամու որեւէ ոտնձգութիւն: Հայը, անկախ բնակութեան վայրից, պէտք է գիտակցի, որ հայոց զինուորն է երկրի անվտանգութեան երաշխաւորը, եւ պէտք է նեցուկ լինենք մեր բանակի իւրաքանչիւր ծառայողի», նշում է ՀՀ Զինուած ուժերի մայոր Ստեփանեանը: Այս մասին խօսելու առիթ նա ունեցաւ նաեւ Միացեալ Նահանգներ այցի շրջանակներում՝ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ կազմակերպել էր «Հայ վիրաւոր հերոսներ» հիմնադրամը:
«Հիմնադրամին ծանօթացել էի Աշխարհի գաւաթի մրցումներին պատրաստուելիս, երբ կարիք ունէի հովանաւորի: Կազմակերպութեան հիմնադիրներն ինձ աջակցեցին, եւ կարողացայ պատրաստուել ու մասնակցել: Ծանօթանալով նրանց գործունէութեանը, ներգրաւուեցի իրենց աշխատանքներում՝ դառնալով հիմնադրամի խորհրդի անդամ: ԱՄՆ այցիս նպատակն էր ներկայ գտնուել Հայոց Ցեղասպանութեան յիշատակման ձեռնարկներին, ծանօթանալու մեր համայնքին: Ինձ համար մեծ պատիւ էր տեսնել Ազգային վարժարաններում ուսանող մեր պատանիներին ու երիտասարդներին, որոնք այդքան լցուած են ազգայինով: Ես էլ յորդորեցի, որ հայ մեծանան, հայեցի մտածեն, հայի հետ ամուսնանան, որ հայրենիքից հեռու երբեք չընդհատուի նրանց կապը իրենց ինքնութեան, նախահայրերի հետ»: Սարգիս Ստեփանեանը տպաւորուած էր Ապրիլի 24ին ամերիկահայերի համախմբուածութիւնից, եւ համոզուած է, որ իւրաքանչիւր հարցի շուրջ նման միասնութեան պարագայում հայ ազգն անպարտելի կը լինի: «Ապրիլի 24ին համայն հայութեան պահանջը մէկն է՝ Ցեղասպանութեան ճանաչում: Իմ հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ ասացի, որ մեր պատերազմը թշնամու դէմ շարունակւում է, եւ դա պէտք է գիտակցենք բոլորս՝ մանուկից մինչեւ մեծահասակ, լինենք հայ զինուորի կողքին, որպէսզի մեր պատմութիւնը երբեւէ նման էջեր չունենայ այլեւս: Հայաստանն ու Սփիւռքը պէտք է միասնաբար գործեն, որ էլ աւելի զօրանանք, ու անպարտելի լինենք»:
Հայ զինուորի կողքին կանգնելու եւ հայրենիքի պաշտպանութեան գործին մասնակցելու նպատակով Սփիւռքում ստեղծուած լաւագոյն ծրագրերից է «Հայ վիրաւոր հերոսներ» հիմնադրամը, որը հիմնել են Նիւ Եորքում բնակուող Ռազմիկ Արզումանեանն ու Լոս Անջելեսից Քրիս Պետրոսեանը արցախեան քառօրեայ պատերազմից յետոյ՝ աջակցելու Արցախի ՊԲ եւ ՀՀ Զինուած ուժերի զինծառայողներին:
«Հիմնադրամի հիմնական գործունէութիւնն ուղղուած է զինուորին առաջին բուժօգնութեան պարագաների տրամադրմանը: Այդ բուժմիջոցներից օգտւում են աշխարհի առաջատար ԱՄՆի, Իսրայէլի բանակները՝ կանխելու հրազէնային կամ այլ ծանր վնասուածքների ճակատագրական ելքով դէպքերը: Մարտի դաշտում, զոհերի 90 տոկոսը, սովորաբար մահանում է արիւնահոսութիւնից՝ զինուորները երբեմն 3-4 րոպէ ունեն արիւնը կանգնեցնելու, եւ բուժօգնութիւն ստանալու համար: Մեր կողմից ձեռք բերուած եւ Արցախի ՊԲի առաջնագծում ծառայողներին տրուած սարքերը հնարաւորութիւն են տալիս զինուորին ինքնուրոյն կիրառելով դրանք՝ նշուած չորս րոպէն երկարաձգել մինչեւ 8-10ը ժամի, հասնել հիւանդանոց ու փրկուել: Ամերիկեան փորձը ցոյց է տալիս, որ այդ սարքերի կիրառման դէպքում 100ից 20 տոկոսի կեանքը փրկւում է, մինչ մեր դէպքում այդ տոկոսը շատ աւելի բարձր է, (շուրջ 50 տոկոս), քանի որ մեր զինուորներն պաշտպանական դիրքերում են, եւ դրանք աւելի մօտ են հիւանդանոցներին», պատմում է Արզումանեանը: Հիմնադրամի տրամադրած սարքերը կիրառելու համար անհրաժեշտ են պարտադիր ուսումնավարժանքներ, որոնք, ըստ հիմնադրամի պայմանաւորուածութեան, իրականացնում է ամերիկեան կառավարութիւնը: Ըստ Սրզումանեանի, սարքերը կարող են կիրառուել միայն 3-4 ամիս տեւող պատրաստական աշխատանքներից յետոյ: «Մի՛նչ այսօր բազմաթիւ կեանքեր են փրկուել, սակայն սարքերն արժեն՝ եթէ նոյնիսկ մէկ կեանքի փրկութեան մասին է խօսքը», նշում է Արզումանեանը:
«Հայ վիրաւոր հերոսներ» հիմնադրամն ընդլայնել է գործունէութեան շրջանակները. առաջին բուժօգնութիւնից յետոյ, հոգ է տարւում զինուորի հիւանդանոցում անցկացուած վերականգնողական շրջանում, եւ վերջերս ներառուել է նաեւ զինուորին աշխատանքով ապահովումը:
Կազմակերպութեան արդիւնաւէտ գործունէութիւնը հնարաւոր է դառնում Միացեալ Նահանգների Արեւելեան ու Արեւմտեան ափերում պարբերաբար կազմակերպուող դրամահաւաք ձեռնարկների շնորհիւ: Լոս Անջելեսում օրեր առաջ Քրիս Պետրոսեանի յարկաբաժնում անցկացուած դրամահաւաքի հիւրերը նաեւ հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու արցախեան ազատամարտի հերոս Սարգիս Ստեփանեանին՝ իրենց երախտագիտութիւնը յայտնելու ազգին անձնուրաց ծառայելու համար: Միաժամանակ, Ստեփանեանը ներկաներին պատմեց բանակում ներկայում տիրող իրավիճակի եւ զօրացման գործում Սփիւռքի հնարաւոր մասնակցութեան մասին: «Հայ հերոսի այցը մեր համայնք կարեւոր է մի քանի առումով: Ամենակարեւորը, որ ամերիկահայերը, ովքեր առիթ չեն ունեցել լինել Արցախում եւ Հայաստանում, ու շփուել զինուորների հետ, այսպէս հնարաւորութիւն են ունենում ծանօթանալու մեր հերոս տղաներին, ովքեր պատրաստ են զոհուելու յանուն հայրենիքի: Միւս նպատակն էլ՝ ծանօթացնել համայնքին մեր հիմնադրամի աշխատանքներին, եւ յորդորել միանալ մեզ՝ հայ զինուորին աջակցելու գործում», նշում է Ռազմիկ Արզումանեանը:
Հիմնադրամի գործունէութեանը կարելի է ծանօթանալ հետեւեալ կայքում՝
https://armenianwoundedheroes.com/about-us-awhf/: