ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամն ԸՕՀ (Family Rescue Fund) իր բարեգործական առաքելութեան շրջանակներում Մարտի 18ին անցկացրեց Սուրբ Զատիկին նուիրուած ձեռնարկ-դրամահաւաք: Չորս տարիների ընթացքում, այս կազմակերպութեան կողմից հաւաքուած միջոցներն ուղղուել են Հայաստանում անօթեւան ընտանիքներին, Լոս Անջելեսի Չիլդրընզ հոսփիթալին, Հայ Օգնութեան Միութեան ծրագրերին, կրթաթոշակներ են տրամադրուել հայկական վարժարաններում սովորող աշակերտների:
Զատիկին նախորդող ցերեկոյթն էլ բացառութիւն չէր. շուրջ երեք հարիւր հիւրերն իրենց նուիրատուութիւններով միացան գլխաւոր հովանաւորներ Լէ Փափիյոն Բայ Նազ սրահին, Լեւոն Թրեւըլ ընկերութեանն ու բարերար Մայք Սարեանին՝ մասնակիցը դառնալով ԸՕՀի ապագայ բարեգործական ծրագրերի:
Հանդիսավար Լիլի Աւագեանը ներկայացրեց աշխատանքները, որ ԸՕՀն իրականացնում է Հայաստանում: Կազմակերպութեան ջանքերով 22 անօթեւան ընտանիք բնակարան է ստացել, կարիքաւոր ընտանիքներին տրամադրուել է հագուստ, սնունդ, անհրաժեշտ կենցաղային իրեր, բժշկական օգնութիւն, իրաւաբանական եւ հոգեբանական աջակցութիւն: Այս ամէնը հնարաւոր է դարձել Լոս Անջելեսում, ԸՕՀի հոգաբարձուների խորհրդի եւ կազմակերպութեան շուրջ համախմբուած անհատների շնորհիւ, ովքեր նաեւ ամենօրեայ կամաւոր աշխատանքի արդիւնքում կարողանում են իրականացնել հայրենակիցներին օգնելու վեհ առաքելութիւնը: Կազմակերպութեան գործունէութեան մասին ձեռնարկի ընթացքում խօսեց նաեւ բժիշկ Վիգէն Սեփիլեանը‘ յորդորելով մասնակիցը դառնալ ազգանուէր գործի, եւ ներկայացրեց համայնքում յայտնի բարերար Նազ Աթիկեանին, ով նախաձեռնողն ու հիմնադիրն է ԸՕՀի:
«Ամէ՛ն անգամ այցելելով Հայաստան, չեմ կարողանում զսպել յուզմունքս, երբ տեսնում եմ մեր մանուկների ուրախ աչքերը, ովքեր օթեւան են ստացել: Երախտագիտութիւնս եմ ցանկանում յայտնել մեր նուիրատուներին, ում շնորհիւ նաեւ հնարաւոր է լինում լուծել հայաստանաբնակ մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները», իր խօսքում նշեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկեանը:
Հայաստան յաճախակի այցերի ընթացքում, Աթիկեանն առիթ է ունենում ծանօթանալու սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց խնդիրներին՝ նաեւ «Կիսաբա՛ց լուսամուտներ» հաղորդաշարի միջոցով: Արդիւնքում, Հրաչեայ Մուրադեանի հետ միասին որոշում են ստեղծել հիմնադրամ: Չորս տարիների ընթացքում, հիմնադրամի նախագահն ու անդամները բազմիցս այցելել են կազմակերպութեան կողմից հովանաւորուած ընտանիքներին, բարեկամացել, եւ ծանօթանալով նրանց առօրեայ խնդիրներին՝ շարունակել աջակցել: Ձեռնարկի ընթացքում ցուցադրուած տեսաֆիլմը, որ պատմում էր այդ այցերից մէկի մասին, ներկայացրեց մի քանի ընտանիքների պատմութիւն, որոնք ԸՕՀի շնորհիւ կարողացել են նոր կեանք սկսել, ծնողները հնարաւորութիւն են ստացել իրենց զաւակների համար արժանապատիւ ապագայի ծրագրեր կազմել:
«Հիմնադրամ»ի աշխատանքը շատ թափանցիկ է, եւ ես ուրախ եմ, որ մաս եմ կազմում այս կազմակերպութեան, քանի որ կարծում եմ, որ ամէն անհատի կեանքում ամենակարեւոր գործն օգտակար լինելն է: Շատ ընտանիքներ կան Հայաստանում, որ կարօտ են տան, կենցաղային իրերի, հագուստի, եւ նրանց շարքում են բազմազաւակ ընտանիքներ նաեւ, որտեղ մեծանում են մեր ազգի ապագայ սերունդները: Այդ երեխաներն են, որ վաղը պէտք է կերտեն մեր հայրենիքը, ծառայեն մեր բանակում: Հիմնադրամը կարողանում է փոխել, բարեկեցիկ դարձնել նրանց կեանքը: Ականատես լինելով Նազի եւ Հրաչեայյի նուիրուած աշխատանքին, ինքս էլ միացել եմ նրանց եւ յորդորում եմ մեր համայնքին էլ մաս կազմել այս առաքելութեանը», նշում է ազգային հասարակական գործիչ, բարերար, ԸՕՀի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժասիկ Ջառահեանը:
ԸՕՀի հոգաբարձուների խորհրդի անդամների թւում են նաեւ Հայաստանից Հրաչեայ Մուրադեանը, ԱՄՆից՝ Մայք Սարեանը, Կարպիս Թիթիզեանը, Արմինէ Վարոսեանը, Դի Չորլեանը, Սիլվիա Դեյրմենջեանը, Ժաքլին Թորոսեանը, Անաշեհ Խոդաւերդին, Էդի Զարացեանը:
ԸՕՀի գարնանային ձեռնարկի ընթացքում հանգանակուած գումարն, ըստ պատասխանատուների կ՛ուղղուի Հայաստանում նոր բնակարանների ձեռքբերմանը, ինչպէս նաեւ՝ հիմնադրամի այլ ծրագրերին: Նազ Աթիկեանը յայտարարեց, որ նուիրատուութիւններ ընդունւում են նաեւ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանօթանալ կազմակերպութեան ծրագրերին (frf.am):