«Քաղաքական Համակարգում Կատարուել Են Լրջագոյն Փոփոխութիւններ»
Վարեց՝ Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Ստորեւ՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի հետ.
Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ինչո՞ւ փոխուեց վարչապետի ընտրութեան օրը՝ Մայիսի 2ից տեղափոխուելով Ապրիլի 17: Եւ կոալիցիայում ե՞րբ կը սկսուեն վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ժամկէտների փոփոխութիւնը պայմանաւորուած է սահմանադրութեամբ, պարզապէս համապատասխանեցուել է սահմանադրութեան տրամաբանութեանը: Որեւէ անակնկալ չկայ: Վարչապետը պէտք է ընտրուի այն ժամկէտների մէջ, որը նախատեսում է երկրի հիմնական օրէնքը: Մայիսի 2ին արդէն ուշ կը լինէր:
Կարծում եմ, վարչապետի թեկնածութեան շուրջ կոալիցիայում առաջին քննարկումները տեղի կ՛ունենան մինչեւ Ապրիլի 9ը: Այդ օրուանից ամբողջութեամբ կը սկսի գործել խորհրդարանական համակարգը, եւ վարչապետի ընտրութեան հարցը, բնականաբար, Ապրիլի 9ից յետոյ է առաջանալու:
Այսինքն՝ մինչեւ նոր նախագահն իր պաշտօնը չստանձնի, դա չի լինի, քանի որ նոր նախագահը սահմանադրութեամբ նախատեսուած գործառոյթներն ունի, պէտք է մասնակցի վարչապետի ընտրութեան գործընթացին:
Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Իսկ մինչ Ապրիլի 9ը, նախքան կոալիցիոն քննարկումները, Դաշնակցութիւնը կ՛իմանա՞յ վարչապետի թեկնածուի անունը:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ներքին կարգով՝ այո:
Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Սերժ Սարգսեանի թեկնածութիւնից բացի պատրա՞ստ էք վարչապետի այլ թեկնածութիւններ եւս քննարկել, թէ՞ ձեզ համար շրջանառուող անուններից նախընտրելին միայն գործող նախագահի թեկնածութիւնն է:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որը կ՛առաջադրի Հանրապետական կուսակցութիւնը: Քանի որ այդ հարցը գտնւում է հանրապետականների որոշման դաշտում, մենք իրենց հետ չենք քննարկելու, թէ ու՞մ են առաջադրելու, իրենք իրենց մէջ պէտք է կատարեն այդ քննարկումը, որոշեն ու առաջադրեն:
Այդ իրաւունքը լիարժէքօրէն իրենց է վերապահուած, դա ամրագրուած է նաեւ մեր կոալիցիոն յուշագրով: Մենք չենք պատրաստւում շեղուել մեր ձեռք բերած նախնական պայմանաւորուածութիւններից: Մեր կողմից պարկեշտ ու ճիշդ կը լինի, եթէ ՀՀԿի կողմից առաջադրումից յետոյ միայն Դաշնակցութիւնն իր խօսքն ասի:
Ի տարբերութիւն մնացած ուժերի ու գործիչների, երբ Դաշնակցութիւնը գնում էր սահմանադրական փոփոխութիւնների, մենք դրանք չէինք պայմանաւորել որեւէ անձով: Բազմիցս ասել ու չենք բացառել, աւելին՝ հնարաւոր ենք համարել, որ Սերժ Սարգսեանը յաւակնի վարչապետի պաշտօնին:
Բայց դա չէ մեզ համար գլխաւորը, այլ այն, որ համակարգն այնպիսի փոփոխութեան է ենթարկւում, որ նոր վարչապետը չի ունենալու այն լիազօրութիւնները, որոնք ունի ներկայիս գործող նախագահը: Եւ սա էական փոփոխութիւն է Հայաստանի համար: Կարծում եմ, մեր ընթացքը սխալ տեղ կը տանէր մեզ, եթէ կատարուած փոփոխութիւնները անձերով պայմանաւորէինք:
Մենք այնպէս ենք արել, որ այս համակարգը զսպի ամէն մի անձի, որպէսզի նա չկարողանայ այնքան լիազօրութիւններ ունենալ, որ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացնի իր ձեռքում: Սա մենք երաշխաւորում ենք այս համակարգային փոփոխութիւններով:
Մեզ համար անընդունելի էին նախկին համակարգում ամրագրուած նախագահի լիազօրութիւնները: Նոր համակարգով տեղի է ունեցել լիազօրութիւնների բաշխում, ապակենտրոնացում: Դրանց մի զգալի մասն անցել է խորհրդարանին, միւս մասը՝ կառավարութեանն ու վարչապետին, մի զգալի մասն անցել է անկախ դատական իշխանութեանը: Սա է, որ մեզ համար էական է:
Իշխանութեան ճիւղերից ամէն մէկը վերահսկողական իր որոշակի գործառոյթն է իրականացնելու: Ու այդ առումով որոշակի դերակատարութիւն ունի հէնց հանրապետութեան նորընտիր նախագահը, որը մեր ձեւակերպմամբ՝ չորրորդ հանրապետութեան առաջին նախագահն է: Իսկապէս քաղաքական համակարգում կատարուել են լրջագոյն փոփոխութիւններ, նորարարութիւններն այնքան շատ են, որ դրանք ժամանակ են պահանջում, մինչեւ մեր հասարակութիւնն ամբողջութեամբ իւրացնի:
Ընթացքը ցոյց կը տայ, կամաց-կամաց մարդիկ դա կը տեսնեն, կը համոզուեն, որ իշխանութեան ամէն թեւն ունի իր առաջնային դերակատարութիւնը:
Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսեանին, ապա նա անելիք ունի քաղաքականութեան մէջ ու նրա հետ կապուած բոլորովին այլ գնահատականներ պէտք է տրուեն՝ նայելով նրա անցած ճանապարհը: Այն փոփոխութիւնները, որ կատարուել են Հայաստանում, առանց Սերժ Սարգսեանի ցանկութեան չէին կատարուի՝ դա միանշանակ է: