Փետրուարի 19ը Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրն է: 2018 թուականի Փետրուարի 19ին, աւանդոյթի համաձայն, թբիլիսահայերը այցելեցին հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթէոն, որտեղ ամփոփուած է Մեծ Լոռեցու աճիւնը: Մտաւորականները, գրականութեան, մշակոյթի եւ հասարակական գործիչները, մայր հայրենիքից օրուայ առիթով ժամանած հիւրերը ծաղիկներով զարդարեցին մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանաւոր զաւակների շիրիմները:
Մեծն Թումանեանի գերեզմանի մօտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի նախագահութեամբ,կատարուեց հոգեհանգստեան կարգ: Հաւարտ արարողութեան դիմելով ներկաներին, Վազգէն սրբազանը գնահատանքի խօսքեր ուղղեց ներկաներին ազգի մեծերի յիշատակը պահելու եւ սերունդներին փոխանցելու համար: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջեանի կողմից Թբիլիսիում հաստատուած Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը գիրք նուիրելու աւանդութեանը: Հաւատարիմ այս գործողութեանը, արդէն բանաստեղծուհու դուստրերը՝ Մարինէն եւ Գայիանէն, ներկաներին նուիրեցին ինչպէս Անահիտ Բոստանջեանի գրադարանից գրքեր, այնպէս էլ օրերս լոյս տեսած նրա նոր ժողովածուն: Ներսիսեան դպրոցի շրջանաւարտների լուսանկարները եւ կենսագրութիւններն ամփոփող հնագոյն ալբոմը Յովհաննէս Թումանեանի տանը նուիրեց լրագրող Գոհար Մազմանեանը:
Մեծ Լոռեցու ծննդեան օրուայ տօնակատարութիւնը շարունակուեց Վիրահայոց թեմի Յովհաննէս Թումանեանի տուն կենտրոնում, որտեղ սպասում էր գեղեցիկ անակնկալ: Տասնեակ տարիների ընդմիջումից յետոյ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան օրուան նուիրուեց տիկնիկային թատրոնի բացումը նրա անմահ «Շունն Ու Կատուն» լեգենդի (առասպելը, աւանդավէպը-Խմբ.) բեմականացմամբ:
Թումանեանի տան հիւրընկալ սրահում տեղեր էին զբաղեցրել օրուայ առիթով Երեւանից ժամանած հիւրերը, Վրաստանի իշխանութիւնների ներկայացուցիչները, Վրաստանում ՀՀ դեսպանութեան դիւանագէտները, թբիլիսահայ մտաւորականներ, համայնքային կառոյցների ղեկավարներ եւ անդամներ:
Թեմի Ծխական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազեանի ընտանիքի նուիրած փափուկ բարձերին յարմար տեղաւորուել էին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսէս Խորենացի նախակրթարանի սաները, սպասելով իրենց լաւ ծանօթ «Շունն Ու Կատուն» լեգենդը՝ հայերէն խօսող տիկնիկների խաղին, այդպիսով դառնալով հայկական տիկնիկային թատրոնի առաջին հանդիսատեսը:
Ու բացուեց նորաստեղծ տիկնիկային թատրոնի գեղեցիկ եւ շքեղ ձեւաւորուած բեմի վարագոյրը որպէս նուէր Թումանեանին՝ իր ծննդեան օրը, իր իսկ տանը:
Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան թատրոնի դերասաններ Աշոտ Սիմոնեանի, Արէն Մկրտ-չեանի, Էդիտա Զոհրաբեանի եւ հիմնադիր Արմէն Յովհաննիսեանի կողմից տիկնիկների վարպետ խաղով, դերասանական ճիշդ շարժումներով, հնչեղ խօսքով ներկայացուեց միշտ արդիական «Շունն Ու Կատուն», անջնջելի տպաւորութիւն թողնելով ներկաների վրայ:
Բանախօսները‘ Երեւանի Յովհաննէս Թումանեանի անուան տիկնիկային թատրոնի տնօրէն, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Ռուբէն Բաբայեանը, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի փոխտնօրէն Անի Եղիազարեանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դաւիթ Գրիգորեանը,Վրաստանում ՀՀ դեսպանութեան դիւանագէտ Յարութիւն Հայրապետեանը, Պետրոս Ադամեանի անուան թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Բայանդուրեանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթեանը իրենց խօսքում երեւոյթ անուանեցին Թբիլիսիում տիկնիկային թատրոնի բացումը, որը պէտք է դառնայ հայ մշակոյթի զարգացման, հայ երեխայի հայեցի դաստիարակաթեան ուղղութեամբ կատարուած նոր քայլ, բարձր գնահատեցին տիկնիկագործ Արմէն Յովհաննիսեանի իրականացրած ստեղծագործական մեծ աշխատանքը, առաջարկելով իրենց աջակցութիւնը եւ համագործակցութիւնը:
Միջոցառումն ամփոփեց եւ իր օրհնութիւնը ներկաներին յղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Ընդգծելով մշակոյթի զարգացմանը յատկացուող ուշադրութեան կարեւորութիւնը, թեմակալ առաջնորդը արժեւորեց մանուկ հասակից երեխային մշակոյթով դաստիարակութիւնը։
Վիրահայոց թեմի հովանու ներքոյ գործող Թումանեանի տունը, որը գրականութեամբ, արուեստով ու ժողովուրդների բարեկամութեամբ յագեցած կենտրոն է, այսուհետ կ՛ընդունի նաեւ մանուկների՝ անխտիր նրանց ազգային պատկանելութեան: Տիկնիկային թատրոնի ներկայացումները կը նպաստեն երեխաների մերձեցմանը արուեստին, թատրոնի սիրով ապրելուն, մշակոյթին նուիրուելուն, կը դաստիարակեն նրանց բարութեան եւ սիրոյ ոգով: Սրբազան հայրը գնահատանքի խօսքեր ուղղեց թատրոնի հիմնադիր Արմէն Յովհաննիսեանին, կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանին, տիկնիկային թատրոնի ձեւաւորման գործի մասնակիցներին եւ բոլոր կազմակերպիչներին:
Տիկնիկային թատրոնը մանուկներին պարբերաբար կը ներկայացնի նորանոր բեմադրութիւններ նորանոր տիկնիկների խաղով եւ գեղեցիկ խօսքով։
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ