ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Այս օրերին Արցախի բոլոր համայնքներում տեղի են ունենում հաշուետու ժողովներ: Խորհրդային տարիներին էլ այդպէս էր. Փետրուար ամսին կոլտնտեսութիւններում անց էին կացւում հաշուետու ժողովներ: Բայց երեսուն տարի առաջ՝ 1988թ. Փետրուարին, կոլեկտիւ տնտեսութիւնների ժողովները այլ հունով ընթացան…
1988ը մեր ժողովրդի համար ուղենիշային տարեթիւ է, որը թէպէտ նախապատրաստուել էր տասնամեակների ընթացքում՝ այն պահից, երբ Ղարաբաղը բռնակցուեց Ադրբեջանին, սակայն ժայթքեց հրաբխի նման՝ միանգամից: Ժողովրդական յուզումները՝ հանրահաւաքները, սկսուեցին Փետրուարից: Ինչո՞ւ հէնց այդ ժամանակ. պատահակա՞ն էր, թէ ինչ-ինչ հանգամանքներով պայմանաւորուած:
Ինչպէս յայտնի է, փետրուարեան զարթօնքին նախորդել էին գաղտնի ստորագրահաւաքները, այնուհետեւ մի շարք պատուիրակութիւնների այցերը Մոսկուա՝ Կենտկոմ՝ պատմական արդարութիւնը վերականգնելու արցախահայութեան արդար պահանջով:
Շարժման ռահվիրաներից մէկը՝ Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլաւիկ Առուշանեանը, պատմում է, որ Մոսկուայից վերադառնալուց մի քանի օր անց Ղարաբաղեան շարժման գաղափարախօս Իգոր Մուրադեանն իրեն հրաւիրում է Երեւան. «Մտածեցի, որ հաւանաբար լաւ լուր ունի, որը հեռախօսով չի ուզում ասել: Պարզուեց, որ մոսկովեան մեր այցերը ոչ մի արդիւնք չեն տալիս, Կրեմլում միայն յանձնաժողովներ են ստեղծում, բայց հարցը տեղից չի շարժւում: Նա ասաց, որ անհրաժեշտ է մարզի բոլոր ղեկավարներից ստորագրութիւն հաւաքել: Ասացի՝ մեր շրջանում հէնց այդ սկզբունքով ենք ստորագրահաւաքը կազմակերպել. վերցրել էինք իւրաքանչիւր գիւղի ղեկավար կազմի՝ կուսկազմակերպութեան քարտուղարի, արհմիութեան, գիւղխորդի գործկոմի, կոլտնտեսութեան վարչութեան նախագահների, Հայրենական պատերազմի շքանշանակիրների, որեւէ կազմակերպութեան կամ ներկայացուցչական մարմնի ղեկավարի ստորագրութիւնը: Բայց վստահ չեմ, որ միւս շրջաններում էլ նոյնը հնարաւոր կը լինի անել», վերհիշում է Ս. Առուշանեանը: Նա պատմեց, որ Մարտունու շրջանից գիշեցի ակտիւիստ, պատուիրակութեան կազմում Մոսկուա մեկնած Իւրի Գրիգորեանի հրաւէրով ինքը մասնակցում է Գիշի գիւղի ժողովին: «Գիշին դարձաւ մեր ազգային-ազատագրական պայքարի երրորդ՝ ամենակարեւոր փուլի սկիզբը», ասաց Ս. Առուշանեանը՝ Շարժման առաջին փուլը համարելով ստորագրահաւաքները, երկրորդը՝ պատուիրակութիւնների այցը Մոսկուա: Ելոյթ ունենալով այդտեղ՝ Ս. Առուշանեանն ասել է, որ յոյսը ղեկավարութեան վրայ դնել չի կարելի, սա վերջին հնարաւորութիւնն է Ղարաբաղը սպիտակ եղեռնից փրկելու համար: Եթէ վերակառուցման ընձեռած հնարաւորութիւնից չկարողանանք օգտուել, Նախիջեւանի օրն ենք ընկնելու, որ միակ ելքը վերամիաւորման հռչակագիրը բոլոր բնակավայրերում քննարկելն է: Ըստ էութեան՝ դա նշանակում էր համաժողովրդական քննարկում: «Փետրուարին գիւղերում սկսւում էին աւանդական հաշուետու ժողովները, կոչ արեցի օգտուել այդ հնարաւորութիւնից, հռչակագիրը քննարկել ու հաւանութիւն տալ»:
Ս. Առուշանեանը ներկայացրեց շարունակութիւնը: Գիշուց վերադառնալուց յետոյ Ասկերանի նախաձեռնող խմբին ինքը ներկայացնում է որոշման օրինակելի նախագիծ՝ բաղկացած երեք կէտից: Կազմեցին ժողովների անցկացման ժամանակացոյց, որը հիմնականում համապատասխանեցրին Փետրուարին մարզի բոլոր տնտեսութիւններում անցկացուող ղեկավարների հաշուետու-ընտրական ժողովների ժամանակացոյցի հետ, կատարեցին նախաձեռնող խմբի անդամների ամրացումներ: Ձեռքների տակ ունէին Հռչակագրի տեքստը եւ Ադրբեջանի խտրական քաղաքականութեան մասին Ի. Մուրադեանի վերլուծականը: Որոշեցին առաջին հաւաքը կազմակերպել Նորագիւղում, նոյնն անել նաեւ միւս գիւղերում: Այդ օրը Ասկերանում էին նաեւ Իգոր Մորադեանը եւ Վաչէ Սարուխանեանը: Նրանց եւս հրաւիրեցին մասնակցելու Նորագիւղի գաղտնի ժողովին:
Փետրուարի 1ին մեկնեցին Նորագիւղ: Քննարկումն անցկացրին կոլվարչութեան կուսկազմակերպութեան քարտուղար Յակոբ Պետրոսեանի կաբինետում: Վերջինս ակտիւօրէն մասնակցեց ժողովի անցկացմանը: Ելոյթ ունեցան նաեւ Ի. Մուրադեանը եւ Վ. Սարուխանեանը:
Որոշման նախագծի եւ ժողովների անցկացման ժամանակացոյցի վերաբերեալ առարկութիւններ չեղան: Պայմանաւորուեցին կոլվարչութեան հաշուետու ժողովի սկզբին կամ վերջին առանձին ժողով գումարել, ընդունել որոշում, արձանագրութիւններ կազմել: Այդ նախաձենութիւնը Մարտունիում եւ Հադրութում տարածելու համար յանձն առաւ Ի. Մուրադեանը, իսկ Մարտակերտում եւ Ստեփանակերտում՝ Վ. Սարուխանեանը:
Քննարկումներն սկսուեցին Փետրուարի 4ից: Արդիւնքները շշմեցուցիչ էին: Համոզուելով, որ ոչ մէկը չի հետապնդւում, մարդիկ աւելի համարձակ դարձան: Որտեղ կոլվարչութեան նախագահը երկնչում էր, դէմ դուրս գալիս, չէր ընտրւում: Որոշ կոլտնտեսութիւնների ղեկավարներ փորձում էին, բայց հասկացան, որ ժողովրդի դէմ գնալ չեն կարող: Ժողովների արդիւնքները քննարկւում էին նաեւ դահլիճից դուրս: Շարժման մասին ցանկացած լուր ամենաշատը երեք օրուայ ընթացքում հասնում էր նոյնիսկ ամենահեռաւոր բնակավայրերը: «Այն կոլեկտիւները, որոնք մեր ուշադրութիւնից դուրս էին մնացել, իրենք էին պատուիրակներ ընտրում եւ ուղարկում, որ օգնենք, իրենց մօտ եւս ժողով անցկացնենք: Այսպէս, կարճ ժամանակում սկսուեց համընդհանուր զարթօնքը…», վերյիշում է Ս. Առուշանեանը:
Տարիների հեռուից կարծիքներ են հնչում, որ Շարժումը ղեկավարւում էր Կենտրոնից, որ այն ՊԱԿի վերահսկողութեան տակ էր, ի՞նչ կարծիքի է Ս. Առուշանեանը: Հարցին նա այսպէս պատասխանեց. «Հնարաւոր է, որ սկզբում այդպէս է եղել, բայց դա մեր շահերից է բխել: Մենք իրենց գծած ճանապարհով չենք գնացել: Գիշուց մեր Շարժումը նոր ուղղութիւն է վերցրել. ժողովուրդն արդէն ոտքի էր կանգնել»:
Ադրբեջանի Կենտկոմը որոշեց Շարժումը խեղդել իր բնում: Փետրուարի 12ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի ներկայացուցիչները եկան Ղարաբաղ, որպէսզի կուսակցական ակտիւի նիստեր գումարեն՝ կուսակցական կազմակերպութեան միջոցով կասեցնելու Շարժումը:
Այդ օրուայ մասին Սլաւիկ Առուշանեանը հետեւեալն է պատմում. Առաւօտեան եկել էր Ստեփանակերտ, մի շարք մարդկանց հետ բացատրական աշխատանք տարել, ասել, որ այդ ակտիւում վճռւում է Ղարաբաղի բախտը, որ հարկաւոր է ակտիւի ժամանակ հակահարուած տալ Բաքուի էմիսարներին: Եթէ նախօրօք չիմանային այդ մասին, չէին կարող արժանի հակահարուած տալ: Այդ տեղեկատուութիւնը նրան տուել էր Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորեանը, ով, Ս. Առուշանեանի վկայութեամբ, իրենց այդ հարցերում շատ է օգնել:
Ստեփանակերտի ակտիւը լաւ հակահարուած տուեց էմիսարներին: Վ. Գրիգորեանից իմանալով, որ յաջորդ հանրահաւաքը Ասկերանում պիտի լինի, Ս. Առուշանեանը շտապել էր այնտեղ՝ կազմակերպելու հանրահաւաքը: Այդտեղ առաջին անգամ նաեւ ցուցապաստառ են բարձրացրել «Կեցցէ՛ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորումը Մայր Հայաստանին» բովանդակութեամբ:
Նոյն օրը հանրահաւաքներ կազմակերպուեցին նաեւ միւս շրջաններում, որտեղ նոյնպէս ձախողուեցին Ադրբեջանի ներկայացուցիչների պլանները (ծրագիրները-Խմբ.):
Յաջորդ օրը՝ Փետրուարի 13ին ժամը 11ին, պէտք է կայանար կուսակցութեան մարզային եւ շրջանային կոմիտէների բիւրօների համատեղ նիստ: Շարժման ակտիւիստները որոշում են նոյն օրը, նոյն ժամին հանրահաւաք անցկացնել հրապարակում: Վերյիշում է Սլաւիկ Առուշանեանը։
«Եթէ այդ օրը, նոյն ժամին հանրահաւաք չանէինք, այլեւս ուշ կը լինէր, մեր ամբողջ արածը ջուրը կը թափուէր: Պէտք էր Ստեփանակերտի աշխատաւորական կոլեկտիւներին դուրս բերել հրապարակ: Տեղեկացւում են նաեւ սովխոզտեխնիկումի եւ մանկավարժական ինստիտուտի ուսանողները, որոնք էլ դարձան այդ օրը հրապարակ մուտք գործած առաջին ցուցարարները»:
Հաւաքուեցին հազարաւոր մարդիկ: Խորհրդային Ղարաբաղի պատմութեան մէջ առաջին անգամ էր այդքան մարդ հաւաքւում հրապարակում: Չեմ մանրամասնում ելոյթների բովանդակութիւնը: Այդ հանրահաւաքը վերջնականապէս տապալեց Շարժումը դատապարտող Կենտկոմի որոշումը:
Դրանից յետոյ Շարժման թափն այնքան հզօրացաւ, որ այլեւս առաջն առնել հնարաւոր չէր: Այն
վերջնականապէս դուրս եկաւ ընդյատակից: Համաժողովրդական պոռթկման ժայթքումը հասաւ իր բարձրակէտին…